Աշխատանքային վեճերով հաշտարարությունը կարող է պարտադիր դառնալ
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենսդրական փաթեթ, որով նախատեսվում է աշխատանքային վեճերով պարտադիր հաշտարարություն։ Գործող կարգավորումներով՝ աշխատանքային վեճերը լուծվում են դատական կարգով, իսկ հաշտարարության դիմելը թողնվում է կողմերի հայեցողությանը։ Նախատեսվում է հաշտարարությունը դարձնել դատարան դիմելու պարտադիր նախապայման։
«Հաշտարարության մասին» օրենքում, ինչպես նաև Աշխատանքային և Քաղաքացիական օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունների նախագծերի փաթեթի հիմնավորումներում նշվում է, որ պարտադիր հաշտարարության ներդրումը աշխատողի համար կդառնա իր իրավունքների պաշտպանության ամենաարագ միջոցը՝ առանց երկարատև և ծախսատար դատական գործընթացների։ Բացի այդ, դատարանները կբեռնաթափվեն, քանի որ վեճերի զգալի մասը կլուծվի արտադատական կարգով։
Մասնավորապես՝ աշխատանքային պայմանագրի կամ անհատական իրավական ակտի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերով, ինչպես նաև կոլեկտիվ աշխատանքային վեճերով, նախքան դատարան դիմելը, հաշտարարության իրականացումը կդառնա պարտադիր:
Պարտադիր հաշտարարության պահանջը չի տարածվի հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու, այն իրականացնելու, ծառայությունից ազատելու, ծառայության ընթացքում կարգապահական պատասխանատվության ենթարկելուն առնչվող վեճերի վրա։
«Աշխատողի համար հաշտարարությունը հանդիսանում է արդարադատության հասնելու ամենաարագ միջոցը, որը թույլ է տալիս խուսափել տարիներ տևող անորոշությունից: Արտադատական ընթացակարգերն առանձնանում են իրենց արագությամբ և մատչելիությամբ, ինչը աշխատողին հնարավորություն է տալիս պաշտպանել իր իրավունքները՝ առանց դատական բարդ ու ծախսատար գործընթացների մեջ ներքաշվելու»,-նշված է հիմնավորման մեջ:
Քաղաքացիական օրենսգրքում նախատեսվող լրացման արդյունքում ակնկալվում է ապահովել իրավական որոշակիություն և երաշխավորել անձի դատական պաշտպանության իրավունքի անխաթար իրացումը այն դեպքերում, երբ օրենքով սահմանված է նախնական պարտադիր հաշտարարության պահանջ:
Մասնավորապես, եթե սկսվել է հաշտարարության գործընթաց, ապա հայցային վաղեմության ժամկետի ընթացքը կասեցվում է՝ հաշտարարության սկսվելու պահից մինչև դրա ավարտը։ Սա հնարավորություն է տալիս կողմին, հաշտարարությունից դժգոհ լինելու դեպքում, դիմել դատական պաշտպանության։
Ուսումնասիրվել է նաև այս ոլորտում միջազգային փորձը։ Օրինակ՝ Իսպանիայում, Միացյալ Թագավորությունում, Իտալիայում դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման և աշխատանքային արդարադատության արդյունավետության բարձրացման նպատակով ներդրված են պարտադիր նախնական հաշտեցման գործուն մեխանիզմներ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել