Նիդերլանդների հավաքականը լքեց պայքարը, իսկ Մարոկկոն գնում է 1/8 եզրափակիչ
Մարոկկոյի ֆուտբոլի ազգային հավաքականը դուրս եկավ Աշխարհի 2026 թ․ առաջնության 1/8 եզրափակիչ: Մեքսիկայի Մոնտերեյ քաղաքի «Էստադիո Մոնտերեյ» մարզադաշտում կայացած հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո մարոկկացիները հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 3:2 հաշվով առավելության հասան Նիդերլանդների ընտրանու նկատմամբ:
Հանդիպումը երկու թիմերն էլ ակտիվ սկսեցին։ Առաջին կեսում Մարոկկոյի հավաքականը երկու լուրջ հնարավորություն ունեցավ։ Նախ Նիդերլանդների դարպասապահ Բարտ Վերբրյուգենը հետ մղեց Նեիլ Էլ Այնաուիի գլխով հարվածը, ապա փրկեց թիմին Աշրաֆ Հակիմիի հեռահար հարվածից: Նիդերլանդների կազմում առաջին կեսի վերջնամասում վտանգավոր հարված կատարեց Միկի վան դե Վենը, սակայն Մարոկկոյի դարպասապահ Յասին Բունուն հեռացրեց գնդակը:
Երկրորդ խաղակեսի սկզբում Մարոկկոյի հավաքականը շարունակեց վտանգավոր պահեր ստեղծել: Այուբ Բուադիի հարվածն անհաջող ստացվեց, իսկ Բրահիմ Դիասի հարվածի ճանապարհը փակեցին պաշտպանները: Քիչ անց Հակիմիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: Չնայած Մարոկկոյի հավաքականն ավելի շատ էր լինում գնդակով, հաշիվը բացել չհաջողվեց:
Հանդիպման 71-րդ րոպեին Նիդերլանդների հավաքականը առաջ անցավ հաշվի մեջ. մրցակցի դարպասը գրավեց Կոդի Գակպոն: Մարոկկոն հիմնական ժամանակի վերջին րոպեներին մեծացրեց ճնշումը, և 91-րդ րոպեին Իսա Դիոպը գլխի հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը՝ 1:1: Լրացուցիչ ժամանակի առաջին կեսում Նիդերլանդների դարպասապահ Վերբրյուգենը կարողացավ մոտ տարածությունից հետ մղել Սուֆիան Ռահիմիի հարվածը: Լրացուցիչ ժամանակում այլ գոլեր չգրանցվեցին, հաղթողին որոշելու համար նշանակվեց 11-մետրանոց հարվածաշար, որտեղ ավելի դիպուկ էին մարոկկացիները՝ 3:2:
Նիդերլանդների հավաքականի համար պայքարն այս առաջնությունում ավարտվեց։ Մարոկկոյի ընտրանին հանդես կգա Աշխարհի առաջնության ⅛ եզրափակչում, որտեղ հուլիսի 4-ին՝ ժամը 21:00-ին, կհանդիպի Կանադայի ընտրանուն:
Գլխավոր լուսանկարը՝ FIFA-ի պաշտոնական կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել