HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նաիրա Զոհրաբյանը դեսպաններին բացատրում է իրենց առաքելությունը (վիդեո)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից սուր քննադատության ենթարկեց Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը: Պատճառը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում 2004թ. փետրվարի 19-ին ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարելն ու օրեր առաջ Հունգարիայի իշխանությունների կողմից մարդասպանին Ադրբեջանին հանձնելն էր, որտեղ ցմահ ազատազրկված Սաֆարովին Ադրբեջանի նախագահը ներում շնորհեց:

«Մենք բոլորս կարող ենք դատափետել Ադրբեջանին, այնքան դատափետեմ, որ բոլորդ զարմանաք, կարող եմ դատափետել Եվրամիության անդամ Հունգարիային, բայց դրա տեղը չէ: Հայտարարությունը կա եւ դրանում ամեն ինչ ասված է, բայց եթե մենք ազնիվ ենք, անկեղծ ենք եւ ուզում ենք, որ նման երեւույթները կանխվեն, եթե ուզում ենք ինչ-որ գործում իրական քայլեր ձեռնարկենք, պետք է մեր ներսը նայենք, ասենք, թե ինչ կարող էինք անել մենք, որ չարեցինք»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նշենք, որ այսօր Ազգային ժողովը արտահերթ նստաշրջան է հրավիրել, եւ Հունգարիայի ու Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ հատուկ հայտարարություն պետք է ընդունվի:

Նաիրա Զոհրաբյանին ապշեցրել է, երբ Ռամիլ Սաֆարովն արդեն 3 ժամ Բաքվի օդանավակայանում է եղել եւ նրան ներում է շնորհվել, իսկ Հունգարիայում Հայաստանի դեսպանատան ներկայացուցչի մամուլին պարզաբանել է, թե ինքը օրվա երկրորդ կեսին նամակ է ուղարկել Հունգարիայի արտգործնախարարություն եւ պատասխանի է սպասում, որպեսզի պարզի նման բան տեղի է ունեցել, թե ոչ, եւ, ընդհանրապես, Հունգարիայի իշխանությունների մոտ նման մտադրություն կա, թե ոչ, ինչը, պատգամավորի բնորոշմամբ, աբսուրդ է:

Նաիրա Զոհրաբյանը ցանկացավ հարց ուղղել ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին, արդյոք տեղյակ է, թե ինչով են զբաղված Եվրամիության անդամ երկրներում գտնվող մեր դեսպանները, սակայն արտգործնախարարը նիստերի դահլիճից դուրս էր եկել:

«Իմ տպավորությամբ, մեր որոշ դեսպաններ, դեսպանատան ներկայացուցիչներ խորապես սխալ են հասկանում Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունները, որ իրենք պարտավոր են պաշտպանել տվյալ երկրում: Նրանց թվում է, թե այդ գերակայությունը երկու միջոցառում է. ապրիլի 24-ին լացակումած տեսքով կանգնել ցեղասպանության որեւէ հուշակոթողի կողքը` սփյուռքի տվյալ համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ եւ սեպտեմբերի 21-ին անկախության ֆուրշետ անել: Մնացածի մասին էլ չխոսեմ, որ շատերը ամբողջ օրը զբաղված են օդանավակայան գալով-գնալով եւ Երեւանից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներին դիմավորելով»,-ասում է Նաիրա Զոհրաբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter