HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրինապահ արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները կօգտվեն պարզեցված մաքսային ընթացակարգերից. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեություն (ԱՏԳ) իրականացնող անձանց՝ իրենց դիմումի հիման վրա, տրամադրում է օրինապահության հավաստագիր, որի նպատակն է խրախուսել բարեխիղճ և օրինապահ տնտեսվարողներին։ Հայտնում է ՊԵԿ մամուլի ծառայությունը։

«Օրինապահության հավաստագիր ստացած ԱՏԳ մասնակիցները օգտվում են մի շարք առավելություններից։ Մասնավորապես, նրանց համար կիրառվում են Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման պարզեցված ընթացակարգեր, ինչի շնորհիվ մաքսային ձևակերպումներն իրականացվում են առավել արագ և թափանցիկ։ Միաժամանակ, նվազում է վարչարարական բեռը, իսկ տնտեսվարողները ռիսկերի կառավարման համակարգում դասակարգվում են որպես ավելի ցածր ռիսկային։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս էականորեն կրճատել ֆիզիկական զննությունների և լրացուցիչ ստուգումների դեպքերը, ինչի արդյունքում տնտեսվարողները խնայում են թե՛ ժամանակ, թե՛ ֆինանսական միջոցներ։

Օրինապահության հավաստագիր կարող են ստանալ այն տնտեսվարողները, որոնք իրենց գործունեությունն իրականացնում են օրենսդրության պահանջներին համապատասխան և ապահովում են հարկային ու մաքսային պարտավորությունների պատշաճ կատարումը։ Հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան դիմում և բավարարել օրենսդրությամբ սահմանված չափանիշները, այդ թվում՝ ունենալ բարեխիղճ հարկային և մաքսային պատմություն, չունենալ էական խախտումներ և պատշաճ կատարել պետության նկատմամբ ստանձնած պարտավորությունները։ Ներկայացված դիմումը քննարկվում է սահմանված կարգով, և դրական եզրակացության դեպքում  տնտեսվարողին տրամադրվում է օրինապահության հավաստագիր։ Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող անձի օրինապահության հավաստագիրը տրամադրվում է ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 30-ի թիվ 797-Ն որոշմամբ սահմանված կարգով։  

Օրինապահ տնտեսվարողների նկատմամբ պարզեցված ընթացակարգերի կիրառումը, միաժամանակ, մաքսային մարմիններին հնարավորություն է տալիս ռեսուրսներն առավել նպատակային կենտրոնացնել բարձր ռիսկային բեռների վերահսկողության վրա՝ բարձրացնելով աշխատանքի արդյունավետությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter