Անգլիայի հավաքականը դրամատիկ պայքարում հաղթեց Մեքսիկային և դուրս եկավ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ
Անգլիայի ազգային հավաքականը Մեխիկոյի «Ացտեկա» մարզադաշտում կայացած Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ խաղում 3:2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ Մեքսիկայի ընտրանու նկատմամբ: Այս հաղթանակի շնորհիվ անգլիացիներն իրենց անպարտելի խաղերի շարքը հասցրին 7-ի և նվաճեցին քառորդ եզրափակչի ուղեգիր:
Վատ եղանակի պատճառով մեկ ժամ ուշացումով մեկնարկած հանդիպման առաջին 15 րոպեներն անցան լարված պայքարում: Մեքսիկացիները մոտ էին հաշիվը բացելուն, սակայն Ռաուլ Խիմենեսի՝ մոտ տարածությունից կատարած վտանգավոր հարվածը մեծ դժվարությամբ հետ մղեց Անգլիայի դարպասապահ Ջորդան Փիքֆորդը: Առաջին կեսի միջնամասում անգլիացիների առաջին գոլային հնարավորությունն ունեցավ Էնթոնի Գորդոնը, սակայն նրա հարվածից հետո գնդակին վստահորեն տիրեց մեքսիկացիների դարպասապահ Ռաուլ Ռանխելը:
Հանդիպման 36-րդ րոպեին Անգլիայի հավաքականին հաջողվեց բացել հաշիվը. Բուկայո Սակայի կատարած փոխանցումից հետո Ջուդ Բելինգեմը գլխի դիպուկ հարվածով գնդակն ուղարկեց մրցակցի դարպասը: Ընդամենը երկու րոպե անց Բելինգեմը դուբլ ձևակերպեց՝ Հարի Քեյնի փոխանցումից հետո խփելով իր չորրորդ գոլն այս առաջնությունում:
Առաջին խաղակեսի վերջնամասում Մեքսիկայի հավաքականը կրճատեց հաշվի տարբերությունը. Խուլիան Կինյոնեսի հարվածից հետո գնդակը հայտնվեց Փիքֆորդի պաշտպանած դարպասում: Մինչև ընդմիջում մեքսիկացիները կարող էին նաև հավասարեցնել հաշիվը, սակայն Փիքֆորդը հերթական տպավորիչ սեյվով կասեցրեց Խիմենեսի գլխով հարվածը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Թոմաս Տուխելի գլխավորած թիմից Նիկո Օ'Ռայլիի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին: 54-րդ րոպեից Անգլիայի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստներով. VAR համակարգի կրկնապատկերը դիտելուց հետո մրցավարը կոպիտ խաղի համար ուղիղ կարմիր քարտով դաշտից հեռացրեց Ջարել Քուանսային: Չնայած դրան՝ հանդիպման 60-րդ րոպեին անգլիացիները վերականգնեցին երկու գոլի առավելությունը։ Տուգանային հրապարակում դարպասապահ Ռանխելի կողմից կանոնների խախտման համար նշանակված տասնմեկմետրանոցն անվրեպ իրացրեց Հարի Քեյնը:
Երկրորդ խաղակեսի միջնամասում VAR համակարգի հերթական միջամտությունից հետո տասնմեկմետրանոց հարված նշանակվեց արդեն Անգլիայի դարպասին՝ Քեյնի խախտման համար: Մեքսիկացի հարձակվող Ռաուլ Խիմենեսը ճշգրիտ իրացրեց հարվածը՝ հաշիվը դարձնելով 3:2: Խաղավարտին Մեքսիկայի հավաքականը մեծ ուժերով գրոհեց, սակայն Անգլիայի պաշտպանությանը հաջողվեց պահպանել հաղթական հաշիվը:
Անգլիայի հավաքականը շաբաթ օրը Մայամիի մարզադաշտում կայանալիք քառորդ եզրափակչում կմրցի Նորվեգիայի ընտրանու հետ, որը ժամեր առաջ հաղթել էր Բրազիլիայի ընտրանուն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել