HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Թվային լուծումները՝ «Հայհիդրոմետի» համար. ինչպե՞ս են նոր գործիքներն օգնում կանխատեսել Հայաստանի էկոլոգիական ռիսկերը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ամեն օր Հայաստանի շրջակա միջավայրի մասին հսկայական տվյալներ է ստանում, որոնք վերլուծելու համար շատ ժամանակ ու ռեսուրսներ են պետք։ Տեխնոլոգիական զարգացմանը զուգընթաց՝ այս գործընթացը հեշտացել ու արագացել է, իսկ տեխնիկական լուծումները՝ շատացել։ Տվյալների մշակումն ավելի արդյունավետ դարձնելու համար Հայաստանի ամերիկյան համալսարանում Հովնանյան ընտանեկան հիմնադրամի բնապահպանական դրամաշնորհով երեք ծրագիր են ստեղծել, որոնք հուլիսի 13-ին` ամփոփիչ միջոցառման ժամանակ, ներկայացվեցին հանրությանը։ 

Ամերիկյան համալսարանի տվյալագիտության ծրագրի ղեկավար Հաբեթ Մադոյանը, համալսարանի դասախոս, Հետազոտական կենտրոնի հետազոտող Վահե Մովսիսյանը և ուսանող Իննա Կարապետյանն աշխատել են երեք ուղղությամբ՝ վերլուծել են Հայաստանում գետերի վարարումների մասին տվյալներն ու կանխատեսումներ արել, դիտարկել Երևանի օդի աղտոտվածության ցուցանիշիներն ու մշակել կլիմային առնչվող պատմական տվյալները։

«Քանի որ տվյալները շատ են, վերլուծելը շատ ժամանակատար է։ Կարիք կար տվյալների վերլուծությունն ավտոմատացնելու, որ մեր կոլեգաները 10 ժամվա գործը կարողանան անել, ասենք, 10 րոպեում։ Դրանով նրանք թե՛ խնայում են ժամանակը, թե՛ զարգանում են ու զուգահեռ այլ կարևոր գործեր անում»,- նշում է հետազոտող Վահե Մովսիսյանը:

Մովսիսյանը նշում է՝ վերջին տարիներին Հայաստանում գետերի վարարումները դարձել են լուրջ մարտահրավեր։ Այս ռիսկերը կանխարգելելու համար անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք վարարումներն ավելի հաճախակի ու շուտ են սկսվում, և ինչպիսին է դրանց դինամիկան։

Թիմն այս խնդրի լուծման համար օգտագործել է Հայաստանի շուրջ 60 հիդրոլոգիական և օդերևութաբանական կայանների տվյալները, որոնք ժամային ռեժիմով չափում են ջրի ելքերը, ջերմաստիճանը և տեղումները։

«Վիճակագրական վերլուծություններով փորձում ենք կանխատեսել ջրի ելքերը՝ կախված տեղումներից ու ջերմաստիճանից։ Օրինակ՝ ի՞նչ տեղի կունենա, եթե Վանաձորում ուժեղ անձրև լինի, արդյոք դա Աղստևի վրա կազդի և կբերի ջրհեղեղի վտանգի։ Անվտանգության և ռիսկերի մինիմալացման տեսանկյունից այսպիսի վերլուծությունները չափազանց օգտակար են»,- բացատրում է Վահե Մովսիսյանը։

Մյուս ուղղությունը Երևանի օդի աղտոտվածության մոնիթորինգն է։ Ներկայումս «Հայհիդրոմետն» ունի երկու նոր ավտոմատացված կայան, որոնց տվյալների հիման վրա թիմը ստեղծել է հատուկ հարթակ։ Թեև այժմ գործիքը ներքին սպառման համար է, վերջնական նպատակն այն ինչ-որ մասով հասանելի դարձնելն է, որ փողոցում քայլելիս կարողանաս ստուգել՝ ինչ օդ ես շնչում։

«Այս պահին տվյալները ստացվում են Excel ֆայլերով, բայց երբ ցանցը մեծանա, այն պետք է կցվի անմիջապես տվյալներ գեներացնող համակարգին, որպեսզի իրական ժամանակում թարմացվի։ Մարդիկ կարող են 10 րոպեն մեկ մտնել ու տեսնել օդի որակը»,- ասում է մասնագետը։

Երրորդ նախագիծը վերաբերում է կլիմայական պատմական տվյալների (սկսած 1948 թվականից) մշակմանը։ Սա օգնում է զտել այն տատանումները, որոնք կապված չեն կլիմայի փոփոխության հետ, այլ պայմանավորված են տեխնիկական պատճառներով, օրինակ՝ նոր սարքավորումներով։

«Եթե պարզապես վերցնես վիճակագրական տվյալն ու սկսես մեկնաբանել, կարող է ինչ-որ ցուցանիշ բացատրվի ոչ թե կլիմայական պատճառներով, այլ տեխնիկական։ Մենք փորձում ենք նույնականացնել այն տատանումները, որոնք կլիմայական չեն, շտկել դրանք և ստանալ ավելի որակյալ տվյալներ։ Որակյալ տվյալներն էլ կբերեն որակյալ արդյունքների»,- բացատորւմ է հետազոտողը։

Նախագծի հեղինակները վստահ են՝ Հայաստանում կան հսկայական էկոլոգիական տվյալներ, որոնք դեռևս բավարար չափով չեն օգտագործվում գիտական և կիրառական նպատակներով։

«Աշխարհը շատ մեծ արագությամբ առաջ է գնում։ Կլիմայական տվյալների վերլուծության նոր տեխնոլոգիաներ կան, նոր քարտեզներ, տիեզերական նկարների վերլուծություններ։ Հաստատ կարիք կա, որ տեղում սկսենք ակտիվորեն օգտագործել։ Այս ուղղությունը պետք է անընդհատ առաջ գնա»,- ասում է Վահե Մովսիսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter