HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորներն ամիսներով աշխատում են առանց օգնականի և գործավարի․ պատճառը ցածր աշխատավարձն է

Դատավորների օգնականների և գործավարների տասնյակ հաստիքներ ամիսներով մնում են թափուր։ Դատական դեպարտամենտն այս իրավիճակի հիմնական պատճառը համարում է ոչ մրցունակ աշխատավարձն ու ցածր սոցիալական երաշխիքները։ Մինչդեռ դատավորների վրա ավելացող ծանրաբեռնվածությունը կարող է անդրադառնալ նաև գործերի քննության արդյունավետության և ժամկետների վրա։

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Կիմա Արզումանյանի աշխատակազմի գործավարի թափուր հաստիքը 9 ամիս՝ 2025թ. սեպտեմբերի 15-ից չի համալրվել: Նույն տարվա նոյեմբերից թափուր է նաև դատավոր Արման Օհանյանի գործավարի հաստիքը: 2026թ.  մարտից թափուր է նույն դատարանի դատավոր Նելլի Հարությունյանի գործավարի, իսկ մայիսից՝ օգնականի հաստիքները և այլն:

Դատավորի օգնականի կամ գործավարի 28 թափուր հաստիք կա (2026թ. հունիսի 16-ի դրությամբ), սակայն այդ թիվն ամեն օր կարող է փոփոխվել: Դատավորների աշխատակազմերում կադրային շարժեր գրեթե ամեն օր են լինում։

Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Արշակ Վարդապետյանի փոխանցմամբ՝ վերլուծել են և պարզել, որ դատավորների աշխատակազմերի հոսունությունը գերծանրաբեռնված աշխատանքի պայմաններում անհամաչափ ցածր, ոչ մրցունակ վարձատրության և ցածր սոցիալական երաշխիքների հետևանք է:

Դատավորներ.jpg (379 KB)

Դեպարտամենտի լրատվական բաժնի միջոցով փորձեցինք պարզաբանումներ ստանալ աշխատակազմերում թափուր հաստիքներ ունեցող դատավորներից: Հասկանալ, թե նրանք ինչպես են աշխատում թերի աշխատակազմերում։ Սակայն դատավորները նախընտրում են չբարձրաձայնել։ Տարբեր պատճառաբանություններով մերժում են պարզաբանումներ տալ, մեկը արձակուրդում է, մյուսը՝ խիստ ծանրաբեռնված է և այլն:

Վարչական վերաքննիչ դատարանի նախագահ Ռուստամ Մախմուդյանը դեռևս 2026թ. մարտին «Հետքին» տված հարցազրույցում նշել էր, որ իր ղեկավարած դատարանի դատավորների աշխատասենյակների լույսերը անջատվում են կեսգիշերին։ Օրենքով աշխատանքային ժամն ավարտվում է 18:00-ին, սակայն դատավորները մնում են աշխատավայրում, որպեսզի հասցնեն դատական ակտ գրել։

Ռ. Մախմուդյանը ևս շեշտել էր կադրերի հոսքի մասին։

«Աշխատավարձերը պարզապես աննկարագրելի ցածր են։ Չես կարող 115-120 հազ. դրամ ստացող դատական ծառայողից ակնկալել չափից շատ որակ կամ այնպիսի ջանասիրություն, սրտացավություն, որ մնա մինչև երեկոյան ժամը 10-11-ը ու աշխատի։ Այս բոլոր մոտիվացնող ու չմոտիվացնող հանգամանքների հանրագումարով ենք ունենում այն, ինչ ունենք»,- ասել է դատարանի նախագահը՝ անդրադառնալով նաև դատարանների ծանրաբեռնվածությանը։

Դատական դեպարտամենտի փոխանցմամբ՝ դատավորի օգնականի հիմնական ամսական աշխատավարձը կազմում է 322.816 դրամ, որից հարկերը և այլ պարտադիր վճարները պահելուց հետո վճարվում է 236.312 դրամ: Իսկ դատավորի գործավարի աշխատավարձը կազմում է 139.776 դրամ, հարկերն ու պարտադիր վճարները պահելուց հետո՝ 99.032 դրամ: Դատավորի օգնականը և գործավարը ստանում են նաև հիմնական աշխատավարձի շուրջ 10%-ի չափով հատուկ վճար:

Այս աշխատավարձը մրցունակ չէ։ Այդ է պատճառը, որ կադրերը տեղափոխվում են մասնավոր հատված, որտեղ վարձատրությունն ավելի բարձր է։

Առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի յուրաքանչյուր դատավոր ունի օգնական և գործավար, իսկ Վճռաբեկ դատարանի պալատի դատավորն ունի օգնականներ: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանի նախագահն ունի 3 օգնական, իսկ մյուս դատավորները՝ 2-ական օգնական:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական և քրեական դատարանի նախագահներն ունեն 2-ական օգնական և մեկ գործավար:

Դատավորի օգնականին պաշտոնի նշանակում է Դատական դեպարտամենտի ղեկավարը՝ դատավորի առաջարկությամբ, իսկ գործավարը նշանակվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի կարգավորումներով:

Դատավորի օգնականն ու գործավարը դատական աշխատանքի առանցքային օղակներն են։ Նրանք նախապատրաստում են գործերը, ապահովում փաստաթղթաշրջանառությունը, կազմակերպում դատական նիստերը և կատարում բազմաթիվ այլ ընթացակարգային գործողություններ։ Երբ այդ հաստիքները երկար ժամանակ թափուր են մնում, աշխատանքի զգալի մասը տեղափոխվում է դատավորի վրա, ինչն ավելի է մեծացնում առանց այդ էլ բարձր ծանրաբեռնվածությունը։

Դատավորների օգնականների և գործավարների աշխատավարձերը մասնագետների գնահատմամբ մրցունակ չեն։ Փորձառու աշխատակիցները հաճախ հեռանում են համակարգից կամ չեն հետաքրքրվում այդ պաշտոններով, իսկ թափուր հաստիքների համալրումը երկար ժամանակ չի հաջողվում։

Այս իրավիճակը կարող է անդրադառնալ նաև գործերի քննության ժամկետների վրա։ Երբ դատավորը երկար ժամանակ աշխատում է առանց անհրաժեշտ աշխատակազմի, դանդաղում են գործերի նախապատրաստման և քննության ընթացակարգերը, ուշանում են դատական ակտերի պատրաստումը, կողմերին տրամադրելն ու այլ գործընթացները։ Հաշվի առնելով դատարանների առանց այդ էլ բարձր ծանրաբեռնվածությունը, մի քանի ամիս չլրացվող թափուր հաստիքները կարող են ազդեցություն ունենալ ոչ միայն առանձին դատավորների աշխատանքի, այլև դատական համակարգի ընդհանուր արդյունավետության և գործերի քննության ողջամիտ ժամկետների ապահովման վրա։

Ինֆոգրաֆիկաները՝ Նարե Պետրոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter