HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Գագիկ Խաչատրյանի որդու և եղբորորդու վճարած 200 մլն դրամ գրավը պետականացվել է

Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ և Արամ Խաչատրյանների վերաբերյալ  քննվող քրեական գործով դատարանն այսօր՝ 2026թ. հուլիսի 2-ին բավարարել է դատախազի ներկայացրած միջնորդությունները և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Նրանց նկատմամբ կիրառված 200 մլն դրամ գրավը դարձել է պետության եկամուտ։ Այս մասին «Հետքին» տեղեկացրին Գլխավոր դատախազությունից։

Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ Խաչատրյանը, լինելով Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին, եղբոր՝ Գուրգեն Խաչատրյանի, հորեղբորորդու՝ Արամ Խաչատրյանի և Ալեքսանդր Եսայանի մասնակցությամբ հիմնադրել է «Այյունեթվորքս» ՍՊԸ-ն, որը հարկային և մաքսային մարմիններին ապրանքներ մատակարարելու և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ծառայություններ է մատուցել։ Ընկերության բաժնեմասերի մի մասը ձևակերպվել է նրանց ազգականի՝ Հայկ Խաչատրյանի անունով։

Մեղադրանքի համաձայն՝ 2008-2016 թվականներին Գագիկ Խաչատրյանը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, հանձնարարել է ՊԵԿ-ի և հետագայում Ֆինանսների նախարարության պաշտոնատար անձանց աջակցել «Այյունեթվորքս» ՍՊԸ-ին՝ գնումների գործընթացներում առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու, անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրելու, խոչընդոտները վերացնելու և ընկերության մասնակցությունն ապահովելու համար։ Քննության տվյալներով՝ այդ պայմանների շնորհիվ «Այյունեթվորքս» ՍՊԸ-ն 2008-2020թթ. ՊԵԿ-ի հետ կնքել է ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման պայմանագրեր՝ ընդհանուր 4 մլրդ 426 մլն դրամ արժեքով, որոնց շրջանակում ընկերությանը վճարվել է ավելի քան 4 մլրդ 88 մլն դրամ։

Ըստ մեղադրանքի՝ Արտյոմ, Գուրգեն և Արամ Խաչատրյանները, հիմնադրելով ընկերությունը և օգտվելով Գագիկ Խաչատրյանի ստեղծած ապօրինի բարենպաստ պայմաններից, օժանդակել են պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը։ Քննության վարկածով՝ դրա հետևանքով վնասվել է պետական մարմինների հեղինակությունը, խաթարվել են ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության բնականոն գործունեությունն ու պետական գնումների գործընթացը, ինչպես նաև խախտվել են մրցույթներին մասնակցող այլ կազմակերպությունների իրավունքներն ու օրինական շահերը։

Լուսանկարում՝ Արտյոմ Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter