HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը Կոնգրեսին տեղեկացրել է Իրանի դեմ մարտական գործողությունների վերսկսման մասին

ԱՄՆ-ն հուլիսի 14-ի գիշերը շուրջ 5 ժամ հարվածներ է հասցրել Իրանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտներին։ Ամերիկյան Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է, որ հարվածների թիրախում եղել են Բուշեհր, Չաբահար, Ջասկ, Կոնարակ, Աբու Մուսա և Բենդեր Աբաս քաղաքներում գտնվող ռազմական օբյեկտները։

Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ հարվածներն իրականացվել են, որպեսզի «նվազեցվեն Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի վրա հարձակումների Իրանի կարողությունները»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 13-ի երեկոյան Կոնգրեսին պաշտոնապես ծանուցել է Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման մասին։ Ինչպես գրում է CNN-ը, Թրամփը հայտարարել է, որ խոսքը «սահմանափակ հարվածների» մասին է, որն իրականացվում է այնպես, որ «նվազագույնի հասցվի քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի թիվը»։

Ինչպես փոխանցում է Reuters-ը, Իրանն իր հերթին հայտարարել է, որ հարձակվել է Հորդանանում գտնվող ավիաբազայի վրա, որն օգտագործվում է ամերիկյան զինուժի կողմից։ Հորդանանի և Բահրեյնի իշխանությունները հայտնել են, որ հակաօդային պաշտպանության միջոցները հաջողությամբ խոցել են իրանական հարձակումները։

Reuters-ը, հղում անելով Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության նախարարությանը, հայտնում է, որ իրանական հրթիռները հարվածել են նաև Հորմուզի նեղուցում գտնվող «Մոմբասա» և «Ալ-Բահիա» նավթատար նավերին։ Իրանի իշխանությունները հայտարարել են, որ տանկերները խախտել են Հորմուզի նեղուցով անցնելու արգելքը:

ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի վերջին սկսել էին հարվածներ հասցնել Իրանին։ Վերջինս հրթիռներով և անօդաչուներով հարձակվել էր Պարսից ծոցի մյուս երկրների վրա, որտեղ տեղակայված էին ամերիկյան ռազմակայանները։ 

Հունիսի կեսերին Միացյալ Նահանգները և Իրանը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր։ Այն նախատեսում է 60-օրյա հրադադար և վերջնական խաղաղության համաձայնագրի շուրջ երկկողմ բանակցություններ։ Սակայն Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարի ռեժիմը փաստացի այլևս չի գործում։ «Ես կարծում եմ, որ դա (հրադադարի ռեժիմը՝ խմբ.) ավարտվել է։ Ես այլևս չեմ ուզում նրանց (Իրանի՝ խմբ.) հետ գործ ունենալ»,- հայտարարել էր Թրամփը։ Վերջինս հավելել էր, որ դեռ կզրուցի ամերիկացի բանագնացների հետ, բայց, իր կարծիքով, հետագա բանակցությունները «ժամանակի անիմաստ կորուստ են»։

Լուսանկարը՝ Saul Loeb/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter