Անգլիայի հավաքականը լրացուցիչ ժամանակում հաղթեց Նորվեգիային և դուրս եկավ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ
Անգլիայի ազգային հավաքականը Մայամիում կայացած Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ հանդիպմանը լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Նորվեգիայի ընտրանու նկատմամբ: Առաջին գնդակը սեփական դարպասն ընդունելով՝ անգլիացիները Ջուդ Բելինգեմի դուբլի շնորհիվ Աշխարհի առաջնությունում կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեցին:
Մեկնարկային րոպեներին թիմերը պասիվ էին հարձակման գծում: Խաղի առաջին վտանգավոր պահը 19-րդ րոպեին ստեղծեց Անգլիան, Ջուդ Բելինգեմի գլխով հարվածից հետո գնդակը շեղ ընթացավ: Անգլիացիները շարունակեցին ճնշում գործադրել նորվեգացիների տուգանային հրապարակում, սակայն հաշիվը բացել չստացվեց:
Նորվեգիայի հավաքականն աստիճանաբար ակտիվացավ. Յուլիան Ռյուերսոնի փոխանցումից հետո Էռլինգ Հոլանդի գլխով հարվածին տիրեց Ջորդան Փիքֆորդը: Շատ չանցած «վիկինգները» բացեցին հանդիպման հաշիվը, երբ Անդրեաս Շյելդերուպը գնդակն ուղարկեց անգլիացիների դարպասում: Գոլից հետո նորվեգացիները մոտ էին հաշիվը կրկնապատկելուն, սակայն Ալեքսանդր Սյորլոտը գլխով շեղ հարվածեց, իսկ Մարտին Էդեգորի հարվածը հետ մղեց Փիքֆորդը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Անգլիայի հավաքականը պատժեց մրցակցին. Էնթոնի Գորդոնի փոխանցումից հետո Բելինգեմը ներխուժեց տուգանային հրապարակ և հաշիվը դարձրեց 1:1՝ խփելով իր 5-րդ գոլն այս առաջնությունում:
Երկրորդ խաղակեսի մեկնարկում Անգլիայի դարպասապահ Ջորդան Փիքֆորդը հետ մղեց Սյորլոտի և Հոլանդի վտանգավոր հարվածները: Քիչ անց նորվեգացիների անկյունայինի խաղարկումից հետո գնդակը հայտնվեց մրցակցի դարպասում, սակայն VAR համակարգի միջամտությունից հետո մրցավարը չեղարկեց գոլը՝ արձանագրելով կանոնների խախտում: Խաղավարտից 14 րոպե առաջ Նորվեգիան ևս մեկ հիանալի պահ ունեցավ, սակայն Քրիստոֆեր Այերի հարվածից հետո գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին:
Հիմնական ժամանակի վերջնամասում անգլիացիները մեծացրին ճնշումը, բայց հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով:
Լրացուցիչ ժամանակում Անգլիայի հավաքականն ավելի ակտիվ էր. նախ Նյուլանդը հետ մղեց Քեյնի վտանգավոր գլխով հարվածը, սակայն քիչ անց նա անհաջող հեռացրեց Մորգան Ռոջերսի հարվածը, ինչից հետո Ջուդ Բելինգեմը վրա հասավ և հաշիվը դարձրեց 2:1: 99-րդ րոպեին անգլիացիները կարող էին երրորդը խփել, սակայն VAR համակարգը չեղարկեց Անգլիայի օգտին նշանակված տասնմեկմետրանոցը։
Նորվեգիայի հավաքականը ծանր կորուստ ունեցավ, Էռլինգ Հոլանդի վնասվածքի պատճառով ստիպված եղավ լքել դաշտը: Վերջին րոպեներին Պատրիկ Բերգի հարվածից հետո գնդակը բարձր ընթացավ, իսկ Նյուլանդը կրկնակի սեյվով փրկեց իր թիմին, և խաղի մնացած ժամանակահատվածում այլ գոլեր չարձանագրվեցին:
Անգլիայի հավաքականը դուրս եկավ Աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Արգենտինա - Շվեյցարիա զույգի հաղթողի հետ: Նորվեգիայի հավաքականը տպավորիչ ելույթներից հետո լքեց Աշխարհի առաջնությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել