HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովն ընդունեց դատապարտող հայտարարությունը

Օրվա վերջին Ազգային ժողովը 96 կողմ եւ 1 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց 2004թ. փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ հայտարարությունը:

Միակ դեմ քվեարկողը «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն էր: Մինչեւ քվեարկությունը ընդդիմադիր պատգամավորը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու, քանի որ իր առաջարկությունները չեն ընդունվել: ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն կողմ են քվեարկել հայտարարությանը:

Ամփոփիչ ելույթում Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նախ իր գոհունակությունը հայտնեց պատգամավորներին, որ կարողացան միասնական եւ ակտիվ ջանքերով հասնել դատապարտող հայտարարության ընդունմանը: Նա ավելացրեց, որ Ազգայն ժողովի հայտարարության վերջնական տեսքը շատ քիչ է փոփոխության ենթարկվել:

Ըստ այդմ, Ազգային ժողովը հայտարարում է`

1. Հունգարիայի իշխանությունը նույնպես պատասխանատվություն է կրում կատարվածի համար, հետեւաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը դատապարտում է Հունգարիայի իշխանությունների դրսեւորած վարքագիծը եւ կասեցնում է  Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի հետ պաշտոնական հարաբերությունները.

2. Ադրբեջանը այս քայլով հերթական անգամ վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը եւ էլ ավելի է խորացնում իր սանձազերծած  հակահայկական թշնամանքի եւ ատելության մթնոլորտը, ոտնահարում է միջազգային իրավական փաստաթղթերով երաշխավորված մարդու իրավունքները,   կրկին ի ցույց է դնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացը վիժեցնելու եւ դրանում միջազգային հանրության, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած աշխատանքը ձախողելու իր հետեւողական քաղաքականությունը.

3. Ադրբեջանում պետական մակարդակով հայերի հանդեպ արմատավորված ատելության մթնոլորտը վերահաստատում է այն իրողությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որեւէ կարգավիճակով չի կարող լինել Ադրբեջանի կազմում.

4. Հորդորում է ժողովրդավարական արժեքներով առաջնորդվող բոլոր երկրների խորհրդարաններին դատապարտել Հունգարիայի եւ Ադրբեջանի միջեւ 2012 թվականի օգոստոսի 31-ին իրականացված գործարքը.

5. Ակնկալում է միջազգային խորհրդարանական կազմակերպությունների  համարժեք արձագանքը եւ համապատասխան հստակ գործողությունները:

Մեկնաբանություններ (3)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ԱԺ-ի այս հայտարարությունը ես գտնում եմ թույլ/միջին: Բայց այս և նմանատիպ դեկլարացիոն հայտարարությունները ՀՀ-ի և ԼՂՀ-ի ապագայի համար մեծ արժեք չունեն: ՀՀԿ-ի համար 31.08.2012-ից հետո ՇԱՏ դժվար է լինելու նույն ձևով ու նույն մշուշապատ պատճառաբանություններով հետաձգել ՀՀ-ի կողմից ԼՂՀ-ի ճանաչումը,որովհետև. 1)նույն ձևաչափով Ադրբեջանի հետ բանակցելը կամ ընդհանրապես բանակցելը արդեն ԱՆՑՅԱԼ ժամանակ է, 2)Իսկ եթե չկա ՆԱԽԿԻՆ ձևաչափով բանակցային պրոցես,ուրեմն ՉԿԱ նաև ԼՂՀ-ն չճանաչելու հիմք:........................................ ՀԳ. Ռուսաստանում քանի-քանի Հայ է սպանվել ռուս սափրագլուխների և նմանների կողմից` միայն ու միմիայն ազգային պատկանելիության համար: Հետաքրքիր է, ինչպիսին կլիներ չ/արձագանքը,եթե Հունգարիան էլ կլանած լիներ Հայաստանի ռազմա-ստրատեգիական օբյեկտները:
Vahagn
Զարուհին ոնց միջակ փաստաբան էր, չէի ասի՝ նույնքան էլ ՞պալիտիկ ա՞: Ուղղակի ոնց ա որ Ժառանգությունը չի տեսնում կամ չտեսնելու ա տալիս տիկին Փոստանջյանի ոչ պրոֆեսիոնալ պառլամենտար լինելը, մենակ խոմ բարձր ղժղժալով չի, ու ոչ էլ պոպուլիստական քայլեր անելով, առանց մտածելու մի երկու չէ, մի քանի մատատեղ բերանը բացում է այս կամ այն պետական կարևոր, սակայն իրա գալարներին ոչ հասու քաղաքական հարցերի վերաբերյալ: Ինչա նշանակում դեմ ա քվեարկել: Գոնե ինքը հասկանում է՝ ինչ ա անում, թե իրոք չի հասկանում: Արա, լավ է, մեկ ա՝ դիմություն, ոչ էլ ընդդիմությունը էս հարցում համարյա անկարող են մի կարևոր բան անելու, մենակ էս ժողովրդին թշնամու ռեխն են տալու, բազառ վակզալ սարքեն իրենք էլ թռնելու են իրանց սարքած բազառից:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Իսկ ինձ համար Զ.Փոստանջյանի ելույթն ամենալավն էր: Ես էլ, Զ.Փոստանջյանի պես, դեմ կքվեարկեի ԱԺ-ի այս հայտարարությանը: Այսպիսի մի հայտարարություն կարող էին նաև առանց ԱԺ-ի արտահերթ նիստ հրավիրելու անել: Հիմա թատրոն խաղալու ու երես փրկելու ժամանակ չէ.ԿՈՆԿՐԵՏ քայլեր/գործեր են պետք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter