Պորտուգալիայի հավաքականը դրամատիկ խաղում հաղթեց Խորվաթիային ու 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեց
Պորտուգալիայի ազգային հավաքականը Տորոնտոյում կայացած Աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչ հանդիպմանը 2:1 հաշվով հաղթեց Խորվաթիայի ընտրանուն:
Հանդիպման հենց մեկնարկում՝ 4-րդ րոպեին, խորվաթների դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը փրկեց իր թիմին՝ հետ մղելով Բրունու Ֆերնանդեշի վտանգավոր հարվածը:
Մեկնարկային 10 րոպեներին Պորտուգալիան մեծ ճնշում էր գործադրում:
Կրիշտիանու Ռոնալդուի տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ պատին, իսկ Ռենատու Վեյգան վրիպեց հարմար դիրքից:
Չնայած մինչև ընդմիջումը Պորտուգալիան ուներ նկատելի առավելություն և կատարել էր 7 հարված, առաջին խաղակեսն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Նունու Մենդեշի վտանգավոր անցումից հետո պորտուգալացիները մոտ էին հաշիվը բացելուն, սակայն քիչ անց խորվաթները հակագրոհեցին. Իվան Պերիշիչը գրավեց Դիոգու Կոշտայի պաշտպանած դարպասը՝ բացելով հանդիպման հաշիվը:
Գոլից հետո Խորվաթիան կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն պորտուգալացիների դարպասապահը հետ մղեց Պետար Սուչիչի հարվածը, իսկ հաջորդ դրվագում մրցավարները խաղից դուրս վիճակ արձանագրեցին:
Պորտուգալիայի կազմում Ռաֆայել Լեաուի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ Ռոնալդուի գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով:
64-րդ րոպեին Նիկոլա Վլաշիչը տուգանային հրապարակում կանոնները խախտեց Վեյգայի նկատմամբ, և նշանակված տասնմեկմետրանոցն անվրեպ իրացրեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ հավասարեցնելով հաշիվը:
Խորվաթները փորձեցին կորցրամը հետ բերել. Մատեո Կովաչիչի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ 80-րդ րոպեին Սուչիչի խփած գոլը չեղարկվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով:
Խաղավարտին մոտ հաշիվը փոխելու հիանալի հնարավորություն բաց թողեց խորվաթ Մարիո Պաշալիչը:
Մրցավարի կողմից ավելացված 10 րոպեների ընթացքում Պորտուգալիայի հավաքականին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ. Ռաֆայել Լեաուի փոխանցումից հետո Գոնսալու Ռամուշը գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2:1: Վերջին վայրկյաններին Խորվաթիայի պաշտպան Յոշկո Գվարդիոլը գնդակն ուղարկեց պորտուգալացիների դարպասը, սակայն մրցավարները կրկին խաղից դուրս վիճակ արձանագրեցին և չեղարկեցին գոլը:
Այս հաղթանակի շնորհիվ պորտուգալացիները դուրս եկան 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 6-ին Դալասում կմրցեն Իսպանիայի հավաքականի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել