Նորվեգիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթեց Կոտ դ'Իվուարին և դուրս եկավ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ
Ֆուտբոլի 2026 թվականի Աշխարհի առաջնության 1/16-րդ փուլում Նորվեգիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Կոտ դ'Իվուարի ընտրանուն՝ Աշխարհի առաջնության ⅛ եզրափակչի ուղեգիր նվաճելով:
Նորվեգացիներն ակտիվ սկսեցին հանդիպումը, և արդեն մեկնարկային րոպեներին Էրլինգ Հալանդը մի քանի վտանգավոր պահ ստեղծեց մրցակցի դարպասի մոտ: Խաղակեսի ընթացքում Կոտ դ'Իվուարի հավաքականը նույնպես պահեր ունեցավ:
Հանդիպման հաշիվը բացվեց առաջին կեսի վերջնամասում, երբ «Վիկինգների» կազմում անհատական վարպետությամբ աչքի ընկավ Անտոնիո Նուսան: Գոլից հետո ներվեգացիները կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը, սակայն Հալանդի հերթական հարվածը չեզոքացրին մրցակցի պաշտպանները։
Երկրորդ խաղակեսում երկու դարպասների մոտ էլ գոլային պահեր ստեղծվեցին. Տորբյորն Հեգեմի գլխով վտանգավոր հարվածից հետո Կոտ դ'Իվուարին վերահաս գոլից փրկեց փոխարինման դուրս եկած Ամադ Դիալոն՝ գնդակը հեռացնելով դարպասային գծից:
74-րդ րոպեին Դիալոն տպավորիչ հարվածով հավասարեցրեց հանդիպման հաշիվը: Խաղի վերջնամասում Նորվեգիայի հավաքականին հաջողվեց կրկին առաջ անցնել հաշվի մեջ. 86-րդ րոպեին Հալանդը մոտ տարածությունից գրավեց դարպասը՝ դառնալով հաղթական գոլի հեղինակ: Վերջին րոպեներին Կոտ դ'Իվուարի հավաքականը տուգանային հարվածի իրավունք վաստակեց, սակայն Ամադ Դիալոյի հարվածից հետո վստահ գործեց «Վիկինգների» դարպասապահ Նյուլանդը՝ պահպանելով Նորվեգիայի հաղթական հաշիվը:
Այս հաղթանակի շնորհիվ Նորվեգիայի հավաքականը 1/8 եզրափակչում ուժերը կչափի Կարլո Անչելոտիի գլխավորած Բրազիլիայի ընտրանու հետ: Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 6-ին՝ ժամը 00:00-ին։
Գլխավոր լուսանկարը՝ FIFA-ի պաշտոնական կայքից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել