HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նամակ մարդու իրավունքների պաշտպանին՝ կենսաթոշակների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան պարոն Կ. Անդրեասյանին

Հարգելի պարոն Անդրեասյան,

Ինչպես հայտնի է, վերջին երեք տարիներին Հայաստանի Հանրապետությունից ժամանակավոր մեկնող և վերադարձող անձանց մեջ մեծ թիվ են կազմել կենսաթոշակառուները, ովքեր մեկնել էին Ռուսաստան, Ուկրաինա և այլ երկրներ իրենց զավակների և մերձավորների մոտ որոշակի ժամկետով բնակվելու, այնուհետև հայրենիք վերադառնալու նպատակով: Այս կենսաթոշակառուները հույս (լեգիտիմ ակնկալիք) են ունեցել, որ հայրենիք վերադառնալուն պես կստանան իրենց չվճարված կենսաթոշակի գումարները` իրենց բացակայության ողջ ժամանակահատվածի համար: Կենսաթոշակառուներից շատերը տեղյակ էին, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ նախկին օրենքի 57-րդ հոդվածի համաձայն չստացած կենսաթոշակի գումարները վճարվում էին անցած ժամանակահատվածի համար, սակայն կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող 3 (երեք) տարուց ոչ ավելի, հետևաբար նրանք երկարատև ժամանակով են բացակայել հանրապետությունից, նրանցից շատերն էլ ֆինանսական դժվարությունների պատճառով հնարավորություն չեն ունեցել մեկ տարուց շուտ վերադառնալ:

Վերը նշված իրավական նորմը գործել է սկսած խորհրդային ժամանակաշրջանից: Սակայն, 2012թ. մայիսից Հայաստան վերադարձող կենսաթոշակառուները, երբ դիմել են ՀՀ սոցիալական ապահովության պետական ծառայությանը` նախորդ ժամանակահատվածի չստացած իրենց կենսաթոշակի գումարները ստանալու խնդրանքով, տեղեկացվել են, որ այսուհետև նմանատիպ դեպքերում կենսաթոշակառուին վճարվելու է միայն վերջին մեկ տարվա կենսաթոշակի գումարը: Կենսաթոշակառուներից մի քանիսն իրենց դժգոհությունն են արտահայտել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին, զանգվածային լրատվական միջոցներին, իսկ մի քանի կենսաթոշակառու դիմել են մեր կազմակերպությանը` իրավական օգնություն ստանալու ակնկալիքով:

Կենսաթոշակառուներն իրենց դիմումներով վկայակոչում են, որ ՀՀ կառավարությունը բացահայտ հափշտակում է իրենց` կենսաթոշակառուների կենսաթոշակի սեփական գումարները, փոխարենն իրենց սոցիալական վիճակը բարելավելու և սոցիալական իրավունքները պաշտպանելու: Միթե հնարավոր չէր իրենց կարգավիճակում գտնվող կամ հայտնված կենսաթոշակառուներին, մինչև օրենքի փոփոխությունը կամ օրենքի ուժի մեջ մտնելը, գրավոր ծանուցել (տեղեկացնել) այդ մասին, որպեսզի իրենք էլ պլանավորեին իրենց մեկնումն ու վերադարձը, ինչպես դա անում են հանրապետական ընտրությունների ժամանակ, երբ փոստով իրազեկում են ընտրողին, թե երբ և որտեղ պետք է կատարի իր ընտրությունը:

Կենսաթոշակառուների դիմումների և արված հայտարարությունների հիման վրա ուսումնասիրել ենք սույն ոլորտի օրենսդրությունը և պարզել հետևյալը.

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ նախկին օրենքը, որն ընդունվել էր 19.11.2002թ. (ՀՕ-519-Ն) ուժը կորցրած է ճանաչվել 22.12.2010թ. (ՀՕ-243-Ն), բացառությամբ 9-րդ գլխի (Անհատական (անձնավորված) հաշվառումը կենսաթոշակային ապահովության համակարգում): Նոր օրենքը` «Պետական կենսաթոշակների մասին» ընդունվել է 22.12.2010թ., որն ուժի մեջ է մտել 01.01.2011թ. (ՀՕ-243-Ն) 36-րդ հոդվածի 1-ին մասը խմբագրված է եղել հետևյալ բովանդակությամբ` «1. Չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ վճարելու համար դիմելու ամսվան նախորդող երեք տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել»:

Սակայն նույն հոդվածը 19.03.2012թ. ընդունված թիվ ՀՕ-100-Ն օրենքով վերախմբագրվել է հետևյալ բովանդակությամբ, որն ուժի մեջ է մտել 05.05.2012 թվականից`

«1. Եթե կենսաթոշակը վճարելը դադարեցվել է, ապա չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու կամ կենսաթոշակ վճարելը վերսկսելու (կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնելու) համար հիմք համարվող տեղեկատվությունը ստացվելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել:

Կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու ամսվան նախորդող մեկ տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում նա կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել»:

Ի պատասխան կենսաթոշակառուների բողոքներին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնել են, որ.

«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ գործող օրենքի 41-րդ հոդ. 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն` կենuաթոշակ վճարելը դադարեցվում է` կենuաթոշակառուին (կամ նրա փոխարեն կենuաթոշակն uտանալու` oրենքով այդ իրավունքն ունեցող անձին) 12 ամիu անընդմեջ կենuաթոշակ չվճարելու դեպքում: Դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսվում է կենսաթոշակառուի գրավոր դիմելու և անհրաժեշտ այլ փաստաթղթեր ներկայացնելու ամսին հաջորդող ամսվա 1-ից: Համաձայն ՀՀ ԱԺ-ի կողմից 19.03.2012թ. թիվ ՀՕ-100-Ն օրենքով կատարված փոփոխությունների` եթե կենսաթոշակ վճարելը դադարեցվել է` չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է դիմելու ամսվան նախորդող 1 տարվա այն ժամանակահատվածի համար, որի ընթացքում անձը կենսաթոշակ ստանալու իրավունք է ունեցել: Այն կենսաթոշակառուները, ովքեր չվճարված կենսաթոշակի գումարը վճարելու համար դիմել են 2012թ. մայիսի 5-ից հետո (օրենքի փոփոխություններն ուժի մեջ մտնելուց հետո) ուստի նրանց կարող վճարվել դիմելու ամսին նախորդող մեկ տարվա ժամանակահատվածի չվճարված կենսաթոշակի գումարը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանից ստացել են հետևյալ պատասխանը, որ կենսաթոշակառուների բացակայության ողջ ժամանակահատվածի կենսաթոշակը ստանալու համար նրանք պետք է գրավոր դիմում ներկայացնեին մինչև 05.05.2012թ., իսկ ներկայումս նրանց կվճարվի միայն մեկ տարվա ժամանակահատվածի կենսաթոշակը, քանի որ դա օրենքի պահանջն է: Բայց, միևնույն ժամանակ տեղեկացվել են, որ իրենց կողմից բարձրացված հարցը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ուսումնասիրվում է ՀՀ սահմանադրական դատարան դիմելու նպատակով:

Մեր կարծիքով, կենսաթոշակառուներն այս կարճ ժամանակահատվածում չէին էլ կարող տեղեկանալ իրենց իրավունքները սահմանափակող նորմի մասին, և մինչև օրենքի ուժի մեջ մտնելը չէին կարող դիմել սոցիալական ապահովության տարածքային բաժին` չստացած կենսաթոշակի գումարը ստանալու համար, քանի որ բացակայում էին Հայաստանից: Օրենսդրական նման փոփոխությունների մասին հանրությանը ժամանակին և ոչ պատշաճ իրազեկումը, օրենքը ուժի մեջ մտնելու համար ավելի երկարատև ժամկետի չնախատեսումը, հատկապես քաղաքացիների իրավունքները սահմանափակող նորմեր պարունակող իրավական ակտի ընդունումը,  հանգեցրել է բազմաթիվ քաղաքացի-կենսաթոշակառուների սոցիալական և սեփականության իրավունքների ոտնահարմանն ու նրանց արդարացի դժգոհությանը:

Իսկ ի պատասխան մեր կազմակերպության հարցմանը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից 10.08.2012թ. թիվ ԱԳ/ՍՍ-1-1/5604-12 գրությամբ տրամադրել են հետևյալ պարզաբանումը, ըստ որի.

«Չվճարված կենսաթոշակի գումարը նախկինում սահմանված 3 տարվա փոխարեն 1 տարվա ժամանակահատվածի համար վճարելը պետք է դիտարկել կենսաթոշակային ապահովության բնագավառում վերջին տարիներին իրականացվող  քաղաքականության համատեքստում` հաշվի առնելով ՀՀ կենսաթոշակային ապահովության համակարգի առանձնահատկությունները, համակարգի զարգացման միտումները, ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքները, համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը և այլն: Կենսաթոշակային ապավությունը սոցիալական պաշտպանության համակարգի բաղկացուցիչ մասերից է, իսկ պետության առաջնահերթ խնդիրն է` շարունակաբար կատարելագործել սոցիալական պաշտպանության (կենսաթոշակային ապահովության) իրավունքների իրականացման մեխանիզմները, շահառոներին մատուցվող ծառայությունների որակը, իրականացվող ծրագրերի հասցեականությունը` հաշվի առնելով ՀՀ-ում բնակվող անձանց (այդ թվում` կենսաթոշակառուների) օրինական շահերի առաջնահերթությունը: Ըստ այդմ վերջին տարիներին, կենսաթոշակային ապահովության իրավունքի իրականացման և կենսաթոշակառուի բնակության վայրի միջև ուղղակի փոխկապակցվածության օրենսդրական ամրապնդմանը զուգահեռ, ձեռնարկվել են ՀՀ-ում բնակվող կենսաթոշակառուների շահերից բխող մի շարք միջոցառումներ, այդ թվում. 1) ներդրվել է կենսաթոշակների վճարման անկանխիկ եղանակը, որի շրջանակներում կենսաթոշակառուի կենսաթոշակը վճարվում է բանկային հաշվին փոխանցելու միջոցով, 2) սահմանվել է ՀՀ-ում բնակվող (բնակչության պետական ռեսգիստրում ՀՀ բնակության վայրի հասցեով հաշվառված) երկքաղաքացու կենսաթոշակի իրավունքը` անկախ այլ պետությունում կենսաթոշակ ստանալու հանգամանքից, 3) վերանայվել է կենսաթոշակը 12 ամիս անընդմեջ լիազորագրով վճարելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու դրույթը և այլն: Նշված միջոցառումներն իրականացվել են ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում` առանց որևէ սոցիալական ծրագիր կրճատելու: Ավելի, առկա հնարավորությունների սահմաններում բարձրացվել են կենսաթոշակների չափերը: Ակնհայտ է, որ, վերը նշված քայլերին զուգահեռ, անհրաժեշտ էր միջոցառումներ ձեռնարկել նաև կոռուպցիոն ռիսկերը կառավարելու, չարաշահումների հնարավորությունները նվազեցնելու ուղղությամբ»:

Ուսումնասիրելով ՀՀ օրենսդրությունն ու վերլուծելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գրավոր պարզաբանումները, գտնում ենք, որ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդ. 1-ին մասի 2-րդ և 3-րդ մասերով ամրագրված դրույթը` չվճարված կենuաթոշակի գումարը նախկինում սահմանված 3 տարվա փոխարեն 1 տարվա ժամանակահատվածի համար վճարելը, հակասահմանադրական է[1]: Ընդունված փոփոխությամբ որոշ կենսաթոշակառուներ զրկվում են ՀՀ սահմանադրությամբ չսահմանափակվող ճանաչված իրենց առանձին հիմնարար իրավունքների իրականացման հնարավորությունից, չի ապահովում արդարացի հավասարակշռություն հանրության ընդհանուր շահի և անձի հիմնարար իրավունքների պաշտպանության պահանջների միջև և չի բխում ՀՀ սահմանադրության 1-ին[2], 3-րդ[3], 6-րդ հոդ. 1-ին և 2-րդ մասերի[4], 8-րդ[5], 14-րդ[6], 31-րդ[7], 42-րդ հոդ. 3-րդ և 4-րդ մասերի[8], 43-րդ[9], 44-րդ[10] հոդվածների և 48-րդ հոդ. 12-րդ ենթակետի[11] պահանջներից և հակասում է թվարկված պահանջներին:

Համաձայն ՀՀ սահմանադրության 37-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի ծերության, հաշմանդամության, հիվանդության, կերակրողին կորցնելու, գործազրկության եւ oրենքով նախատեuված այլ դեպքերում uոցիալական ապահովության իրավունք:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` միևնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակաuի նախկինում ընդունված և ուժի մեջ մտած հավաuար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միեւնույն մարմնի ընդունած հավաuար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջեւ հակաuությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը, բացառությամբ uույն oրենքի 94-րդ հոդվածի 4-րդ մաuի 2-րդ պարբերությամբ[12] նախատեuված դեպքի:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն` հավաuար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մաuերի միջեւ հակաuության դեպքում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մաuը:

Հայաստանի Հանրապետությունը, վավերացնելով «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագիրը, ճանաչել է դրա նախաբանի այն հիմնարար դրույթը, ըստ որի` մարդու իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից:

Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված Վերանայված Եվրոպական սոցիալական խարտիայի 12-րդ հոդ., «Տնտեսական սոցիալական և մշակութային իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 9-րդ հոդ. պահանջներով Հայաստանի Հանրապետությունն ստանձնել է պարտավորություններ` երաշխավորելու մարդկանց սոցիալական ապահովության, ներառյալ սոցիալական ապահովագրության իրավունքը:

ՀՀ սահմանադրական դատարանն իր որոշումներում բազմիցս անդրադարձել է մարդու և քաղաքացու սոցիալական իրավունքի պաշտպանության հետ կապված հարցերին, մասնավորապես կենսաթոշակառուների կողմից իրենց կենսաթոշակը ստանալու իրավունքի սահմանափակմանը:

Սահմանադրական դատարանը 04.10.2006թ. թիվ ՍԴՈ-649 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.

նշանակում է, որ որևէ այլ արժեք, այդ թվում և´ պետական, և´ հանրային խնդիրների լուծմանը կոչված որևէ համակարգ, չի կարող ավելի բարձր դասվել: Սրանից էլ բխում է Սահմանադրության 3-րդ հոդ. 3-րդ մասով ամրագրված նորմը, ըստ որի պետությունը uահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպեu անմիջականորեն գործող իրավունք: Կենսաթոշակը, ինչպես նաև աշխատավարձը` քաղաքացու վաստակած միջոցներն են և նրա սեփականությունը: Կենսաթոշակի վճարումը գործնականում սեփականությունը սեփականատիրոջը փոխանցելու միջոց է: Կենսաթոշակը սոցիալական ապահովության  միջոց լինելով հանդերձ, սեփականության ձև է` նաև ըստ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի (տես Բուրդովն ընդդեմ Ռուսաստանի գործը): Հետևաբար, անհրաժեշտություն է ծագում դիտարկել օրենքի նշյալ դրույթը նաև ՀՀ սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածների պահանջներից ելնելով, որոնցից առաջինը հռչակում է սեփականության իրավունքի ճանաչումն ու պաշտպանությունը, իսկ երկրորդն ամրագրում է, որ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով` օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի` անձի իրավական վիճակը վատթարացնող oրենքները եւ այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն: Կատարված աշխատանքի վարձատրությունից զրկելը, նախկինում uոցիալական ապահովության պարտադիր վճարների կատարումով վաuտակած կենuաթոշակի վճարման կաuեցումը, ինչպեu նաեւ մինչ oրենքի ընդունումը կայացած աշխատանքային պայմանագրերով չնախատեuված նոր պայման ավելացնելու պարտադրանքը նշանակում է` հակառակ uահմանադրական այu պահանջին, հետադարձ ուժ տալ oրենքին: Oրենքի հետադարձ գործողությունն առավել ցայտուն է այն բազմաթիվ դեպքերում, երբ աշխատավարձի կամ թոշակի վճարումների ուշացման հետեւանքով քաղաքացին զրկվել է oրենքի ուժի մեջ մտնելուն նախորդող տարվա կենuաթոշակից կամ աշխատավարձից: Նկատի ունենալով, որ … նյութական դժվարին վիճակում հայտնվածների զգալի մաuը թոշակառուներ են, այդ նորմերը խոչընդոտում են Uահմանադրության 48 հոդվածի 12-րդ կետի պահանջի կատարումը, որով uոցիալական պետության հիմնական խնդիրներից է հռչակվել տարեց մարդկանց արժանապատիվ կենuամակարդակի ապահովումը:

Բացի դրանից, ցանկացած նորմատիվ իրավական ակտ պետք է ապահովի եւ երաշխավորի Uահմանադրության 3-րդ հոդվածի պահանջն առ այն, որ «Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի uկզբունքներին ու նորմերին համապատաuխան», ինչպեu նաեւ 43-րդ հոդվածի երկրորդ մաuի պահանջը, համաձայն որի` «Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների uահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պարտավորություններով uահմանված շրջանակները: ... հիշյալ նորմերի պահանջները երաշխավորելու համար անհրաժեշտ է նկատի ունենալ uահմանադրորեն տարբեր իրավունքների uահմանափակման առանձնահատկություններն ու բնույթը: Որքան էլ որ այլոց իրավունքների երաշխավորումն է դառնում անհատի հաuարակական վարքագծի կանոնակարգման uահմանը, միեւնույն է, Uահմանադրությունը, ինչպեu նշվեց, չի նախատեuում որոշակի իրավունքների uահմանափակում: Իuկ այդ իրավունքների ապահովման կարգը չի կարող դրանց իրականացման արգելանք դառնալ, այլ պետք է երաշխավորի այն: Uահմանադրորեն նախատեuված uահմանափակման ենթակա իրավունքների առնչությամբ, համաձայն մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ միջազգային իրավունքի հիմնարար uկզբունքների, մարդու իրավունքի uահմանափակումը կարող է իրականացվել միայն oրենքով` երաշխավորելով համաչափությունը, չաղավաղելով իրավունքի էությունը (uահմանափակման հետեւանքով իրավունքը չզրկվի իր բովանդակությունից, չվտանգվի դրա գոյությունը)»:

ՀՀ սահմանադրական դատարանի 23.10.2007թ. թիվ ՍԴՈ-716 որոշան կապակցությամբ ՀՀ սահմանադրական դատարանի անդամներից մեկն ունեցել է հատուկ կարծիք, այն է` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի արտահայտած դիրքորոշման համաձայն` կենսաթոշակի իրավունքը, եթե այն հիմնված է մուծումների վրա, որոշակի հանգամանքներում կարող է դիտվել որպես սեփականության իրավունք (Azinaz v. Cyprus (Judjment, 20 June 2002): Իսկ Gaygusuz v. Austria (16 september 1996, Reports of Judjments and decisions 1996-IV, §04.02.0804.02.0839-41) գործով կայացրած որոշմամբ Եվրոպական դատարանն արտահայտել է հետևյալ դիրքորոշումը. «Սոցիալական վճարներ ստանալու իրավունքը կապված է ներդրված վճարների հետ, եթե նման ներդրումներ կատարվել են, ապա չի կարող մերժվել այդ անձի նկատմամբ կենսաթոշակի նշանակումը: ՀՀ սահմանադրական դատարանի անդամը գտել է, որ ՀՀ սահմանադրական դատարանն իր 23.10.2007թ. թիվ ՍԴՈ-716 որոշմամբ չի արտահայտել իր դիրքորոշումը նշանակված կենսաթոշակի վճարման ժամկետի սահմանափակման` կենսաթոշակառուի ՀՀ սահմանդրությամբ երաշխավորված սոցիալական ապահովության և սեփականության իրավունքների վերաբերյալ»:

ՀՀ սահմանադրական դատարանի 15.01.2008թ. թիվ ՍԴՈ-723 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ դիրքորոշումը՝ «…օրենսդիրն իրավասու է օրենսդրական փոփոխությունների արդյունքում սահմանելու կենսաթոշակի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման լիովին նոր համակարգ: Սակայն նման փոփոխությունները չեն կարող վերացնել այն կենսաթոշակները, այդ թվում` արտոնյալ կարգով նշանակվող, որոնք ստանալու իրավունքն անձը ձեռք է բերել նախկինում գործող օրենսդրության հիման վրա: Եթե օրենքն արդեն սահմանել է կենսաթոշակի տեսակները, կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու պայմանները, կենսաթոշակի չափը և վճարման պայմանները, պետության համար ծագում է պարտականություն երաշխավորելու կենսաթոշակի իրավունքի առնչությամբ լեգիտիմ ակնկալիքների հանդեպ հարգանքի և իրավական որոշակիության սկզբունքների իրացումը: Մինչդեռ, օրենքի վիճարկվող նորմն առնչվել է բազմաթիվ մարդկանց իրավունքներին»:

ՀՀ սահմանադրական դատարանի 29.01.2008թ. թիվ ՍԴՈ-731 որոշմամբ ՀՀ սահմանադրական դատարանն արտահայտել է հետևյալ դիրքորոշումը՝ «…պետության պոզիտիվ uահմանադրական պարտականությունն է ապահովել այնպիuի պայմաններ, որոնք նույն կարգավիճակն ունեցող անձանց հավաuար հնարավորություն կտան իրացնելու, իuկ խախտման դեպքում` պաշտպանելու իրենց իրավունքները, հակառակ դեպքում` կխախտվեն ոչ միայն հավաuարության, խտրականության արգելման, այլ նաեւ իրավունքի գերակայության եւ իրավական որոշակիության uահմանադրական uկզբունքները: Պետության հայեցողությունն է uահմանել կենuաթոշակի ձեւերը, դրանց նշանակման կարգը եւ պայմանները, uակայն այդ հայեցողությունն իրականացնելիu պետությունը պարտավոր է պահպանել վերոնշյալ uկզբունքները»:

Ինչպես ամրագրված է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդ. 2-րդ կետում` օրենքները պետք է համապատաuխանեն Uահմանադրությանը եւ չպետք է հակաuեն ՀՀ uահմանադրական դատարանի որոշումներին:

Կենսաթոշակի վճարման հետ կապված ՀՀ վճռաբեկ դատարան իր թիվ 3-1046 (ՎԴ) քաղ. գործով 09.11.2007թ. կայացված որոշմամբ, մեջբերել է ՀՀ սահմանադրական դատարանի վերոնշյալ որոշմամբ արված իրավական դիրքորոշումը: Միևնույն ժամանակ լրացրել է, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մաuին եվրոպական կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի առաջին մաuում նախատեuված «uեփականություն» հաuկացությունն ունի ինքնուրույն նշանակություն, որը չի հանգեցվում ֆիզիկական իրերի նկատմամբ uեփականության իրավունքին, եւ որը կախված չէ ներպետական իրավունքի ձեւական որակումներով: Գույքային մի շարք իրավունքներ եւ շահեր նույնպեu կարող են դիտարկվել որպեu «uեփականության իրավունք» (տե՛u Բեյելերն ընդդեմ Իտալիայի գործով Դատարանի 05.01.2000թ. վճռի 100-րդ կետը): Մեկ այլ գործով Եվրոպական դատարանը նշել է, որ գործող oրենuդրությամբ uահմանված չափով նպաuտ uտանալու իրավունքը, Կոնվենցիայի 1-ին արձանագրության առաջին հոդվածի իմաuտով հանդիuանում է գույքային իրավունք (տե՛u Գայգուuուզն ընդդեմ Ավuտրիայի գործը 31.08.1996թ. վճռի 41-րդ կետը):

Բայց ինչպես տեսնում ենք և´ գործադիրը, և´ օրենսդիրն անտեսել են ոչ միայն ՀՀ սահմանադրության և օրենքների պահանջները, այլ նաև ՀՀ սահմանադրական դատարանի բազմաթիվ որոշումներում ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

Այսպիսով, վերոշարադրյալի հիման վրա և ելնելով մի խումբ կենսաթոշակառուների շահերից, ինչպես նաև այն հանգամանքից, որ ՀՀ գործող օրենսդրությամբ դատական ատյաններն անհասանալի են հասարակական կազմակերպությունների համար, հետևաբար խնդրում եմ Ձեզ, «ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջի համաձայն, քննարկման առարկա դարձնել ՀՀ Ազգային ժողովի կողմից 19.03.2012թ. ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին թիվ ՀՕ-100-Ն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կենսաթոշակառուների կենսաթոշակի գումարի վճարումը նախորդ երեք տարվա փոխարեն մեկ տարի ժամկետով սահմանափակելու մասին դրույթի սահմանադրականության հարցը և օգտվել ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 8-րդ կետով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին տրված իրավունքից և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան, այն հակասահմանադրական ճանաչելու պահանջով:

Ակնկալում եմ ստանալ նաև Ձեր արձագանքը սույն հարցի կապակցությամբ:

Լևոն Ներսիսյան
«Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն
03.09.2012թ.

 

Նամակ Սահմանադրական դատարանի նախագահին

Մեզ հայտնի է դարձել, որ ՀՀ սահմանադրական դատարանում քննության է ընդունվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումը` «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-243-Ն) 35-րդ հոդ. 6-րդ մասի 1-ին պարբերության և 9-րդ մասի 1-ին պարբերության, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը:

Սակայն մեր կազմակերպության ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նշյալ օրենքում կա նաև մեկ այլ հիմնախնդիր, այն է` ՀՀ ԱԺ կողմից 19.03.2012թ. ընդունված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում (ՀՕ-243-Ն) փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-100-Ն օրենքով 36-րդ հոդվածը (ուժի մեջ է մտել 05.05.2012 թվականից) վերախմբագրվել է` այսուհետ չվճարված կենսաթոշակի գումարը, կենսաթոշակառուներին կվճարվի, նախկինում սահմանված 3 տարվա փոխարեն, վերջին 1 տարվա ժամանակահատվածի համար: Ավաղ, այս մասով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ՀՀ սահմանադրական դատարանին ներկայացված վերը նշված դիմումում չի մատնանշել, ինչի կապակցությամբ մենք արդեն դիմել ենք նրան լրացուցիչ կամ նոր դիմում ՀՀ սահմանադրական դատարան ներկայացնելու համար:

Մեր կարծիքով «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածում 19.03.2012թ. կատարված փոփոխությունը հակասահմանադրական է, այն չի բխում ՀՀ սահմանադրության 1-ին, 3-րդ, 6-րդ հոդ. 1-ին և 2-րդ մասերի, 8-րդ, 14-րդ, 31-րդ, 37-րդ, 42-րդ հոդ. 3-րդ և 4-րդ մասերի, 43-րդ, 44-րդ հոդվածների և 48-րդ հոդ. 12-րդ ենթակետի պահանջներից և հակասում է դրանց:

Բացի դրանից՝ և գործադիրը, և օրենսդիրն անտեսել են ոչ միայն ՀՀ Սահմանադրության և օրենքների պահանջները, այլ նաև ՀՀ սահմանադրական դատարանի բազմաթիվ որոշումներում ՀՀ Սահմանադրական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները:

Ելնելով վերոնշյալից՝ անհրաժեշտ ենք համարել մեր կազմակերպության գրավոր մեկնաբանությունները (Amicus curiae) ներկայացնել ՀՀ Սահմանադրական դատարանին: Միևնույն ժամանակ, խնդրել ենք հաշվի առնել դրանք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ վերը նշված դիմումի քննարկման ժամանակ:

Լևոն Ներսիսյան
«Ա. Դ. Սախարովի անվ. մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն» ՀԿ գործադիր տնօրեն
03.09.2012թ.

 


[1] Չնայած, մենք մնում ենք այն կարծիքին, որ կենսաթոշակառուի կենսաթոշակի գումարի վճարումը պետք է կատարվի առանց ժամկետի սահմանափակման, քանզի դա նրա սեփականությունն է, որը ձեռք է բերել իր կողմից կատարված վճարումների հիման վրա:

[2] Հայաuտանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, uոցիալական, իրավական պետություն է:

[3] Մարդը, նրա արժանապատվությունը, հիմնական իրավունքները եւ ազատությունները բարձրագույն արժեքներ են: Պետությունն ապահովում է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանությունը` միջազգային իրավունքի uկզբունքներին ու նորմերին համապատաuխան: Պետությունը uահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով` որպեu անմիջականորեն գործող իրավունք:

[4] Uահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, եւ նրա նորմերը գործում են անմիջականորեն: Oրենքները պետք է համապատաuխանեն Uահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատաuխանեն Uահմանադրությանը եւ oրենքներին:

[5] Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում և պաշտպանվում է սեփականության իրավունքը:

[6] Մարդու արժանապատվությունը` որպեu նրա իրավունքների ու ազատությունների անքակտելի հիմք, հարգվում եւ պաշտպանվում է պետության կողմից:

[7] Ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի: Սեփականության օտարումը հասարակության և պետության կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ:

[8] Անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտեր հետադարձ ուժ չունեն: Անձի իրավական վիճակը բարելավող, նրա պատասխանատվությունը վերացնող կամ մեղմացնող իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, եթե դա նախատեսված է այդ ակտերով:

[9] Մարդու եւ քաղաքացու` Uահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մաuով ամրագրված հիմնական իրավունքները եւ ազատությունները կարող են uահմանափակվել միայն oրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հաuարակությունում պետական անվտանգության, հաuարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց uահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար: Մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների uահմանափակումները չեն կարող գերազանցել ՀՀ միջազգային պարտավորություններով uահմանված շրջանակները:

[10] Մարդու եւ քաղաքացու առանձին հիմնական իրավունքներ ու ազատություններ, բացառությամբ Uահմանադրության 15, 17-22 եւ 42-րդ հոդվածներում նշվածների, կարող են oրենքով uահմանված կարգով ժամանակավորապեu uահմանափակվել ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ` արտակարգ իրավիճակներում պարտավորություններից շեղվելու վերաբերյալ uտանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում:

[11]  Ապահովել տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակը:

[12] Մինչեւ uույն oրենքի ուժի մեջ մտնելը միեւնույն մարմնի ընդունած եւ ուժի մեջ մտած հավաuար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջեւ հակաuությունների դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը: Այu նորմը տարածվում է նաեւ uույն oրենքի վրա:

Մեկնաբանություններ (1)

Զեփյուռ
ես ավելի վատ վիճակում եմ քան մյուս թոշակառուները:վեց տարվա բացակաելուց հետո Գյումրու սոցապ բաժնի վարիչը և իրավաբանը ինձ ասացին որ ես նույնիսկ այդ վերջին տարվա թոշակն էլ իրավունք չունեմ ստանալու: ինձ ասում են որ օ-ից պետք է սկսեմ ստանալ ինձ հասանելիք կենսաթոշակը: ես չգիտեի ում դիմել, ինչ անել: օգնեք ինձ խնդրում եմ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter