Կասեցվել է «ԴԱՎՈ ՕԻԼ»-ի գազալցակայանի գործունեությունը. տեսչական մարմինը հերթական խախտումներն է արձանագրել
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը հերթական անգամ թերլիցքավորում է արձանագրել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանում, որը գտնվում է ք․ Երևան, Ռուբինյանց 41/1 հասցեում:
Տվյալ տնտեսավարողին պատկանող ավելի քան մեկ տասնյակ գազալցակայաններում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերվել են բազմաթիվ ու պարբերական բնույթ կրող խախտումներ։
Հայտնաբերված հիմնական խախտումներն են՝
Թերլիցքավորում (սպառողների խաբեություն), չստուգաչափված չափիչ միջոցների ապօրինի օգտագործում, կապարակնիքների կամայական հեռացում՝ տեսչական մարմնի կողմից խախտումների արձանագրումից հետո, արագ արձագանքման QR կոդերի բացակայություն։
Չնայած նախկինում կիրառված վարչական պատասխանատվության բազմաթիվ միջոցներին և տրված պարտադիր կատարման հանձնարարականներին՝ ընկերությունը շարունակել է անօրինական գործելաոճը։
Վերջին ստուգմամբ վերստին հաստատվել է, որ լցակայանը զբաղվում է հեղուկացված ածխաջրածնային գազի (ԼՀԳ) թերլիցքավորմամբ վաճառքով։ Հայտնաբերված թերությունների հիմքով գազալցակայանի գործունեությունն ամբողջությամբ կասեցվել է։
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը կրկին հորդորում և հորդորով դիմում է բոլոր սպառողներին՝ զերծ մնալ «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից օգտվելուց և լիցքավորում իրականացնելուց՝ սեփական իրավունքների պաշտպանության և նմանատիպ խաբեություններից խուսափելու համար։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել