Իսպանիան խաղավարտին խփած գոլի շնորհիվ հաղթեց Պորտուգալիային ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ
Իսպանիայի ազգային հավաքականը Դալասում կայացած Աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչ հանդիպման ժամանակ 1:0 հաշվով հաղթեց Պորտուգալիայի ընտրանուն:
Պորտուգալիայի կազմում 12-րդ րոպեին առաջին գոլային պահն ունեցավ Կրիշտիանու Ռոնալդուն, սակայն սուր անկյունից կատարած հարվածից հետո իսպանացիների դարպասապահ Ունաի Սիմոնը փրկեց իր թիմին: Խաղակեսի ընթացքում վստահ գործեց նաև պորտուգալացիների դարպասապահ Դիեգու Կոշտան՝ նախ հետ մղելով Լամին Յամալի հարվածը, ապա արագ կողմնորոշվելով Ալեքս Բաենայի հարվածի ժամանակ:
Առաջին կեսի միջնամասում Պեդրիի վտանգավոր փոխանցումից հետո Պաու Կուբարսին մոտ էր հաշիվը բացելուն, բայց Կոշտան հեռացրեց գնդակը: Պորտուգալիայի հավաքականը հիմնականում պաշտպանվում էր, սակայն 37-րդ րոպեին վտանգավոր գրոհ կազմակերպեց. Ժոաու Ֆելիքսի փոխանցումից հետո Ռոնալդուի հարվածին տիրեց Սիմոնը: Առաջին կեսի ավելացված ժամանակում պորտուգալացիները մոտ էին հաջողությանը, սակայն Նունու Մենդեշի հզոր հարվածից հետո գնդակը, Պեդրո Պոռոյի թեթև անդրադարձով, դիպավ դարպասի հորիզոնական ձողին:
Երկրորդ խաղակեսի առաջին 15 րոպեներին թիմերից ոչ մեկին չհաջողվեց դիպուկ հարված կատարել: Պորտուգալացիները հազվադեպ էին գրոհում, իսպանացիների գրոհներն էլ արդյուքն չէին տալիս:
Երբ թվում էր, թե հանդիպումը կտեղափոխվի լրացուցիչ ժամանակ, մրցավարի կողմից ավելացված առաջին րոպեին Իսպանիայի հավաքականը բացեց հաշիվը: Ֆերան Տորեսի փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Միկել Մերինոն մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ և գնդակն ուղարկեց Կոշտայի պաշտպանած դարպասը՝ 1:0:
Իսպանիայի հավաքականը դուրս եկավ քառորդ եզրափակիչ, որտեղ հուլիսի 10-ին կհանդիպի ԱՄՆ-Բելգիա զույգի հաղթողին: Պորտուգալիայի ընտրանին լքեց առաջնությունը, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն ավարտեց իր ելույթները Աշխարհի առաջնություններում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել