ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Թրամփը պատրաստվում է հանդիպել Զելենսկուն և հետո զրուցել Պուտինի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում պատրաստվում է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ դրանից հետո արդեն հեռախոսազրույց ունենալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Թրամփի նման պլանների մասին հայտնել են Reuters գործակալության զրուցակիցները։
Ավելի վաղ Զելենսկին և Պուտինը հեռախոսազրույցներ էին ունեցել Թրամփի հետ, որպեսզի շնորհավորեն ԱՄՆ անկախության 250-ամյակը։ Դրանց ընթացքում քննարկվել էր ռուս-ուկրաինական պատերազմի դադարեցման հարցը։
«Կա իրական հեռանկար ավարտելու այս պատերազմն ու ԱՄՆ-ի վճռականությունը կունենա որոշիչ նշանակություն»,- Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր Ուկրաինայի նախագահը։
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ, մեկնաբանելով Թրամփի ու Պուտինի հեռախոսազրույցը, իր հերթին նշել էր, որ ԱՄՆ նախագահը «հաստատել է իր պատրաստակամությունը նպաստելու ռազմական գործողությունների արագ դադարեցմանը և ճգնաժամից դուրս գալու լուծումների որոնմանը»։
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի տարեկան գագաթնաժողովն այս տարի կկայանա հուլիսի 7-8-ը Անկարայում։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ մտադիր է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև արդեն 4,5 տարի ընթացող այս պատերազմը: ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները մի քանի անգամ հանդիպել են ռուս պաշտոնյաների հետ։ Ուշակովը, մեկնաբանելով Պուտինի և Թրամփի հեռախոսազրույցը, հայտարարել էր, որ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կշարունակեն իրենց միջնորդական ջանքերն ու պատրաստ կլինեն հարմար պահին ժամանել Մոսկվա:
Կոլաժը՝ ABC News-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել