Արմեն Աշոտյանը խոսել է «Եվրասիական մեծ մայրցամաքի գիտակրթական ընդհանուր տարածքի ստեղծման» մասին
Սեպտեմբերի 6-ից 7-ը Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում անցկացվում է «ԱՊՀ-Եվրոստուդենտ» երկօրյա միջազգային խորհրդաժողովը, որին մասնակցում են բարձրագույն կրթության պատասխանատուներ Ռուսաստանից, Ղազախստանից, Ուկրաինայից, Բելառուսից և այլ երկրներից:
«Եվրոստուդենտը» հետազոտական մեծ ծրագիր է, որի նպատակն է ուսումնասիրել ուսանողների կյանքի այլ կողմերը, օգնել տարբեր պետություններին' ազգային կրթության զարգացման համար պայմաններ ստեղծելու հարցում:
Հայաստանը «Եվրոստուդենտ» ծրագրի 5-րդ փուլի աշխատանքներին մասնակցելու է 2012 թ.-ից: Երկօրյա խորհրդաժողովի նպատակն է ոլորտի պատասխանատուներին իրազեկել ծրագրի մասին:
Խորհրդաժողովի բացմանը ներկա է եղել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նա ասել է, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը պաշտոնապես միացել է «Եվրոստուդենտ 5-րդ կոնցորսումի» ծրագրին: «Հայաստանը, միանալով այս ծրագրին, պատրաստ է ծառայել որպես կամուրջ այլ երկրների համար»,- ասել է Արմեն Աշոտյանը:
«ԱՊՀ-Եվրոստուդենտ» ծրագրի մեկնարկը Հայաստանում համընկնում է այն ժամանակահատվածի հետ, երբ երկիրը ստանձնել է Բոլոնիայի գործընթացի քարտուղարությունը: «Լինելով ԱՊՀ անդամ և միաժամանակ Բոլոնիայի գործընթացի մասնակից' մեր երկիրը կարևորում է Եվրասիական մեծ մայրցամաքի գիտակրթական ընդհանուր տարածքի ստեղծումը և պատրաստ է իր նպաստը բերել այդ գործընթացին»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ ծրագիրը կնպաստի ՀՀ ուսանողների հնարավորություննեի ընդլայնմանը և սոցիալական իրավունքների ամրապնդմանը: «Մեր ուսանողների սոցիալական խնդիրները տարբեր են, և այդ առումով բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում սոցիալական պատասխանատվության բեռը գնալով ավելանում է: Մեր շատ ուսանողների կենցաղային պայմանները հեռու են բավարար լինելուց, մենք ունենք ժամանակակից հանրակացարանների անհրաժեշտություն՝ մարզերից եկած ուսանղների համար, կրթաթոշակների բարելավման և բազմաթիվ այլ խնդիրներ»,- ասել է Արմեն Աշոտյանը:
Միաժամանակ նա շեշտել է, որ վերջին մի քանի տարում բուհական համակարգում նկատելի նորարարական փոփոխություններ են կատարվել, մասնավորապես ուսանողակենտրոն կրթական համակարգի ներմուծումը, որը Բոլոնիայի գործընթացի գլխավոր գաղափարախոսություններից է:
Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ Հայաստանի մասնակցությունն «ԱՊՀ-Եվրոստուդենտ» գործընթացին երկրին կբերի նոր գործընկերներ և կարևոր հարթակ կդառնա' առկա խնդիրների ուսումնասիրման և բացահայտման համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել