HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Գերգոլառատ ու դրամատիկ պայքար՝ 3-րդ տեղի համար․ Անգլիան 6:4 հաշվով հաղթեց Ֆրանսիայի հավաքականին

Անգլիայի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության 3-րդ տեղի համար խաղում 6:4 հաշվով դրամատիկ հաղթանակ տարավ Ֆրանսիայի ընտրանու նկատմամբ:

Անգլիայի հավաքականը, որը խաղը սկսեց առանց առաջատարներ Հարի Քեյնի և Ջուդ Բելինգեմի, արդեն 3-րդ րոպեին բացեց հանդիպման հաշիվը. Դեկլան Ռայսը տուգանային հրապարակից դուրս կատարած հարվածով գրավեց հեռավոր անկյունը: Շատ չանցած Բուկայո Սական երկրորդ գնդակն ուղարկեց ֆրանսիացիների դարպասը, սակայն գոլը չեղարկվեց խաղից դուրս վիճակի պատճառով։ 20-րդ րոպեին «Երեք առյուծները» կրկնապատկեցին առավելությունը. անկյունայինից Ռայսի կատարած փոխանցումից հետո Էզրի Կոնսան գլխի հարվածով հաշիվը դարձրեց 2:0:

Թոմաս Տուխելի գլխավորած թիմը շարունակեց վտանգավոր պահեր ստեղծել. Մարկուս Ռեշֆորդի հեռահար հարվածից հետո ֆրանսիացիների դարպասապահ Մայք Մենյանը փրկեց իր թիմին: Այնուամենայնիվ, քիչ անց Անգլիան խփեց երրորդ գոլը. արագ հակագրոհի արդյունքում մի քանի փորձից հետո Սական մոտ տարածությունից գրավեց դարպասը: Առաջին խաղակեսի ավելացված ժամանակում Էզեի փոխանցումից հետո Սական դուբլ ձևակերպեց, և թիմերն ընդմիջման գնացին 4:0 հաղթական հաշվով:

Երկրորդ խաղակեսի մեկնարկին Դիդիե Դեշամը միանգամից չորս փոփոխություն կատարեց, ինչն անմիջապես տվեց իր արդյունքը: Մայքլ Օլիսեի փոխանցումից հետո Կիլիան Մբապեն կրճատեց հաշվի տարբերությունը՝ դառնալով 2026 թվականի Աշխարհի առաջնության ռմբարկուների միանձնյա առաջատարը: Քիչ անց Մբապեի փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Բրադլի Բարկոլան հաշիվը դարձրեց 4:2: Շատ չանցած Ֆրանսիան խփեց իր երրորդ գոլը. Օլիսեի փոխանցումից հետո Մբապեն ձևակերպեց դուբլ՝ խփելով Աշխարհի առաջնությունների պատմության մեջ իր 22-րդ գոլը և շրջանցելով Լիոնել Մեսիին մրցաշարի պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում: Օլիսեն էլ սահմանեց մեկ առաջնությունում գոլային փոխանցումների ռեկորդ (7 ասիստ):

Խաղի վերջնամասում Անգլիայի հավաքականը տասնմեկմետրանոցի իրավունք ստացավ, երբ Մալո Գյուստոն տուգանային հրապարակում կանոնները խախտեց Դջեդ Սպենսի նկատմամբ: Բուկայո Սական անվրեպ իրացրեց հարվածը՝ ձևակերպելով հեթ-տրիկ: Ավելացված ժամանակի վերջին րոպեներին Ուսման Դեմբելեն հեռահար հարվածով հաշիվը դարձրեց 5:4, սակայն խաղի վերջակետը դրեց փոխարինման դուրս եկած Ջուդ Բելինգեմը, որը հակագրոհի արդյունքում խփեց իր 7-րդ գոլն այս առաջնությունում:

Անգլիայի հավաքականը հաղթեց 6:4 հաշվով և արժանացավ Աշխարհի առաջնության բրոնզե մեդալներին:

Հուլիսի 19-ին՝ 23:00-ին, կմեկնարկի Աշխարհի 2026 թվականի առաջնության եզրափակիչ հանդիպումը, հաղթողի տիտղոսի ու գավաթի համար կպայքարեն Արգենտինայի և Իսպանիայի հավաքականները։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter