Բուլղարիայում անցկացվել են հայ մշակույթի օրեր
Սեպտեմբերի 1-ից 5-ը Բուլղարիայում անցկացվեցին հայ մշակույթի օրեր, որոնց պաշտոնական բացման արարողությանը մասնակցեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և իր գլխավորած պատվիրակությունը:
Մշակույթի օրերի շրջանակում սեպտեմբերի 1-ին Պլովդիվ քաղաքի ամառային թատրոնում ելույթ ունեցան Հայաստանի ֆիհլարմոնիայի ժողովրդական գործիքների և «Բարեկամություն» պարարվեստի պետական համույթները:
Սոֆիայի կինոյի տանը սեպտեմբերի 2-ին ցուցադրվեց կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Ձայն բարբառոյ…» խաղարկային կինոնկարը:
Սեպտեմբերի 3-ին Սոֆիայի ազգային օպերային թատրոնում մեծ գալա համերգով իրենց արվեստը ցուցադրեցին հայ արվեստի գործիչները: Համերգին ներկա էին Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Բուլղարիայի մշակույթի փոխնախարար Միտկո Տոդորովը, Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Սհոյանը, բարձրաստիճան հյուրեր, դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:
Սեպտեմբերի 4-ն Սբ.Կիրիլ և Մեֆոդիի անվան ազգային գրադարանում բացվեց «Երևանը ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք և հայ գրատպության 500-ամյակը» խորագրով հայ հնատիպ գրքերի ցուցահանդեսը, որտեղ տեղի ունեցավ «Մարկո Կրալ» էպոսի հայերեն և Լևոն Շանթի «Կայսր» պատմական դրամայի բուլղարերեն հրատարակությունների շնորհանդեսը:
Միջոցառմանը ողջույնի խոսք ասաց Բուլղարիայի փոխնախագահ Մարգարիտա Պոպովան, ով նշեց հայ գրականության համար գրատպության գյուտի նշանակությունը և կարևորեց բուլղարական բազմաթիվ գրքերի և ամսագրերի հրատարակումը Կոստանդնուպոլսի հայկական տպարաններում: Ելույթներ ունեցան Հասմիկ Պողոսյանը, Միտկո Տոդորովը, Արսեն Սհոյանը, Հայաստանի և Բուլղարիայի ազգային գրադարանների տնօրեններ Բորյանա Խրիստովան և Տիգրան Զարգարյանը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել