HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Պատմամշակութային միջավայրը՝ Վեդի ու Խոսրով գետերի հովտում

Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից հյուսիս-արեւելք ընկած հատվածում, որտեղ Խոսրով վտակը միանում է Վեդի գետին, ձեւավորելով բնակության ու գյուղատնտեսության համար բարենպաստ միջավայր, դարեր շարունակ կյանքը եռացել է, ինչի ապացույցները տեսնում ենք նաեւ այսօր:

Ուրցաձոր գյուղի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների գերակշիռ մասը գտնվում է հենց այս տարածքում, որը պարփակված է լեռներով. արեւմուտքից Կոտուց լեռն է (բարձրությունը՝ 2062 մ), արեւելքից՝ Խոսրովասարը (1988 մ), իսկ հարավից՝ Տասանորդի կամ Դահնակի լեռները:

Վեդու եւ Խոսրովի միախառնման հովիտը, որն այսօր էլ գյուղատնտեսական գոտի է՝ որոշ շենք-շինություններով, բնակավայր է եղել դեռ վաղ միջնադարում. այստեղ են գտնվում 4-17-րդ դարերի Ուրծ քաղաքատեղիի ավերակները: Սրա արեւելյան մասում՝ Խոսրովասարի լանջին, պահպանվել են Ուրծի բերդի (4-13-րդ դդ.) մնացորդները: Բարձունքի վրա գտնվող բերդը բնակավայրի հանդեպ իշխող դիրք ունի:

Ուրծի բերդը (ձախ կողմում)՝ Խոսրովասարի լանջին 

Միայն այս քաղաքատեղիում պետության կողմից որպես հուշարձան հաշվառված է 2 եկեղեցական համալիր, որոնցից մեկը ներառում է 2 եկեղեցի ու գերեզմանոց, իսկ մյուսը՝ եկեղեցի, գավիթ, գերեզմանոց, խաչքարեր, տապանաքարեր: Այս հուշարձանները թվագրվում են 12-17-րդ դարերով: Դրանցից զատ՝ եւս մի եկեղեցի (5-6-րդ դդ.) կա Ուրծում, որը, սակայն, հիմնավեր է:

Տափի բերդը՝ Կոտուց լեռան ստորոտում

Այդուհանդերձ, թե՛ այս տարածքի, թե՛ ընդհանրապես Ուրցաձորի ամենահայտնի հուշարձանը, թերեւս, Տափի բերդն է, որը կառուցվել է 10-րդ դարում եւ գտնվում է Ուրծ քաղաքատեղիից հյուսիս-արեւմուտք՝ Խոսրով գետի աջ ափին՝ Կոտուց լեռան ստորոտում: Այս բերդից դիտարկվում է ամբողջ հովիտը, ինչը կարեւոր գործոն է պաշտպանական կառույցի համար: Ամրոցը հայտնի է նաեւ իբրեւ Գեւորգ Մարզպետունու բերդ:

Հովիտն ու Խոսրովասարը՝ Տափի բերդից

Սա քառանկյուն ամրոց է, որի անկյուններում տեղակայված են շրջանաձեւ աշտարակներ:

Տեսարան հարավարեւմտյան աշտարակից, աշտարակի մուտքը 

Հյուսիսարեւելյան աշտարակի մուտքը

Հյուսիսային պատն ու հյուսիսարեւմտյան աշտարակի մուտքը

Բերդի հարավային ու արեւելյան պատերին կից 10-13-րդ դարերում կառուցվել են բնակելի եւ տնտեսական թաղածածկ շինություններ:

Հարավային պատին կից բնակելի ու տնտեսական շինությունները

Ամրոցի կենտրոնում գտնվում է Ս. Գեւորգ եկեղեցին, որը կառուցվել է 13-րդ դարում, իսկ 15-րդ դարում եղել է գրչության կենտրոն ու վանք (որպես գրչօջախ այս եկեղեցին հիշատակվում է 1496 թ., այստեղ Բարսեղ գրչի ձեռքով գրվել է մի «Սաղմոսարան»): Եկեղեցու հյուսիսային պատին 1256 թ. փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է Տափ տեղանունը: Եկեղեցու տարածքում կա միջնադարյան 2 տապանաքար:

13-րդ դարի եկեղեցին 

13-14-րդ դարերում Տափի բերդը եղել է Օրբելյան իշխանների նստավայրերից մեկը:

Բերդն ու եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.:

Ուրծ քաղաքատեղիի եւ Տափի բերդի հարեւանությամբ է գտնվում Ղարաբաղլար գյուղատեղին, որն ապաբնակեցվել է 1959-1960 թթ. (սա, ըստ էության, Վերին Ղարաբաղլարն է, քանի որ 1873-ին հիմնադրված Ուրցաձորը սկզբնապես հայտնի էր որպես Ներքին Ղարաբաղլար, իսկ հետո՝ Չիմանքենդ, 1978-ից՝ Ուրցաձոր): Այստեղ իբրեւ հուշարձան հաշվառված է 2 եկեղեցի, որոնցից մեկի (5-6-րդ դդ.) միայն հիմքերն են պահպանվել, իսկ մյուսի (13-14-րդ դդ.)՝ արեւելյան, հյուսիսային ու հարավային պատերի որոշ մասեր:

Խոսրովասար

Խոսրովասարի զառիթափ լանջերին տարածված են գիհու նոսրանտառներն ու թփուտները. հայացք հեռադիտակով

2025-ի օգոստոսին Կառավարությունը Ուրցաձորի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում ավելացրել է եւս 5 հուշարձան՝ 4 խաչքար ու տեղացիների կողմից «Գյուղատեղ» կոչվող բնակատեղին: Վերջինս գտնվում է Վեդի եւ Խոսրով գետերի միախառնման վայրի հարեւանությամբ: Ըստ մասնագիտական գնահատականների՝ սա գործող բնակավայր է եղել մ.թ.ա. 3-րդ հազարամյակում, միջնադարում եւ 19-րդ դարում:

Մայրամուտը՝ Տասանորդի (Դահնակի) լեռներում 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter