ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Կիևին, իսկ Ուկրաինան հարձակվել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա
Ռուսական զորքերը հուլիսի 14-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին։ Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է Գոլոսեևսկի շրջանի պահեստներում հրդեհի մասին, իսկ Դարնիցկի շրջանում էլ ավտոմեքենաներ են այրվել: Կլիչկոյի տվյալներով՝ տուժածներ չկան։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հուլիսի 14-ի առավոտյան հայտարարել է, որ «Կիևում խոցվել են ռազմարդյունաբերական ձեռնարկություններ, որոնք մասնակցում են տարբեր տեսակի հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման ու արտադրության գործընթացին»:
Ռուսական ռազմական գերատեսչությունը հայտնել է, որ հարված է հասցվել նաև «Օդեսայի մարզում գտնվող նավահանգստային ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի վառելիքաքսուքային նյութերի բեռնաթափման ու պահպանման համար»: Օդեսայի մարզի իշխանությունները հայտնել են, որ ռուսական անօդաչուները ձեռնարկություններից մեկի տարածքում վնասել են բեռնատար 11 ավտոմեքենայի, ավտոնորոգման արհեստանոցների և մեկ բենզատարի:
Ուկրաինայի զինված ուժերն էլ հուլիսի 14-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Բաշկորտոստանի Սալավատ քաղաքում և Կրասնոդարի երկրամասի Աֆիպսկի գյուղում գտնվող նավթավերամշակման գործարանների վրա:
Սալավատում հարվածի տակ է հայտնվել Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման համալիրներից մեկը՝ «Գազպրոմ նեֆտեխիմ Սալավատը»: Astra-ն գրում է, որ ստացված լուսանկարների ու տեսանյութերի հիման վրա կարելի է պնդել, որ նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով՝ Սալավատում հրդեհվել է նաև «Ռոսնեֆտ-Օպտ» նավթաբազան։
Բաշկորտոստանի ղեկավար Ռադի Խաբիրովը հաստատել է անօդաչուների հարձակման լուրը։ «Ծխի մի շարք օջախներ կան»,- տելեգրամյան իր ալիքում գրել է նա՝ հավելելով, որ տուժածներ չկան:
Կրասնոդարի երկրամասում էլ անօդաչուների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Աֆիպսկի նավթավերամշակման գործարանում: Տարածաշրջանի օպերատիվ շտաբը նաև հայտարարել է «Աֆիպսկի գյուղի, Սմոլենսկայա ստանիցայի և Կովալենկո խուտորի 16 հասցեներում բեկորների ընկնելու մասին»: Վնասվել են բնակելի մի քանի տների տանիքներ և ճակատներ, տուժել է 1 մարդ։
Անօդաչուների հարվածների պատճառով ռուսական նավթավերամշակման գործարանները ստիպված են դադարեցնել կամ արդեն իսկ դադարեցրել են աշխատանքը։ Bloomberg-ի տվյալներով՝ հունիսին Ռուսաստանում նավթավերամշակումը նվազել է մինչև վերջին 21 տարվա նվազագույն ցուցանիշը։
Լուսանկարը՝ Astra-ից, արխիվային
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել