«Քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը լուծված է». Նիկոլ Փաշինյան
Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը։ Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցին և նշել. «Այցը շատ կարևոր իրադարձությանն էր նվիրված, որովհետև ԵՄ հանձնաժողովը որոշում է կայացրել հայաստանյան մի շարք ապրանքների նկատմամբ ինքնավար առևտրային միջոցներ կիրառելու մասին։ Սա նշանակում է, որ որոշակի ապրանքախմբեր ԵՄ կարտահանվեն և կներկրվեն առանց մաքսատուրքի, այսինքն՝ ազատ առևտրի ռեժիմով»։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նախագահ ֆոն դեր Լայենի հայտարարությունների համաձայն՝ այս որոշումը կվերաբերի ընդհանուր առմամբ Հայաստանից պոտենցիալ արտահանումների շուրջ 80 տոկոսին, գյուղատնտեսական նշանակության ապրանքների 99 տոկոսին, գյուղատնտեսական արտադրանքի՝ պտուղ-բանջարեղենի 99 տոկոսին և ալկոհոլային ու ոչ ալկոհոլային խմիչքների շուրջ 90 տոկոսին։ Վարչապետն արձանագրել է, որ մինչև որոշման ամբողջական ուժի մեջ մտնելը որոշակի ժամանակ կպահանջի, որովհետև անդամ երկրներն այս ընթացքում պետք է որոշումներ կայացնեն, և Եվրոպական խորհրդարանը պետք է համապատասխան բանաձև ընդունի։ «Բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք այսօր էլ ունենք որոշում, որով արտահանման աջակցություն ենք ցուցաբերում մաքսավճարների հարցում․ նկատի ունեմ՝ իրական կյանքում այսօր էլ մենք մեր կողմից ենք այդ հնարավորությունը ստեղծել։ Իհարկե, այս որոշմամբ այն ավելի է ընդլայնվում։ Այս որոշումն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի այն պոտենցիալ հնարավորություններից, որոնք բացվում են, մենք կարողանանք օգտվել, որովհետև մեր մասնավոր հատվածը և բիզնեսը պետք է սովորեն, թե ինչպես օգտվել այդ մեխանիզմներից։ Մենք պետք է արձանագրենք, որ սա մեր արտահանողների մի զգալի, եթե ոչ մեծ մասի համար բոլորովին նոր ուղղություն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պայմանավորվել են նաև ԵՄ գործընկերների հետ մասնավոր հատվածի համար աջակցման համատեղ ծրագրեր իրականացնելու հարցում։
«Ես ուզում եմ, որ մենք գնահատենք այս իրադարձությունը, որովհետև սա շատ էական և շրջադարձային պահ է, որովհետև ԵՄ 450 միլիոնանոց շուկան, որը բարձր գնային սեգմենտի շուկա է, բայց նաև բարձր ստանդարտների շուկա է։ Մենք ուզում ենք, որ համաշխարհային շուկային հասանելիություն ունենանք։ Ի վերջո, լավ առիթ է, որ սննդի ստանդարտները, որոնք ունենք թղթի վրա, նաև իրական կյանքում իրականացնենք։ Նկատի ունեմ՝ ԵՄ-ն որոշումները կայացրել է, և այս ընթացքում աշխատելու են ԵՄ ինստիտուտները, բայց մենք էլ պետք է աշխատենք մասնավոր հատվածի հետ՝ նրանց իրազեկելով, թե ինչպես են մեխանիզմները աշխատում»,-ասել է երկրի ղեկավարը։
Վարչապետն ընդգծել է՝ քաղաքական մակարդակում արտահանման խնդիրը լուծված է, մնում է, որ պրակտիկ մակարդակում այն լուծել։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել