HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Երկու անպատասխան գնդակ՝ Ֆրանսիայի դարպասում. Իսպանիան եզրափակչում է

Իսպանիայի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ և նվաճեց եզրափակչի ուղեգիր:

Խաղասկզբում թիմերը զգուշավոր էին գործում, սակայն «Ֆուրիա Ռոխան» ավելի վստահ տեսք ուներ և ավելի շատ էր տիրում գնդակին: Հանդիպման 22-րդ րոպեին Իսպանիան բացեց հաշիվը. Լամին Յամալը տուգանային հրապարակում խլեց գնդակը Լյուկա Դինից, ինչից հետո նրա նկատմամբ կանոնների խախտման համար նշանակված տասնմեկմետրանոցն անվրեպ իրացրեց Միկել Օյարսաբալը:

Ֆրանսիայի կազմում Բրադլի Բարկոլան վտանգավոր պահ ունեցավ, սակայն շեղ հարվածեց, իսկ քիչ անց Իսպանիան կարող էր կրկնապատկել հաշիվը, երբ դարպասապահ Մայք Մենյանի սխալից հետո Դայո Ուպամեկանոն մեծ դժվարությամբ արգելափակեց Ֆաբիան Ռուիսի հարվածը: Խաղակեսի վերջնամասում Ֆրանսիան փորձեց պատասխանել, սակայն դարպասապահ Ունաի Սիմոնը ժամանակին դուրս եկավ իր դիրքից և հեռացրեց գնդակը, նախքան դրան կհասներ Մբապեն:

58-րդ րոպեին Իսպանիան կրկնապատկեց իր առավելությունը: Պեդրո Պոռոն, խաղարկելով գնդակը Դանի Օլմոյի հետ, գրավեց Մենյանի պաշտպանած դարպասը՝ խփելով իր երկրորդ գոլը ազգային հավաքականի կազմում: Շուտով Յամալը երրորդ գնդակն ուղարկեց ֆրանսիացիների դարպասը, սակայն գոլը չարձանագրվեց խաղից դուրս վիճակի պատճառով:

Խաղի վերջնամասում Ֆրանսիայի հավաքականը փորձեց փոխել հաշիվը. Աուրելիեն Չուամենիի գլխով հարվածից հետո գնդակն անցավ դարպասաձողի վրայով, իսկ Մբապեի հարվածը անդրադարձից հետո շեղ ընթացավ: Խաղի մնացած ժամանակահատվածում գոլեր չգրանցվեցին՝ 2:0: Իսպանիայի հավաքականը ընթացիկ առաջնությունում գրանցեց իր 6-րդ «չոր» հանդիպումը:

Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Աշխարհի առաջնության եզրափակիչ, որտեղ կմրցի Անգլիա - Արգենտինա զույգի հաղթողի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter