Արգենտինայի հավաքականը լրացուցիչ ժամանակում դժվարին հաղթանակ տարավ Կաբո Վերդեի նկատմամբ ու դուրս եկավ հաջորդ փուլ
Արգենտինայի հավաքականը Ֆլորիդայում կայացած Աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում միայն լրացուցիչ ժամանակում կարողացավ հաղթել Կաբո Վերդեի ընտրանուն ու դժվարությամբ նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր։
Աշխարհի առաջնությունում իր նորամուտը նշող և արդեն մեծ իրարանցում առաջացրած Կաբո Վերդեի հավաքականը հանդիպումը վատ չսկսեց: Շուտով Արգենտինան տիրեց նախաձեռնությանը. Լիոնել Մեսիի առաջին հարվածը շեղ ընթացավ, իսկ տուգանային հարվածից հետո գնդակին տիրեց մրցակցի դարպասապահ, այս առաջնության բացահայտում Վոզինյան:
Հանդիպման 29-րդ րոպեին Մեսին բացեց հաշիվը. Լիսանդրո Մարտինեսի հեռահար փոխանցումից հետո նա գնդակն ուղարկեց դարպասի վերին անկյունը՝ խփելով իր 7-րդ գոլն այս մրցաշարում: Ընդմիջումից առաջ Էնցո Ֆերնանդեսը կարող էր կրկնապատկել հաշիվը, սակայն Վոզինյան հետ մղեց հարվածը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Կաբո Վերդեի հավաքականն ակտիվացավ: Դերոյ Դուարտեի հեռահար հարվածից հետո Էմիլիանո Մարտինեսը փրկեց իր թիմին: Քիչ անց՝ 59-րդ րոպեին, Կաբո Վերդեին հաջողվեց հավասարեցնել հաշիվը. Մենդեսի փոխանցումից հետո Դուարտեն սուր անկյունից դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց Մարտինեսի դարպասը:
Մեսին անմիջապես հաշվի մեջ Արգենտինային նորից առաջ մղելու հնարավորություն ստացավ, սակայն Վոզինյան մոտ տարածությունից հետ մղեց հարվածը, իսկ քիչ անց ավելի բարդ սեյվով կասեցրեց Մեսիի տուգանային հարվածը: Խաղավարտին մոտ Նահուել Մոլինայի վտանգավոր փոխանցումից հետո Պիկո Լոպեսը պատահաբար գնդակը գրեթե ուղարկեց սեփական դարպասը, սակայն այն անցավ դարպասաձողի կողքով: Հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:
Լրացուցիչ ժամանակի մեկնարկային րոպեներին անկյունայինի խաղարկումից հետո Արգենտինայի կազմում Լիսանդրո Մարտինեսը գրավեց մրցակցի դարպասի վերին անկյունը՝ հաշիվը դարձնելով 2:1: Սակայն Կաբո Վերդեի հավաքականը 10 րոպե անց կրկին հավասարեցրեց հաշիվը. Սիդնի Լոպես Կաբրալը սուր անկյունից տպավորիչ հարվածով գնդակն ուղարկեց հեռավոր անկյունը: Մեսիի պատասխան հարվածը հետ մղեց մրցակցի դարպասապահը:
Լրացուցիչ ժամանակի երկրորդ կեսում Արգենտինան երրորդ անգամ առաջ անցավ հաշվի մեջ: Մեսիի կատարած անկյունային փոխանցումից հետո պաշտպան Քրիստիան Ռոմերոն գլխի հարվածով, Դինեյ Բորժեսի թեթև անդրադարձով, գնդակն ուղարկեց դարպասը: Կաբո Վերդեի հավաքականը վերջին րոպեներին կարող էր հերթական անգամ փրկել խաղը, սակայն Լոպես Կաբրալի տուգանային հարվածից հետո Էմիլիանո Մարտինեսը հեռացրեց գնդակը:
Այսպիսով, Արգենտինայի հավաքականը դուրս եկավ 1/8 եզրափակիչ, որտեղ հուլիսի 7-ին կմրցի Եգիպտոսի ընտրանու հետ: Կաբո Վերդեի հավաքականը կրեց իր առաջին պարտությունը մրցաշարում և տպավորիչ խաղից հետո լքեց Աշխարհի առաջնությունը:
Գլխավոր լուսանկարը՝ Pablo Morano/BSR Agency
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել