HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Իսպանիայի հավաքականը Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում է

Իսպանիայի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ավստրիայի ընտրանու նկատմամբ և նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր: 

Հանդիպման առաջին վտանգավոր հարվածը կատարեց Լամին Յամալը: Առաջին խաղակեսի միջնամասում Մարկ Կուկուրելյան անկյունայինից հետո գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը չեղարկեց գոլը՝ ավստրիացիների դարպասապահ Ալեքսանդր Շլագերի նկատմամբ կանոնների խախտում արձանագրելով:

Խաղակեսի ընթացքում իսպանացիների ճնշումն ավելացավ. դարպասապահ Շլագերը հետ մղեց նախ Յամալի, ապա Միկել Օյարսաբալի վտանգավոր հարվածները: 36-րդ րոպեին Կուկուրելյայի փոխանցումից հետո Օյարսաբալը բացեց հանդիպման հաշիվը: Առաջին կեսի վերջին րոպեներին էլ Ալեքս Բաենայի տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ինչից հետո լավ հնարավորություն ստացավ Յամալը, բայց չհաջողվեց կրկնապատկել թիմի առավելությունը:

Երկրորդ խաղակեսում ավստրիացիները շարունակեցին պաշտպանվել մեծ ճնշման ներքո: 66-րդ րոպեին Իսպանիան խփեց երկրորդ գոլը։ Բաենայի փոխանցումից հետո Պեդրո Պոռոն գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2:0՝ խփելով իր առաջին գոլը ազգային հավաքականի կազմում:

Այս գոլից հետո Իսպանիայի հավաքականն ամբողջությամբ վերահսկեց խաղի ընթացքը: Յամալը մոտ էր աչքի ընկնելուն, սակայն նրա հարվածից հետո Դավիդ Ալաբան գնդակը հեռացրեց դարպասային գծից: Հանդիպման վերջնամասում՝ 89-րդ րոպեին, Կուկուրելյայի հերթական փոխանցումից հետո Միկել Օյարսաբալը դուբլ ձևակերպեց՝ խփելով «Ֆուրիա Ռոխայի» 3-րդ գոլը:

Իսպանացիներն ընթացիկ առաջնությունում դեռևս ոչ մի գնդակ բաց չեն թողել:

Այսպիսով, Ավստրիայի հավաքականը լքեց առաջնությունը, իսկ Իսպանիան 1/8 եզրափակչում կմրցի Պորտուգալիա - Խորվաթիա զույգի հաղթողի հետ: Այս թիմերի հանդիպումը կմեկնարկի քիչ անց՝ 03:00-ին։

Գլխավոր լուսանկարը՝ FIFA-ի պաշտոնական կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter