Հնարավո՞ր է կեղծել թվային դրոշմապիտակները. «Կիլիկիա»-ի և «Ի-Մարկ»-ի հակասող պնդումները
«Կիլիկիա» գարեջրի գործարանից պնդում են, որ շուկայում իրենց արտադրած գարեջրի շշերի վրայի թվային դրոշմապիտակները հավելվածով չեն ընթերցվում ոչ թե կեղծ լինելու, այլ բացառապես տեխնիկական խնդիրների կամ ֆիզիկական վնասվածքների (խոնավություն, տեղափոխման ընթացքում առաջացած քերծվածքներ) պատճառով։ Այս մասին, ի պատասխան մեր հարցման, հայտնել են գործարանը շահագործող «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ից։
«Հետք»-ը պարզել է, որ խանութներում «Կիլիկիա» գարեջրի որոշ շշերի վրայի թվային կոդերը (Data Matrix) սքանավորելիս հավելվածը ցույց է տալիս, թե ապրանքը դրոշմավորված չէ։ Սա կասկած էր առաջացրել, որ շուկայում չհարկվող (ստվերային) գարեջուր կա։
Գործարանը պնդում է, որ կոդերը գեներացվում են ավտոմատ, և իրենք տեխնիկապես չեն կարող դրանք ձեռքով փոփոխել կամ կրկնօրինակել։
«Ի-Մարկ» ՍՊԸ-ից, որը ներկայում թվային դրոշմապիտակների համար Data Matrix ծածկագրեր է գեներացնում և տնտեսվարողներին վաճառում, հակառակն են պնդում։
Այս հոդվածում ներկայացնում ենք երկու կողմերի մեկնաբանությունները։ Իսկ թե ինչ է մտածում այդ մասին Պետական եկամուտների կոմիտեն, դեռևս արձագանք չունենք։
«Կիլիկիա»-ից պնդում են, որ թվային կոդերում կամ դրանցում պարունակվող տվյալներում ձեռքով փոփոխություններ և միջամտություններ հնարավոր չեն
2023 թվականից Հայաստանում փուլային տարբերակով ներդրվել է ապրանքների թվային դրոշմավորումը՝ փոխարինելով ակցիզային դրոշմապիտակներին։ Դրանք «Դատա մատրիքս» (Data Matrix) երկչափ ծածկագրեր են, որոնք փակցվում են յուրաքանչյուր ապրանքի վրա և առավել հայտնի են որպես QR կոդեր։
«Կիլիկիա» գործարանից դժգոհում են, որ թվային նույնականացման համակարգի կիրառման ընթացքում տեխնիկական խնդիրներ են առաջանում, ինչի մասին տեղյակ են պահել Պետական եկամուտների կոմիտեին ու թվային ծածկագրեր տրամադրող «Ի-Մարկ» ՍՊԸ-ին։
Նշվում է, որ գործնականում արձանագրվել են դեպքեր, երբ արտադրանքի վրա տպագրված թվային կոդերը չեն ընթերցվում կամ ընթերցվում են թերի։ Դրանք, ըստ ընկերության, բացառապես տեխնիկական կամ ֆիզիկական բնույթ ունեն։ Օրինակ՝ փաթեթավորման ընթացքում կոդը մասնակի վնասվում է, խոնավությունն է ազդում, բեռնման, բեռնաթափման կամ պահեստավորման ընթացքում առաջանում են վնասվածքներ, մանրածախ առևտրի կետերում տեղափոխման և պահպանման ժամանակ ևս կարող են վնասվել, ինչպես նաև՝ այլ «օբյեկտիվ պատճառներ», որոնք կարող են ազդել կոդի ընթեռնելիության վրա։
Պատասխանում նաև նշել են, որ նման կոդերի վերաբերյալ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն դիմել է Պետական եկամուտների կոմիտեին, սակայն պաշտոնական պարզաբանում չի ստացել։
Յուրաքանչյուր հատ ապրանքի համար E-Mark-ը գեներացնում է առաձին՝ չկրկնվող կոդ։ Մեր նախորդ հոդվածում ներկայացված էր վարկած, որ հնարավոր է՝ ավելի վաղ ձեռք բերված ծածկագրերին կամայական թվանշաններ են ավելացվել, կամ հին ծածկագրերը տպագրվել են մեկից ավելի անգամ (կրկնօրինակվել են)։ Այդ դեպքում տնտեսվարողը ոչ միայն չի վճարում ծածկագրերի համար, այլև՝ ապրանքը մնում է ստվերում, քանի որ դրոշմավորման պարագայում է այն հայտնվում հարկային մարմնի բազայում. E-Mark-ի բազան, որը ձևավորվում է թվային կոդերի գեներացման արդյունքում, փոխանցվում է հարկային մարմնին։
«Կիլիկիա»-ից, սակայն հերքում են այս վարկածը։
«Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ հրապարակման մեջ ակնարկվող այն ենթադրությունները, թե հնարավոր է տրամադրված թվային կոդերում կամ դրանցում պարունակվող տվյալներում իրականացվեն ձեռքով փոփոխություններ և միջամտություններ, ապա տեխնիկապես այն հնարավոր չէ։ Data Matrix թվային կոդերը ձևավորվում և տրամադրվում են ավտոմատացված ծրագրային համակարգի միջոցով՝ սահմանված անվտանգության մեխանիզմների պահպանմամբ։ Տնտեսվարող սուբյեկտը տեխնիկական կամ իրավական որևէ հնարավորություն չունի փոփոխելու, խմբագրելու կամ վերաձևավորելու այդ կոդերում առկա տեղեկատվությունը»,- նշված է ընկերության պատասխանում։
Այն արտադրատեսակները, որոնց վրա փակցված Data Matrix կոդերը հետագայում դառնում են անընթեռնելի կամ տեխնիկական պատճառներով չեն նույնականացվում, ըստ մեզ ուղարկած պատասխանի, սահմանված կարգով վերադարձվում են ընկերություն և մուտքագրվում խոտանման պահեստ՝ համապատասխան ներքին հաշվառման փաստաթղթերի ձևակերպմամբ, որը օրենքը չի արգելում։ Նշվում է, որ ներկայում ընկերության պահեստներում առկա է զգալի քանակությամբ արտադրանք, որոնց վրա փակցված նույնականացման կոդերը դարձել են անընթեռնելի։
Պատասխանում ընդգծվում է նաև, որ գործարանի արտադրանքը արտադրվում և իրացվում է բացառապես Հարկային օրենսգրքի պահանջերին համապատասխան։
Ընկերությունը նաև որոշ մեկնաբանություններ է տվել կառավարության հետ դատական վեճի մասին, որին կանդրադառնանք առանձին։
«Ի-Մարկ». Թվային կոդերում կամ դրանցում պարունակվող տվյալներում հնարավոր է սիմվոլներ փոխել և արտատպել
Ֆիզիկապես վնասված թվային դրոշմապիտակների սքանավորման հնարավորությունը կախված է վնասվածքի աստիճանից։ Եթե Data Matrix ծածկագիրը վնասված է և խախտված է դրա ամբողջականությունն, ապա այն հնարավոր չէ սքանավորել։ Այս մասին մեր հարցմանն ի պատասխան նշել են «Ի-Մարկ» ՍՊԸ-ից։
Ընկերության պատասխանից ստացվում է, որ հավելվածով սքանավորելիս դրոշմապիտակի կոդի չաշխատելը չէր կարող պայմանավորված լինել պիտակի արտաքին վնասվածքով։ Այսինքն՝ եթե այն վնասվել է, ուրեմն հնարավոր չէր սքանավորել, իսկ եթե հաջողվել է սքանավորել, ապա խնդիրը վնասվածքը չէ, ինչպես պնդում են «Կիլիկիա» գարեջրի գործարանից։
«Եթե ծածկագրի ամբողջականությունը խախտված չէ ֆիզիկական վնասվածքի պատճառով, և հնարավոր է իրականացնել սքանավորում, ապա այդ դեպքում E-Mark հավելվածում կարտացոլվի տվյալ ծածկագրի մասին հասանելի տեղեկատվությունը, հակառակ դեպքում սքանավորում տեղի չի ունենա, և որևէ արդյունք չի արտացոլվի հավելվածում»,- նշել են «Ի-Մարկ»-ից։
«Ի-Մարկ»-ի պատասխանում մի քանի դրույթներ հակասում են «Կիլիկիա» գործարանի պնդումներին։ Այսպես, «Կիլիկիա»-ից, ինչպես նշեցինք վերևում, պատասխանել են, որ տնտեսվարող սուբյեկտը տեխնիկական կամ իրավական որևէ հնարավորություն չունի փոփոխելու թվային կոդերը։
«Ի-Մարկ»-ից հակառակն են պնդում։
«Datamatrix ձևաչափում զետեղված տեղեկատվությունը ինչպես հնարավոր է ընթերցել, այնպես էլ հնարավոր է իրականացնել դրանում զետեղված տեղեկատվության սիմվոլների փոփոխություն և կրկին արտատպում Datamatrix ձևաչափով։ Այս համատեքստում կարևոր է շեշտել, որ «Ի-Մարկ» համակարգի կողմից գեներացված որևէ ծածկագրի փոփոխման կամ վերատպման արդյունքում հնարավոր չէ իրականացնել փոփոխություն բուն թվային դրոշմավորման համակարգում ծածկագրերի վերաբերյալ գեներացված տեղեկատվության մասով, որտեղ արտացոլվում է ծածկագրերի ցանկացած շարժի մասին տեղեկատվությունը»,- մեր հարցմանն ի պատասխան նշել է «Ի-Մարկ» ՍՊԸ տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանում գարեջրի դրոշմավորումն իրականացվում է Կառավարության 2025 թվականի փետրվարի 6-ի թիվ 125-Ն որոշմամբ սահմանված կանոններով, որի համաձայն Data Matrix ծածկագրերը պետք է պահպանեն իրենց ընթեռնելիությունը ապրանքաշրջանառության ամբողջ շղթայի ընթացքում՝ դրանց շրջանառության մեջ դնելու պահից մինչև ապրանքի իրացումը սպառողին։ Եթե ծածկագիրը վնասված է կամ բացակայում է, ապա ապրանքը համարվում է չդրոշմավորված և ենթակա չէ օտարման։
«Տնտեսվարողների կողմից որպես լավագույն փորձ կիրառվում է ծածկագրերի եզրային հատվածների համարակալումը, ինչը հնարավորություն է տալիս նույնականացնել վնասված ծածկագիրը և «Ի-ՄԱՐԿ» թվային դրոշմավորման համակարգում առկա տվյալների հիման վրա իրականացնել ծածկագրի վերատպում»,- նշել են «Ի-Մարկ»-ից։
Մեր նախորդ հոդվածում անդրադարձել էինք «Կիլիկիա» գարեջրի այն շշերին, որոնց վրա փակցված թվային կոդերը E-Mark հավելվածով սքանավորելիս հաղորդագրություն է ստացվում, թե ապրանքը դրոշմավորված չէ։ «Ի-Մարկ» ընկերությունից պնդում են, որ այդ կոդերը հնարավոր է սքանավորել նաև այլ համապատասխան հավելվածների միջոցով։
Ներկայացված երկու հավելվածներով՝ Barcode Scanner-ով (Google Play) և QR Code & Barcode Scanner-ով (App Store) սքանավորելիս, մեր նշած «թվային դրոշմապիտակների» փոխարեն ստացվում են թվեր և սիմվոլներ, որոնք իրականում թվային կոդեր չեն։ Արդյո՞ք սա նշանակում է, որ դրանք պարզապես հին թվային կոդեր են, որոնց վրա որոշ սիմվոլներ են ավելացվել, թե՞ դրան այլ բացատրություն կա. հուսով ենք պարզաբանում ստանալ ՊԵԿ-ից։
Լուսանկարներում՝ «Կիլիկիա» գարեջրի գործարանը
Լուսանկարները՝ Ֆրունզ Ավետիսյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել