Նոր ցավի սպասելիս․ Վահագն Աթաբեկյան
Բթանում է ցավը: Ձայնալարարերն ի վար
տաք բառեր են սահում՝ գոյացնելու երդում.
յոթնակապանք խորքում իմ
Հավքերը հիվանդ,
Թևաբախում են նոր ինքնախեղման երթում:
Դարձ՝ ի շրջանըս յուր: Ու ես՝ կըրկին շիվար,
և առավել մենակ՝ իմ օրերն եմ թերթում,
Լոկ զատվել է տենչում հոգին իմ դիվահար
Մարմնիցըս՝ կոփված Ուլիսների հերթում:
Ահա. մերկ ու խոնավ, ապա զարկված սրտից՝
Այս անոթն՝ այլևս բերնեբերան դատարկ,
Անզոր՝ տարբերելու երազյալը ստից
իր սին առասպելն է տանում աննպատակ
այլոց միջով, նրանց արտազատած ցրտի
ու կեղծիքի միջով, որպես դաժան կատակ
կտակելու նրանց, որ մատաղվեն պիտի
Նավզիկեի մերկ ու խոնավ ոտքերի տակ:
Ու չեմ տեսնում արդեն: Ցավի հետ բթացող
ինչ-որ թանձրություն է իջնում երկընքից ցած
պարուրելու այն, ինչ կա՝ ինձնից մնացորդ,
ինչ դեռ չեն վայելել՝ որպես գինի ու հաց –
և ինձ ծանոթ մի շողք՝ գրկում շուշան ու ցող
ձախ ուսի վրայով ինձ է դառնում հանկարծ՝
ու խնամքով սրբում իմ քունքերից հոսող
քո արյունը՝ այսքան անըմպելի կարծած:
Վահագն Աթաբեկյան
03.07.2026թ․
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել