HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ-ում կձևավորվի պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանի կատալոգ

Կառավարությունը հաստատել է Տվյալների դասակարգման համակարգ ստեղծելու և դրա կիրառման կարգը։ Այն կնպաստի Պետական տեղեկատվական համակարգում կիրառվող դասակարգիչների կառավարման, հաստատման, փոփոխման և չեղարկման ընթացակարգերի կանոնակարգմանն ու միասնականացմանը:

«Կառավարությունն ընդունել է «Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը ստեղծելու և դրա կիրառման կարգը հաստատելու մասին» որոշում։ Ըստ հիմնավորման՝ Պետական տեղեկատվական համակարգի կառավարչական համակարգը (ՊՏՀ ԿՀ) կազմված է Պետական տեղեկատվական համակարգը կառավարող տեղեկատվական համակարգից և դրա կառավարման սկզբունքներից։ ՊՏՀ ԿՀ հիմնական նպատակն է ապահովել բավարար գործիքակազմ պետական տեղեկատվական համակարգի կառավարման համար, որով կապահովվի ՊՏՀ գործունեության թափանցիկությունը, ՊՏՀ զարգացման պլանավորումը, տվյալների շտեմարանների համապատասխանության վերահսկման գործառույթը։ Հայաստանի Հանրապետությունում ներկայումս բացակայում է ՊՏՀ ԿՀ, որը հանգեցրել է պետական մարմինների տեղեկատվական համակարգերի ոչ ստանդարտացված լուծումների և համահավասար զարգացման, ինչն էլ իր հերթին բերում է փոխգործելիության խնդիրների։ ՊՏՀ ԿՀ-ի նպատակն է երաշխավորել պետական հատվածի տեղեկատվական համակարգերի թափանցիկ, հավասարակշռված և արդյունավետ կառավարումն ու զարգացումը: Այն կնպաստի ՀՀ-ում տեղեկատվական համակարգերի արդյունավետ կառավարմանը, մասնավորապես՝ պետական տեղեկատվական համակարգին միանալու հայտ ներկայացրած տվյալների շտեմարանների ՀՏՄ օրենքի պահանջներին համապատասխանության գնահատմանը, տվյալների շտեմարանների հիմնադիրների կամ կառավարիչների և գնահատող մարմինների համար հարմար հաղորդակցման ուղու տրամադրմանը, համապատասխանության գնահատման գործընթացում ներգրավված մարմինների դերաբաշխումների սահմանմանը՝ հատկապես անձնական տվյալների պաշտպանության ոլորտում լիազորված մարմնի հետ, պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանների փաստաթղթավորմանը և ցանկացած փոփոխությունների պահպանմանը։ Արդյունքում՝ կձևավորվի պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանի կատալոգ։

Ինչպես նշել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը, որոշումները վերաբերում են թվային տվյալների մասով ստանդարտ սահմանելուն:

Փոխնախարարը հիշեցրել է, որ անցած տարվա վերջում ընդունվել է «Հանրային տեղեկությունների մասին» օրենքը, որի 20-րդ հոդվածը հստակ ձևակերպում է, թե ինչ ենթահամակարգեր էր պետք ստեղծել համակարգը աշխատեցնելու համար: Խոսքը 5 ենթահամակարգերի՝ տվյալների դասակարգման, ազգային-տարածական տվյալների ենթակառուցվածքի, տեղեկատվական համակարգերի անվտանգային միջոցների համակարգերի, տվյալների փոխանակման և պետական տեղեկատվական համակարգի կառավարման համակարգի մասին է:

Գևորգ Մանթաշյանի խոսքով՝ այս համակարգերի փոխգործելիությունը և մի ստանդարտով իրար հետ շփվելը շատ կարևոր են, որպեսզի ճշգրիտ և առանց խափանումների տեղեկություններ փոխանակվեն համակարգերի միջև: «Օրենքը, որը մենք ընդունում էինք, մի շատ կարևոր սկզբունք էր ամրագրում՝ «տվյալը մեկ անգամ» գաղափարը, որը նշանակում էր, որ եթե մի տեղեկություն որևէ պետական տեղեկատվական համակարգում արդեն իսկ ներկայացվում է, երկրորդ անգամ պետք չէ այն ներկայացնել։ Բայց որպեսզի դա տեղի ունենա, կարևոր է, որ մի ստանդարտով լինեն այդ տեղեկությունները։ Այս որոշումով մենք այդ ստանդարտն ենք ձևակերպում, թե ինչ ձևով պետք է լինի, ինչ ձևաչափով պետք է տեղեկությունները հավաքագրվեն»,- նշել է փոխնախարարը։

Գևորգ Մանթաշյանը պարզաբանել է՝ օրինակ, պետական ռեգիստրում բնակության վայրի տեղեկությունը մի տեղ գրված է «Երևան», մի տեղ՝ «Եր» և այլն, և որպեսզի այս ձևակերպումները վերանան՝ սահմանվում է մի ձև բոլոր շտեմարանների համար:

Թեմայի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են մի շարք հարցադրումներ եւ առաջարկություններ:

Կարևորելով ընդունված որոշումը՝ Մհեր Գրիգորյանը նշել է. «Այս փուլից սկսած մենք այնպես պետք է անենք, որ բոլոր պրակտիկաներում հստակ ամրապնդվի՝ մենք գնում ենք տվյալների իրավական լիարժեք ուժի սկզբունքով։ Հակառակ դեպքում՝ մենք երբեք չենք ունենա թվայնացում, ինչը նշանակում է, որ երբեք չենք ունենա քաղաքակիրթ ծառայությունների մատուցման հնարավորություն։ Իսկ դա անթույլատրելի է։ Եթե անհրաժեշտություն կա ինչ-որ լավարկումների, փոփոխությունների, իմ խնդրանքն է, որ զուգահեռ իրականացնենք»,-ասել է փոխվարչապետը։

Մհեր Գրիգորյանի դիտարկմամբ անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ գերատեսչությունների համագործակցությունը՝ անհրաժեշտ աշխատանքներն իրականացնելու և արդյունքներ արձանագրելու համար»։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter