HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եվրոպական խորհրդարանում քննարկվեց հայ գերիների հարցը. շոշափելի փոփոխությունների ակնկալիքն իրատեսական չէ

Այսօր Եվրոպական խորհրդարանում քննարկում էր կազմակերպվել Ադրբեջանում պահվող հայ գերիների իրավունքների պաշտպանության և այս խնդրի լուծման հարցում Եվրամիության դերի վերաբերյալ։

Քննարկմանը մասնակցում էր երկու պատգամավոր՝ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքի խմբի կիպրոսցի անդամ Կոստաս Մավրիդեսը և Եվրոպական ժողովրդական կուսակցության (Քրիստոնեա-դեմոկրատներ) խմբի սլովակ անդամ Միրիամ Լեքսմանը։

Իր ելույթում Կոստաս Մավրիդեսն ընդգծեց Եվրոպական խորհրդարանի ընդունած երկու բանաձևերը, որոնցով ԵԽ-ն խստորեն դատապարտել էր Ադրբեջանում հայ գերիների անարդար կալանավորումը և կոչ էր արել Ադրբեջանին անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրանց։ 

Քննարկման հարցուպատասխանի ընթացքում գլխավոր հարցը, որ տարբեր ձևակերպումներով հնչեց մի քանի անգամ, Եվրամիության ու Ադրբեջանի հարաբերությունների մասին էր, որտեղ հստակ երևում են Միության երկակի ստանդարտներն ու մոտեցումները։

Եվրոպական խորհրդի ղեկավար Ուրսուլա Ֆոն դեր Լայենը Ադրբեջան իր վերջին այցի ժամանակ գովել էր Իլհամ Ալիևին խաղաղության հարցում առաջնորդություն ցուցաբերելու համար և Ադրբեջանին հերթական անգամ անվանել էր վստահելի գործընկեր։ 

Այցի ժամանակ կալանավորված հայ գերիների և նույնիսկ ադրբեջանցի ակտիվիստների ու լրագրողների մասին խորհրդի ղեկավարը դիվանագիտորեն լռել էր։

Միրիամ Լեքսմանի կարծիքով՝ նշված բանաձևերը հստակ արտացոլում են Եվրոպական խորհրդարանի քաղաքական դիրքորոշումը հայ ռազմագերիների ազատ արձակման հարցում, սակայն վերջինս Եվրամիության արտաքին քաղաքականությունը որոշելու մանդատ չունի։ 

«Այս հարցերը պետք է տալ անդամ պետություններին»,- ասաց պատգամավորը։

Նշենք, որ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևերը պարտավորեցնող չեն։

Կոստաս Մավրեդիսն իր հերթին անկեղծացավ՝ ասելով, որ հոգնել է տարիներ շարունակ տեսնելով Եվրամիության արտաքին քաղաքականության կեղծավորությունը։ 

«Ես այստեղ եմ արդեն տասներկու տարի ու այլևս չեմ կարող դիմանալ ու չեմ կարող ընդունել այս կեղծավորությունը։ Ու հենց այս պատճառով ես թողել եմ դիվանագիտական լեզուն»,-ասաց նա։ 

Քննարկմանը ելույթ ունեցավ նաև «Միջազգային և համեմատական ​​իրավունքի կենտրոնի» տնօրեն Սիրանուշ Սահակյանը։ Նա ընդգծեց, որ Բաքուն օգտագործում է հայ գերիներին որպես դիվանագիտական ճնշման գործիք Հայաստանի վրա։

«Հետքի» հարցին, թե ինչպես կարելի է գնահատել հայ գերիների ազատման հարցում Հայաստանի կառավարության ջանքերը, տիկին Սահակյանը նշեց, որ Հայաստանի կառավարությունը բարձրացնում է հարցը տարաբնույթ հարթակներում։ 

«Մտահոգիչ է այն, որ շատ քննարկումներ տեղի են ունենում երկկողմ բանակցային հարթակում, և այդ քննարկումները թափանցիկ չեն… գերիների ազատ արձակման դիմաց կորզվում են զիջումներ, որոնք բնույթով քաղաքական են»,-ասաց նա։

Քննարկմանը ներկա էր նաև Բաքվում պահվող Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը։ Նա ներկայացրեց իր հոր ձերբակալման պատմությունը: 

«Արդեն հազար օրից ավելի է մենք մշտական անհանգստության ու ծանր ապրումների մեջ ենք: Ադրբեջանում մեկնարկած կեղծ դատավարության արդյունքում հայրս դատապարտվեց ցմահ ազատազրկման»,-ասաց նա։ 

Արմեն Իշխանյանի կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև  խաղաղության բանակցություններում չկա որևէ անդրադարձ հակամարտության հումանիտար կողմին, և դրանք չեն հանգեցրել հայ ռազմագերիների ազատ արձակմանը։ 

«Թեև միջազգային հայտնի գրեթե բոլոր խաղաղության համաձայնագրերը հանգեցրել են առաջին հերթին հենց ռազմագերիների ազատ արձակմանը»,-ասաց նա։ 

Ելույթ ունեցան նաև  «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» (CSI) հասարակական կազմակերպությունից Ջոել Վելդկամպը, «Մարդու իրավունքների միջազգային գործընկերությունից» (IPHR) Սիմոն Պապուաշվիլին և ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարամպետյանը։

Բրյուսել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter