
Հայ սպան իր ողբերգական մահով համախմբեց մեր ժողովրդին. հոգեբան
Հոգեբան Կարինե Նալչաջյանի կարծիքով՝ Սաֆարովի հերոսացումը Ադրբեջանում իրականում ավելի շատ բացասական ազդեցություն է թողնում այդ երկրի հասարակության վրա և, ընդհակառակը, դրական՝ մեզ վրա: Ըստ Նալչաջյանի՝ որևէ ազգի մասին պատկերացում կազմելու համար պետք է ուսումնասիրել նրա ազգային խորհրդանիշերը և հպարտության առարկաները: Ադրբեջանում ազգային հերոսների փետուրներով են զարդարել բութ մարդասպանին, և դա նոր երևույթ չէ, այլ խոսում է ազգի հոգեկերտվածքի մասին, որն ընդհանրապես բնորոշ է թուրքին:
Ադրբեջանում հայերի նկատմամբ կենդանական ատելության կայուն միտում է նկատվում: Մարդասպանին հերոսացնելը վկայում է ընդհանուր առմամբ ադրբեջանական հասարակության մեջ բարոյական տհասության բարձրացման մասին: Իսկ դա հայ հանրույթի վրա դրական ազդեցություն է թողնում. ցավի զգացումը համախմբում է մարդկանց, բարձրացնում «մենքի» զգացողությունը:
Ակնհայտ է, որ ադրբեջանական հանրույթը գերագրեսիվ է տրամադրված հայերի նկատմամբ, բայց դա ավելի շատ հուսահատ ագրեսիվություն է և ռեալ պատերազմական գործողությունների ժամանակ չի կարող վերածվել ուժի: Իսկ հայերի պատասխան ագրեսիան նրանց գործողություններին պաշտպանական բնույթի է, հոգեբանական տեսանկյունից նորմալ է, հակառակ դեպքում հայերը կվերածվեին փակ աչքերով զոհի:
Այս առումով Կարինե Նալչաջյանն արդարացի է համարում ադրբեջանական դրոշի այրումը և հայկական կողմի արտահայտած վրդովմունքի այլ դրսևորումները: Ըստ հոգեբանի՝ ազգի դիմագիծը չի փոխվում կամ գրեթե չի փոխվում: Այդ մասին է վկայում այն, որ քնած մարդուն սպանողի պետական մակարդակով հերոսացումից հետո ադրբեջանական ժողովրդի մոտ չնկատվեց տարրական մարդկային ռեակցիան՝ ամոթի զգացումը, որը պետք է լիներ առաջին բնական հակազդումը նման իրավիճակում:
Սակայն, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի. հայ սպան իր ողբերգական մահով, փաստորեն, համախմբեց մեր ժողովրդին, իսկ ահա ադրբեջանական հասարակության նման վարքը կարելի է ճկուն կերպով շահարկել Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցելիս և Արցախի հիմնահարցի մասին միջազգային մակարդակով բանավիճելիս:
Մեկնաբանել