HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանյան պատերազմի ռազմավարական հետեւանքները Մերձավոր Արեւելքում և Հարավային Կովկասում

Ալեք Ենիգոմշյան

Իրանի ռազմավարական հզորացումը և Հայաստանի՝ թեեւ սահմանափակ, բայց նոր ընդլայնված մանեւրելու տարածքը

Անցնող ամիսներին համաշխարհային թիվ մեկ իրադարձությունը իրանյան պատերազմն էր։ Այդ պատերազմի ընթացքն ու արդյունքները երկարատեւ ազդեցություն են թողնելու ոչ միայն Մերձավոր Արեւելքում, այլեւ դրանից շատ ավելի հեռու՝ ուժերի ռազմավարական հարաբերակցության վրա։ Դրանք, բնականաբար, չեն կարող հետեւանքներ չունենալ նաեւ Հարավային Կովկասում եւ, հետեւաբար, Հայաստանին անմիջականորեն առնչվող հարցերում ուժերի ռազմավարական դասավորության վրա։

Պատերազմի և դրա թողնելիք աշխարհաքաղաքական ժառանգության առարկայական գնահատականը, հետեւաբար, չափազանց կարեւոր է Հայաստանի դիմագրաված խնդիրների ու նրա պաշտպանելիք շահերի տեսանկյունից։ Գնահատման փորձերն այս դեպքում սոսկ մտավարժանք չեն. սխալ պատկերացումները կարող են միայն հանգեցնել սխալ եզրակացությունների՝ իրենց հնարավոր վնասարար հետեւանքներով հանդերձ։

Այս խնդիրը լրացուցիչ կարեւորություն է ձեռք բերում, որովհետեւ Իսրայել–Թուրքիա հարաբերությունների մագլցող սրումը և Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը պատրանքներ են ստեղծել քաղաքական ու հանրային որոշ շրջանակներում։

Այս հոդվածի նպատակն է փորձել առարկայականորեն գնահատել պատերազմի ընթացքն ու դրա հետեւանքները Մերձավոր Արեւելքի և Հարավային Կովկասի վրա։

Այն հանգում է հետեւյալ եզրակացություններին.

  • ԱՄՆ-ն ու Իսրայելը իրանյան պատերազմում կրել են ռազմավարական ձախողում։
  • Իրանը ձեռք է բերել ռազմավարական դիրքերի հստակ հզորացում։
  • Իրանը եւ, ԱՄՆ-ի ու Իսրայելի դիրքերի թուլացման պատճառով, Թուրքիան դարձել են Մերձավոր Արեւելքի գլխավոր ուժերը։
  • Իրանի ռազմավարական դիրքերի հզորացումը բարելավում է նրա դիրքերը Հարավային Կովկասում։ Դա դեռեւս արմատապես չի փոխում տարածաշրջանի ռազմավարական աստիճանակարգը, որը շարունակում է բնութագրվել թուրք-ադրբեջանական գերակայությամբ, բայց ներկայացնում է որակական կարեւոր տեղաշարժ։ Դա առարկայականորեն ընդլայնում է Հայաստանի մանեւրելու տարածքը։

Վերը ակնարկված պատրանքների սխալականության տեսանկյունից՝ էական է նախավերջին կետը։ Հայաստանի ու նրան ընձեռված հնարավորությունների առումով՝ վերջինը։

Մեզ համար էականն այս վերջինն է։ Բայց այն հիմնավորելու համար անհրաժեշտ է նախ ճիշտ գնահատել պատերազմի ընթացքն ու դրա արդյունքները։

Ամերիկա-իսրայելական  պատերազմի նպատակները

ԱՄՆ-ն ու Իսրայելը փետրվարի 28-ին Իրանի դեմ պատերազմ ծավալեցին՝ հետապնդելով հետեւյալ նպատակները.

  • իրանյան ռեժիմի տապալում և արեւմտամետ ու իսրայելամետ կառավարության հաստատում։ Իսրայելի նպատակը, հնարավորության դեպքում, ավելի հեռու էր գնում՝ Իրանի մասնատում.
  • միջուկային հարստացման ծրագրերի դադարեցում և հարստացված ուրանի պաշարների առգրավում.
  • բալիստիկ հրթիռների արտադրության և կուտակման խիստ սահմանափակում.
  • տարածաշրջանում Իրանի դաշնակից և հարակից ուժերի, այդ թվում՝ Հեզբոլլահի, Եմենի հուսիների և այլոց հովանավորության ու աջակցության դադարեցում։

Շաբաթներ տեւած գերհուժկու օդային ռմբակոծությունների հետեւանքով Իրանը կրեց սպառազինության, ենթակառուցվածքների և տնտեսական կարողությունների արտակարգ ծանր վնասներ։

Բայց ԱՄՆ-ի և Իսրայելի հետապնդած նպատակներից ոչ մեկն իրականություն չդարձավ։ Ընդհակառակը։

Իրանը դիմանում է հարվածին և շրջում պատերազմի ռազմավարական ընթացքը

Վարելով ասիմետրիկ պատերազմի ռազմավարություն և հենվելով իր բալիստիկ հրթիռների ու անօդաչու թռչող սարքերի մեծ պաշարների արդյունավետ օգտագործման վրա՝ Իրանն ու նրա իշխող ռեժիմը ռազմավարական առումով ապացուցեցին, որ ոչ միայն կարող են դիմանալ հսկայական հարվածների՝ առանց անձնատուր լինելու, այլեւ պահպանել պատասխան հարված հասցնելու զգալի կարողություններ, ձեռք բերել գերազդու նոր լծակներ՝ առաջին հերթին Հորմուզի նեղուցի միջոցով, և շրջել պատերազմի ռազմավարական ընթացքը։

Այս պատկերն արդեն լիովին ձեւավորվել էր պատերազմի սկզբից համեմատաբար կարճ ժամանակ՝ մեկ շաբաթից տասը օր անց։

ԱՄՆ-ն ու Իսրայելը գրեթե վերացրին Իրանի վերջրյա ծովուժը եւ, թերեւս, նաեւ նրա արդեն իսկ մեծապես ժամանակավրեպ օդուժը։ Բայց դա էական նշանակություն չունեցավ պատերազմի իրական ընթացքի վրա, որովհետեւ Իրանի ռազմական գլխավոր լծակները նրա բալիստիկ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերն էին, ոչ թե դասական զինված ուժերը։

Առաջին իսկ օրերից նախագահ Թրամփի ու Իսրայելի պնդումները, թե Իրանի հրթիռների, դրանց արձակման հարթակների, ինչպես նաեւ անօդաչու թռչող սարքերի 80–90 տոկոսը ոչնչացվել է, ոչ միայն սխալ դուրս եկան, այլեւ հաջորդող շաբաթներին բազմիցս հերքվեցին ԱՄՆ-ի և այլ երկրների հատուկ ծառայությունների զեկույցների ու վերլուծությունների արտահոսքերով։

Իրանն արագորեն շրջեց պատերազմի ընթացքը։

Նրան հաջողվեց՝

  • ուժգին հարվածներ հասցնել իր հակառակորդներին.
  • քանդել եւ/կամ անօգտագործելի դարձնել տասնամյակներ շարունակ Ծոցի երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմաբազաների մեծագույն մասը.
  • իր ափերից հարյուրավոր ու հազարավոր մղոններով հեռու պահել ԱՄՆ հզոր արմադան՝ դրանով իսկ ռազմավարական առումով մեծապես սահմանափակելով նրա ներուժը.
  • վնասներ հասցնել Իսրայելի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին.
  • պատճառել ԱՄՆ-ի ու Իսրայելի՝ գերթանկ և շատ դանդաղ վերահամալրվող հակահրթիռային ու հակադրոնային հրթիռների պաշարների կեսից ավելիի սպառումը.
  • խարխլել Ծոցի պետությունների վստահությունն ԱՄՆ-ի նկատմամբ և նրանց մղել Իրանի հետ համակեցության ուղիներ փնտրելու. և այլն։

Հորմուզի նեղուցը. Իրանի ռազմավարական նոր լծակը

Այս ամենին հավելվեց Իրանի ձեռք բերած գերհզոր նոր լծակը՝ Հորմուզի նեղուցի վերահսկողությունը։

Նա այժմ ազդեցություն ունի համաշխարհային տնտեսությունը սնուցող կարեւորագույն երակներից մեկի վրա, այսինքն՝ տիրապետում է այնպիսի լծակի, որը բազմապատկում է նրա ռազմավարական կշիռը ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում։

Արդյունքում ոչ միայն ԱՄՆ-ին ու Իսրայելին չհաջողվեց իրականացնել իրենց հետապնդած նպատակներից որեւէ մեկը, այլ նրանց ծավալած պատերազմի հետեւանքով Իրանը ձեռք բերեց գերհզոր ռազմավարական նոր լծակ։

ԱՄՆ-ը և Իսրայելը կրել են ռազմավարական ձախողում։

ԱՄՆ-ի կողմից պատերազմի՝ նախկին ուժգնությամբ վերսկսումը գրեթե բացառված է։ Իսկ վերսկսման դեպքում այն ունենալու է միեւնույն ավարտը։

Ձախողում, որն ընդունում են նաեւ արեւմտյան համակարգի ներսում

Իրանի հզորացման և ամերիկա-իսրայելական ձախողման փաստը հաստատում են ոչ միայն հակաիսրայելյան կամ հակաամերիկյան համարվող վերլուծաբանները և ոչ միայն մեծ հեղինակություն վայելող ամերիկացի քաղաքագետները, այլեւ մարդիկ, որոնք տասնամյակներ շարունակ եղել են ամերիկյան ու իսրայելյան քաղաքականության ջերմեռանդ ջատագովներ, իրականացնողներ և նույնիսկ մշակողներ։

Նրանց թվում են, օրինակ, ամերիկյան նեոպահպանողականության հիմնադիրներից ու գլխավոր գաղափարախոսներից, Իսրայելի ջերմեռանդ աջակից Ռոբերտ Կագանը, բրիտանական MI6-ի նախկին ղեկավար սըր Ալեքս Յանգերը, ԱՄՆ Հակաահաբեկչության ազգային կենտրոնի ղեկավար Ջո Քենթը, որը պատերազմի ընթացքում՝ մարտ ամսին, հրաժարվեց զբաղեցրած պաշտոնից, և շատ ուրիշներ։

Այս գնահատականների նշանակությունը պայմանավորված չէ պարզապես դրանք արտահայտողների հեղինակությամբ։ Այն պայմանավորված է նաեւ նրանց ներկայացրած մտավոր և ինստիտուցիոնալ ավանդույթներով։

Երբ ամերիկյան հզորության, արեւմտյան անվտանգության հաստատությունների կամ Իսրայելի աջակցության հետ սերտորեն կապված կարիերա և գաղափարական համոզմունքներ ունեցող անձինք իրենք են արդյունքը բնութագրում որպես ձախողում, ռազմավարական հետընթաց կամ իրանյան լծակների հզորացում, նրանց գնահատականներն առանձնահատուկ ապացուցողական նշանակություն են ձեռք բերում։

Իսրայելը մնում է հզոր, բայց նրա տարածաշրջանային հավակնությունները ծանր պարտություն են կրել

Չնայած Իրանի նկատմամբ իր ռազմավարական ձախողմանը՝ Իսրայելը շարունակում է ահռելի ուժ ներկայացնել։

Բայց չպետք է մոռանալ, որ նրա՝ իր տարածքի ու բնակչության հետ անհամեմատելի հզորությունն առաջին հերթին պայմանավորված է ԱՄՆ-ի անսակարկ ու անմնացորդ աջակցությամբ։

1967 թվականից ձեւավորված ու հետզհետե ապառաժյա կարծրություն ստացած այդ աջակցությունն այսօր սկսում է երերալ։

Հակառակ Իսրայելի և ԱՄՆ-ում իսրայելական հզոր լոբբիի մեծ ճնշումներին՝ նախագահ Թրամփը չունի այլընտրանք և իր ստեղծած ճահճից նվազագույն վնասներով դուրս գալու ուղիներ է որոնում։

Անկախ Թրամփի հանգամանքից՝ իրանյան ֆիասկոն կրճատել և շարունակելու է կրճատել նոր արկածախնդրությունների դիմելու ԱՄՆ-ի «ախորժակը»։

Բացի այդ, ԱՄՆ-ում Իսրայելի նկատմամբ համակրանքը հասել է պատմական ցածրագույն մակարդակի, և դա այլեւս անցողիկ երեւույթ չէ։

Ամերիկա-իսրայելյան ռազմարշավի հաջողության դեպքում Իսրայելը դառնալու էր ամբողջ Մերձավոր Արեւելքի անմրցելի հեգեմոնը։

Այդ երազը տապալված է։

«Աբրահամյան համաձայնագրերը», դեռ իսկապես միս ու արյուն չստացած, հայտնվել են հոգեվարքի վիճակում։

Իսրայել և Թուրքիա. աճող լարվածություն, բայց ոչ իսրայելյան հեգեմոնիա

Իսրայելի հեգեմոնական հավակնությունների իրականացման դեպքում այն իր ամբողջ ուշադրությունը, բոլոր հնարավոր միջոցներով, ուղղելու էր Թուրքիայի թուլացմանը, չեզոքացմանը և աշխարհաքաղաքական աննշանության հասցնելուն։

Բայց նույնիսկ այդ դեպքում Իսրայել–Թուրքիա դեմ առ դեմ ռազմական լայնածավալ առճակատումը քիչ հավանական էր։

Ներկայում, երբ Իրանը ջախջախելու և տարածաշրջանի հեգեմոն դառնալու ծրագիրը տապալված է, Իսրայելն ի վիճակի չէ Թուրքիայի նկատմամբ հանդես գալ հեգեմոնի դիրքերից։

Անկարայի հետ լարվածությունն աճում է, բայց հրեական պետությունը բացարձակապես ի վիճակի չէ Թուրքիայի նկատմամբ իրականացնելու այն, ինչ երկրագնդի ամենահզոր ուժի՝ ԱՄՆ-ի հետ ձեռք ձեռքի տված չկարողացավ իրականացնել Իրանի նկատմամբ։

Սիրիայի տարածքում թուրք-իսրայելյան բախումների հավանականությունը չի կարելի բացառել։

Բայց Իսրայելի կողմից Թուրքիայի ջախջախման գաղափարը զառանցանքի ոլորտից է։

Իսրայելը մնում է հզոր։ Բայց այն ճգնաժամի մեջ է։

Մերձավոր Արեւելքի նոր ուրվագիծը

ԱՄՆ-ի ու Իսրայելի ռազմավարական ձախողման, առաջինի միջամտողական «ախորժակի» կրճատման և երկրորդի՝ գնալով ավելի աննախանձելի վիճակում հայտնվելու պայմաններում, անցնող երկու տասնամյակներում մեծ հզորություն կուտակած Թուրքիան, ռազմավարական առումով հզորացած Իրանի կողքին, դարձել է Մերձավոր Արեւելքի գլխավոր տարածաշրջանային ուժերից մեկը։

Չնայած այդ երկու երկրների պատմական մրցակցությանը և բազում առճակատումներին՝ առավել հավանական է, որ տեսանելի ապագայում նրանք կխուսափեն Մերձավոր Արեւելքում միմյանց հետ ուղղակի հակամարտության մեջ մտնելուց։

Ավելի հավանական է, որ ներկա փուլում նրանք կփորձեն ձեւավորել տարածաշրջանային, թեկուզ ժամանակավոր, նոր ճարտարապետություն՝ դրա մեջ ներառելով Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ, թերեւս, նույնիսկ Պակիստանը։

ԱՄՆ-ի ուղղակի օժանդակությամբ Իսրայելի ու «արեւմտամետ» դարձած Իրանի կողմից Թուրքիայի դեմ պատերազմ ծավալելու, նրան ջախջախելու և Հայաստանի «փրկությունն» այդ սցենարի մեջ տեսնելու պատկերացումները զառանցանք են։

Մերձավոր Արեւելքից դեպի Հարավային Կովկաս

Իրանյան պատերազմի արդյունքները, այնուամենայնիվ, փոփոխություն են մտցնում Հարավային Կովկասի ռազմավարական դասավորության մեջ՝ թեեւ առայժմ սահմանափակ և ոչ հեղափոխական աստիճանի։

Պատերազմը չի տապալել հետ-2020-յան տարածաշրջանային կարգը։

Այն չի վերացրել թուրք-ադրբեջանական գերակայությունը։

Այն Իրանին չի վերածել Հարավային Կովկասի գերիշխող ուժի։

Բայց այն կարող է տարածաշրջանային կարգը դարձնել ավելի քիչ միակողմանի։

Հենց այստեղ է Հայաստանի համար ի հայտ գալիս նոր հնարավորություն՝ մանեւրելու տարածքի ընդլայնում, կրկին՝ առայժմ սահմանափակ, բայց, այնուամենայնիվ, իրական։

Շարունակելի

Իրանյան պատերազմի հետեւանքները Հարավային Կովկասի և Հայաստանի համար. Իրանը ձեռք է բերում ազդեցության նոր լծակներ, Հայաստանը՝ մանեւրելու ավելի լայն տարածք

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter