HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Պարագվայի հավաքականը դուրս թողեց Գերմանիային Աշխարհի առաջնությունից

Աշխարհի 2026 թվականի առաջնության 1/16 եզրափակչում Պարագվայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4-3 հաշվով պարտության մատնեց Գերմանիայի ընտրանուն ու աշխարհի քառակի չեմպիոնին պայքարից դուրս թողեց։

Հանդիպման առաջին խաղակեսում Գերմանիայի հավաքականը տիրում էր գնդակին, սակայն միայն մեկ հարված կատարեց դարպասին: Պարագվայի հավաքականը հազվադեպ էր գրոհում, սակայն առաջին կեսի վերջնամասում բացեց հանդիպման հաշիվը. Խուլիո Էնսիսոն գլխի հարվածով գնդակն ուղարկեց Մանուել Նոյերի պաշտպանած դարպասը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում Էնսիսոն ևս մեկ գոլային պահ ունեցավ, սակայն այս անգամ Նոյերը հետ մղեց հարվածը: Քիչ անց Գերմանիան հավասարեցրեց հաշիվը. Ֆլորիան Վիրցի փոխանցումից հետո Կայ Հավերցը իր 3-րդ գոլը խփեց այս առաջնությունում: Հիմնական ժամանակի վերջնամասում Հավերցը գլխի հարվածով կարող էր նաև առաջ մղել իր թիմին, սակայն Պարագվայի դարպասապահ Օռլանդո Խիլը փրկեց իրավիճակը: Հանդիպումը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ՝ 1:1:

Լրացուցիչ ժամանակում Գերմանիայի հավաքականը կարողացավ գնդակն ուղարկել մրցակցի դարպասը. Նաթանիել Բրաունի փոխանցումից հետո գլխի հարվածով աչքի ընկավ Ջոնաթան Տան: Սակայն կրկնապատկերը դիտելուց հետո գլխավոր մրցավարը չեղարկեց գոլը՝ Պարագվայի դարպասապահի նկատմամբ կանոնների խախտման պատճառով:

Խաղի ելքը վճռվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում: 5-ական հարվածից հետո հաշիվը 3:3 էր։ Այնուհետև գերմանացի պաշտպան Ջոնաթան Տայի հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ, իսկ պարագվայցի Խոսե Կանալեն հստակ իրացրեց իր հարվածը՝ հաղթանակ պարգևելով իր թիմին:

Աշխարհի քառակի չեմպիոն Գերմանիայի հավաքականը լքում է Աշխարհի առաջնությունը, իսկ Պարագվայը հաջորդ փուլում կհանդիպի Ֆրանսիա - Շվեդիա զույգի հաղթողին:

Գլխավոր լուսանկարը՝ FIFA-ի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter