HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Մհեր Մկրտչյանը՝ Էդուարդ Պողոսյանի հուշերում

«Երբ ես ծնվեցի, բոլորը ծիծաղում էին, իսկ ես՝ լացում, երբ մահանամ, բոլորը կլացեն, իսկ ես կծիծաղեմ»  (Մհեր Մկրտչյան)

1930 թ. հուլիսի 4-ին՝ Լենինականում, մշեցի Մուշեղի և վանեցի Սանամի համեստ ընտանիքում ծնվեց Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանը՝ թատրոնի և կինոյի դերասան, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ճանաչված ու սիրված ոչ միայն հայրենիքում, այլև նրա սահմաններից դուրս։ Ուրախ և տխուր մարդը, որի արտիստական փառքը չկարողացավ ստվերել անձնական ողբերգությունը։ Ով ապրեց՝ վայելելով հանդիսատեսի անսահման սերը և ներսում թաղելով ընտանեկան դժբախտության փշուրները։ Արտիստ, որի անբառ լռությունն անգամ բեմում ավելի տպավորիչ էր, քան ինքնին խաղը։ Այսօր նա կդառնար 96 տարեկան։

«Նա էդպես էլ մնաց, որպես մեծ երեխա։ Իր ժամանակին մեծանուն դերասան Վահրամ Փափազյանն ասել է գրեթե մարգարեական մի արտահայտություն՝ «Ինքն Աստծու շնորհով է, բայց աս մանչի կողքը միշտ մեկը պիտի ըլլա», ու այդ մեկը դարձա ես,-Գյումրիում հայտնի «բեմի լույսերի կախարդ» Էդուարդ Պողոսյանը ժպտում է,-շատ դեպքերում, ովքեր որ երբեք չէին տեսել Ալբերտին, մտածում էին, թե ես եմ Ֆրունզի ախպերը։ Մեր մեջ տարիքային տարբերություն կար, ինքը 10 տարի մեծ էր ընձնից, բայց ըդիկ չխանգարեց, օր մենք մինչև իրա կյանքի վերջը մնայինք անբաժան ընկերներ»։

88e4d0e9-feaf-4b6b-a0d9-cb2de7711777.jpg (51 KB)

Հիշողությունների անիվը պտտում ենք մինչև 1947 թվական։ Սեպտեմբերյան մի առավոտ, դերասան Ժան Էլոյանի ուղեկցությամբ, Լենինականի Մռավյանի անվան թատրոնում հայտնվեց 17-ամյա մի պատանի՝ նիհարավուն, անհրապույր դեմքով, որի վրա թերևս ամենաարտահայտիչը քիթն էր։ «Ես էդ ժամանակ 7 տարեկան էի։ Ֆրունզն օր եկավ թատրոն, սաղս կխնդայինք՝ էդ ի՜նչ գեշ էր, չեք պատկերացնե՝ անհնարին գեշ։ Խնդայինգը վրեն, բայց էդ վիճակը երկար չտևեց, կարող եմ ասել՝ մինչև սկսեց ներկայացումներում հերոսների դերեր խաղալ։ Դրանից հետո բոլորս ուղղակի սիրահարվեցինք իրան։ Ես հիշում եմ իր առաջին դերը «Կախարդական կարասը» մանկական ներկայացման մեջ, հետո էլի շատ ներկայացումներ եղան, բայց տրիումֆն եղավ Գորկու «Թշնամիներ» ներկայացումից հետո»։

1950 թ. ռեժիսոր Ալեքսանդր Աբարյանը բեմ է հանում Մաքսիմ Գորկու «Թշնամիներ» պիեսը, որտեղ Մհեր Մկրտչյանին է վստահում Կոնի դերը։ 20-ամյա պատանին պիտի մարմնավորեր 80-ամյա զառամյալ ծերունու, խնդիր, որը Ֆրունզիկն իրականացնում է փայլուն կերպով։ Մկրտչյանի Կոնը դարձավ նրա բեմական ամենաիսկական կյանքի սկիզբը։   

«Դրանից հետո Վաղարշ Վաղարշյանը Ֆրունզին տարավ ու միանգամից նստցրեց երկրորդ կուրս՝ իր կուրսը։ Գնալուց առաջ ինքը մեր մոտ «Եզովպոս» ներկայացման մեջ խաղաց, իսկ Երևանում իրեն միանգամից ընդունեցին Սունդուկյանի թատրոն,-հիշում է զրուցակիցս,-1953թ., մի ներկայացման մեջ, որտեղ խաղում էր Վաղարշ Վաղարշյանը, առաջարկ է լինում որպես փոխարինող վերցնել Ֆրունզին։ Մեծանուն դերասանի դերը վստահում են 23-ամյա պատանուն։ Ներկայացումը շատ մեծ ընդունելություն է գտնում: Երբ վարագույրը փակվում է, դերասանները սկսում են շնորհավորել, կուլիսներ է մտնում Վաղարշյանը, ասում է՝ արի, տղա ջան, ոչինչ չունեմ ասելու, բայց մի բան հաստատ իմացի՝ քեզանից հետո էս դերը ես էլ չեմ խաղա»։

Լուսանկարները «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի նկարահանումից

Մհեր Մկրտչյանի ճանաչելիությունն ու դերասանական փառքն աճեց հատկապես ֆիլմերում նկարահանվելուց հետո, ոչ միայն Հայաստանում, այլև՝ երկրից դուրս։ «Իրա տաքսի նստելը մեկ այլ պատմություն էր, հեչ մե տաքսիստըմ փող չէր վերցնե, հակառակը, կնայեին, թե ձեռքի տակ ինչ ունին՝ թուղթ, փող, կուդային, որ վրեն Ֆրունզը ստորագրեր։ Ես մի դեպք պատմեմ, որ կապված է մեր Ադլեր թռնելու հետ։ Ուրեմն էդ ժամանակ Իջևանի Խաշթառակ գյուղում «Մենք ենք, մեր սարերը» կնկարվեր, ընձի զանգեց, թե՝ ապեր, արի հետևիցս։ Գնացի, սարերում գտա, նստեց ավտոն, ասաց՝ քշի աէրոպորտ։ Պարզվեց՝ մոտը 1000 ռուբլի փող կա, ասաց՝  ուզում եմ գնանք ֆռանք գանք, բայց ո՞ւր կոնկրետ, բան չասաց։ Հասանք, մտանք աէրոպորտի բուֆետ, որ մի-մի բաժակ խմենք, հետո Ֆրունզը բուֆետչիկին հարցրեց, թե մոտակա ինչ թռիչք կա, բա թե՝ հենց հիմի Սոչի ռեյս կա, մեկ ժամից էլ ՝ Մոսկվա։ Թափով ելավ տեղից, թե՝ գնացինք։ Մոտեցանք լյոտչիկներին, հենց իմացան, որ Ֆրունզն ուզում է Սոչի թռնի, մեզ չթողեցին տոմս առնինք։ Նստցրել են լյոտչիկների կաբինան, էդպես թռել ենք։ Իջել ենք Ադլեր, էնտեղի աէրոպորտում Երևանից հայերի մի խումբ կար, պարզվե՝ եկել էին մեկ շաբաթով հանգստանալու։ Տեսան մեզ ու էլ բաց չթողեցին, տարան իրանց հետ, տեղավորեցին լավագույն համարում։ Ինչ գլուխդ ցավեցնեմ, մի շաբաթ հետո հետ ենք եկել Երևան, էդ 1000 ռուբլին Ֆրունզի ջեբն է եղել՝ չթողեցին մի կոպեկ ծախսեինք»,-հիշում է Էդուարդը:

«Երբ որ ինքը ԽՍՀՄ արտիստի կոչում ստացավ, մենք իրար հետ Կիրովական (Վանաձոր) ռեստորանը նստած էինք։ Հերթապահը իջավ մեզ մոտ, ասաց՝ ընկեր Մկրտչյան, ձեզ կանչում են հեռախոսի մոտ, ասին՝ Կենտկոմից է։ Ֆրունզը մտածեց կատակ են անում, իր տեղը ես բարձրացա, պարզվեց՝ չէ, լուրջ է, հայտնեցին, որ վաղը ժամը 10-ին լինի տանը, առաջին քարտուղարը՝ Կարեն Դեմիրճյանը պիտի զանգե։ Գիշերով գնացինք Երևան, առավոտը ֆրունզը լողացավ, սափրվեց , սմոկինգ ուներ, որ Ամերիկայից էր բերել, հագավ, ասի՝ Ֆրունզ, քեզի բդի զանգեն, ոչ բդի տեսնին, ոչ բան, էդ զանգից հետո էլ բդի էրթանք Լեննագան ներկայացում ունիս, էս սմոկինգն ինչի՞ հագար։ Ըսեց՝ չէ, Էդ ջան, առաջին քարտուղարը բդի զանգե։ Ուղիղ ժամը 16-ին զանգեցին, Ֆրունզը տեղից կանգնավ, վերցրեց հեռախոսը՝ «Այո՛...պաուզա, այո՛...նորից պաուզա՝ շնորհակալություն...», կախեց հեռախոսը, փաթաթվեցինք իրար, ես էլ շատ հուզված, ինքը ականջիս ասաց՝ ապեր, ես կդառնամ դերասան։ Էդ իրա հուզմունքախառը հումորը ես չեմ մոռանա,-ասում է Էդուարդ Պողոսյանը,-հետո շորերը փոխեց, նստեցինք ավտո, որ գնանք Լեննագան։ Ճանապարհը թատերական ինստիտուտի դռնով կանցներ, օր բդի թեքվեի, գոռաց, թե՝  կանգնի, կանգնի։ Հլը ես էլ զարմացա մտքիս մեջ, թե բդի մտնի ասի՝  կոչում եմ ստացե՞լ, ախր ինքն էդ մարդը չէ։ Ըսեցի՝ Ֆրունզ, չարժե, ըշտը կիմանան էլի, որ կոչում ես ստացել, ըսեց՝ տո ըդուր համար չէ, մտնիմ դիպլոմս վերցնեմ։ Բայց էդպես էլ չմտանք, իրա դիպլոմը մինչև հիմի էլ ինստիտուտում է։ Ինչքան գիտեմ՝ Գյումրու թանգարանի տնօրենը գնացել էր, որ բերեր, բայց վայթեմ չէին տվել»։

Մհեր Մկրտչյանը Էդուարդին կատակով կոչում էր Ձերժինսկի (Ֆելիքս Ձերժինսկի, բոլշևիկ հեղափոխական, 1917-26թթ. գլխավորել է ՉԵԿԱ և ՆԿԳԲ պետանվտանգության կառույցները)։ «Ես իր պահապան հրեշտակն էի,-ծիծաղում է զրուցակիցս,-ինքը շատ կեղներ մարդկանց մեջ, շատերը գուզեին մի բաժակ բան խմել։ Տեսեք, Խորիկը Աբրահամյան կսիրեր ռեստորաններում բանկետնի նստել, չէր սիրե, օր իրան կմոտենան, իսկ Ֆրունզը սրահի մեջ կնստեր՝ ինքը կսիրեր մարդկանցով շրջապատված լինել, բայց դե մեկն էլ պետք էր երևի, որ էդ ամենը մի քիչ կարգավորեր,  ու էդ մեկը ես էի»։

Մհեր Մկրտչյանը ոչ միայն տաղանդավոր դերասան էր, այլև շնորհալի նկարիչ։ Նրա գծանկարների մի մասը ցուցադրվում են Գյումրու Մհեր Մկրտչյան թանգարանում։ Այնտեղ է գտնվում նաև Էդուարդ Պողոսյանի մատիտով արած դիմանկարը։ «Ինքը տեսնել գիտեր, լսել գիտեր...ինձ նկարել է 5 րոպեում։ Էդ օրը Լեննագան խաշ ուտելու բդի էրթայինք։ Առավոտը 9-ին Կոլի Միշան բդի գար հետևներիցս, մենք էլ Լենինականի հյուրանոցում կսպասենք։ Հլը հինգ րոպե կար, դառավ ընձի, թե՝ ապեր, ես քեզի հեչ չե՞մ նկարել, ըսի՝ չէ։ Թուղթ ու մատիտ վերցրեց, սեղանի վրա կար, ու սկսեց արագ գծել, բայց կիսատ մնաց, որովհետև զանգին։ Իջանք, գնացինք, խաշը կերանք, հետ եկանք, նկարիչներ Ռաֆիկ Աթոյանն ու Զուլումն էլ հետներս։ Վերցրել նկարս կնայեին՝ ապշած էին»։

d96f4b38-fad5-436d-ac65-c2c08edab209.jpg (82 KB)

Էդուրադ Պողոսյանի դիմանկարը

Էդուարդ Պողոսյանը խոստովանում է, որ Ֆրունզի հետ սիրողական ֆոտոապարատով արած մի լուսանկար ունեին, որ կտրել-փոքրացրել, պահում էր անձնագրի մեջ։ Ու այդ նկարն ավելի ազդեցիկ էր՝ ճանապարհներ բացող, քան սեփական անձնագիրն ու վարորդական իրավունքը։

Լուսանկարները տրամադրել է Գյումրու Մհեր Մկրտչյան թանգարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter