Շվեյցարիայի հավաքականը հաղթեց Ալժիրին և դուրս եկավ Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ
Շվեյցարիայի ազգային հավաքականը 2:0 հաշվով առավելության հասավ Ալժիրի ընտրանու նկատմամբ: «Բի Սի Փլեյս» (BC Place) մարզադաշտում կայացած խաղում տոնած հաղթանակի շնորհիվ շվեյցարացիները նվաճեցին Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի ուղեգիր:
Ալժիրի հավաքականն ակտիվ սկսեց հանդիպումը: Մեկնարկում հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ունեցավ Հուսեմ Աուարը, սակայն տուգանային հրապարակից նրա հարվածը շեղ ընթացավ:
Շվեյցարիայի հավաքականը պատասխանեց խաղի 10-րդ րոպեին և հանդիպման իր առաջին իսկ հարվածով բացեց հաշիվը. 20-ամյա Ժոան Մանզամբիի փոխանցումից հետո Բրել Էմբոլոն մոտ տարածությունից գրավեց դարպասը՝ խփելով իր երկրորդ գոլն ընթացիկ մրցաշարում:
Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում երկու թիմերն էլ քիչ գոլային պահեր ստեղծեցին: Շվեյցարացիների կազմում Դենիս Զաքարիայի գլխով հարվածից հետո գնդակն անցավ հորիզոնական դարպասաձողի վրայով, իսկ հակառակ կողմում Ֆարես Շայիբիի հարվածից հետո հեշտությամբ գնդակին տիրեց շվեյցարացիների դարպասապահ Գրեգոր Կոբելը: Ընդմիջումից առաջ Ալժիրի կազմում վրիպեց նաև Իբրահիմ Մազան:
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկային րոպեին Շվեյցարիան կրկնապատկեց իր առավելությունը: Ալժիրի պաշտպանների անհաջող հեռացումից հետո Դան Նդոյեն մոտ 14 մետրից դիպուկ հարվածով գրավեց դարպասի ստորին անկյունը:
Այս գոլից հետո Շվեյցարիայի հավաքականը մրցակցին թույլ չտվեց լուրջ ճնշում գործադրել: Հանդիպման ավարտից 10 րոպե առաջ շվեյցարացիները կարող էին նաև երրորդ գնդակը խփել, սակայն փոխարինման դուրս եկած Ֆաբիան Ռիդերը հարմար դիրքից հարվածեց ուղիղ Ալժիրի դարպասապահ Լուկա Զիդանի վրա:
Այս հաղթանակի շնորհիվ Շվեյցարիայի հավաքականը Աշխարհի առաջնություններում տոնեց 3-րդ անընդմեջ հաղթանակը:
Շվեյցարացիները հուլիսի 8-ին` ժամը 00:00-ին, 1/8 եզրափակչում կմրցեն Կոլումբիա - Գանա զույգի հաղթողի հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել