ՄՕԿ-ը տեղյակ է ՀԱՕԿ-ի շուրջ ստեղծված իրավիճակից. ի՞նչ պատժամիջոցներ են նախատեսված օլիմպիական խարտիայով
Միջազգային օլիմպիական կոմիտեից (ՄՕԿ) «Հետքին» հայտնել են, որ կառույցը տեղեկացվել է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) շուրջ ստեղծված իրավիճակի մասին եւ կապի մեջ է եղել ՀԱՕԿ-ի հետ՝ ուշադիր ուսումնասիրելու բոլոր վերաբերելի տարրերը եւ փնտրելու համապատասխան լուծումներ՝ ՀԱՕԿ-ը, որպես ինստիտուտ, պաշտպանելու եւ Հայաստանում օլիմպիական շարժման ու մարզիկների շահերը ապահովելու համար:
Հիշեցնենք, որ գործարար, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում իրավապահները կապարակնքել են ոչ միայն նրան պատկանող ձեռնարկությունների դռները, այլեւ փակել են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դռները, ինչով ՀԱՕԿ-ի գործունեությունը փաստացի դադարեցվել է: Նույնը վերաբերում է «Օլիմպավան» մարզական համալիրին, որը պատկանում է Ծառուկյանին:
Բացի դրանից՝ ապրիլի 9-ին Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան, որի նախագահը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է, ՀԱՕԿ-ի դեմ հայց է ներկայացրել Երեւանի քաղաքացիական դատարան՝ պահանջելով 2025 թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գ. Ծառուկյանի եւ ՀԱՕԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները եւ որպես դրա հետեւանք անվավեր ճանաչել 2025 թ. սեպտեմբերի 9-ից հետո վերստուգիչ հանձնաժողովի կողմից կայացված բոլոր որոշումները եւ գործողությունները։ Ապրիլի 10-ին դատավոր Անուշավան Մուշեղյանը հայցը վարույթ է ընդունել:
Օլիմպիական խարտիան հստակ սահմանում է, որ «ազգային օլիմպիական կոմիտեները պետք է պահպանեն իրենց ինքնավարությունը եւ դիմադրեն ցանկացած ճնշման, ներառյալ, բայց չսահմանափակվելով, քաղաքական, իրավական, կրոնական կամ տնտեսական ճնշումները, որոնք կարող են խանգարել նրանց հատեւել օլիմպիական խարտիային»:
Օլիմպիական խարտիան խախտելու դեպքում ազգային օլիմպիական կոմիտեների (ԱՕԿ) դեմ կարող են կիրառվել պատժամիջոցներ:
Մասնավորապես՝ տվյալ ԱՕԿ-ի անդամությունը ՄՕԿ-ին կարող է կասեցվել: Այս պարագայում ՄՕԿ-ի գործադիր կոմիտեն (IOC Executive Board) որոշում է հետեւանքները տվյալ ԱՕԿ-ի եւ նրա մարզիկների համար:
Պատժամիջոցներից մյուսը ԱՕԿ-ի ճանաչման ժամանակավոր հետկանչն է, որը եւս ՄՕԿ-ի գործադիր կոմիտեի իրավասությունն է:
Երրորդը ԱՕԿ-ի ճանաչման ամբողջական հետկանչն է, որը ՄՕԿ-ի գագաթնաժողովի (Session) իրավասությունն է: Այս պարագայում ԱՕԿ-ը զրկվում է օլիմպիական խարտիայի համաձայն իրեն տրված բոլոր իրավունքներից:
Չորրորդ պատժամիջոցը ՄՕԿ-ի գագաթնաժողով (Session) կամ օլիմպիական կոնգրես (Olympic Congress) անցկացնելու իրավունքից զրկելն է:
ՄՕԿ-ից չեն պատասխանել «Հետքի» հարցին, թե ընթացիկ վիճակը հաշվի առնելով՝ արդյոք Միջազգային օլիմպիական կոմիտեն ներկայում դիտարկում է ՀԱՕԿ-ի դեմ որեւէ ժամանակավոր միջոց կամ պատժամիջոց կիրառելու հարցը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել