Մարոկկոյի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Կանադային և դուրս եկավ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ
Մարոկկոյի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում 3:0 հաշվով առավելության հասավ Կանադայի ընտրանու նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ մարոկկացիներն առաջինը նվաճեցին քառորդ եզրափակչի ուղեգիր:
Կանադայի հավաքականըավելի ակտիվ սկսեց հանդիպումը: Մեկնարկային 15 րոպեների ընթացքում հաշիվը բացելու հիանալի հնարավորություն ստացավ Թանի Օլուվասեյին, սակայն նրա հարվածից հետո Մարոկկոյի դարպասապահ Յասին Բունուն հետ մղեց գնդակը: Առաջին խաղակեսի ընթացքում գոլային պահերը քիչ էին, բայց ավելի նախաձեռնող էին կանադացիները: Մարոկկոյի հավաքականն առաջին կեսում պասիվ էր հարձակման գծում, և նրանց միակ հարվածը Սուֆիան Ռահիմիի հեռահար հարվածն էր, որին հեշտությամբ տիրեց դարպասապահ Մաքսիմ Կրեպոն:
Ընդմիջումից հետո մարոկկացիները կտրուկ փոխեցին խաղի ընթացքը և երկրորդ կեսի մեկնարկից հինգ րոպե անց բացեցին հաշիվը: Տուգանային հարվածի խաղարկման արդյունքում Աշրաֆ Հակիմիի փոխանցումից հետո Ազեդին Ունահին գնդակն ուղարկեց դարպասը:
Երկրորդ խաղակեսի միջնամասում Կանադայի հավաքականը փորձեց վերականգնել հաշվի հավասարակշռությունը: Կանադացիների ակտիվ գրոհների արդյունքում Մարոկկոն հակագրոհի հնարավորություն ստացավ և խփեց երկրորդ գոլը: Բրահիմ Դիասի փոխանցումից հետո Ունահին հզոր հարվածով գրավեց դարպասի վերին անկյունը՝ դուբլ գրանցելով: Հանդիպման վերջին վայրկյաններին Սուֆիան Ռահիմին խփեց նաև Մարոկկոյի երրորդ գնդակը՝ 3:0:
Մարոկկոյի հավաքականը քառորդ եզրափակչում հուլիսի 10-ին կհանդիպի Պարագվայ - Ֆրանսիա խաղի հաղթողին: Այս թիմերի հանդիպումը տեղի կունենա քիչ անց՝ հուլիսի 5-ին` ժամը 01:00-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել