
Հանրահավաքը սկսված է
«Հետք»-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ՀԱԿ-ի հանրահավաքը սկսված է: Հանրահավաքը սկսվել է մարտի 1-ի զոհերի անունների հիշատակումով եւ մեկ րոպե լռությամբ: Ելույթով հանդես է եկել ՀԱԿ-ի համակարգող Լեւոն Զուրաբյանը:
Նա նշել է, որ պայքարը պիտի շարունակվի, որպեսզի 10 նահատակների կյանքն ու մահը իմաստավորվի: Ըստ Լ. Զուրաբյանի` ՀԱԿ-ը գնալով հզորանում է եւ իրենց միանում են նաեւ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչները, առեւտրականները, տաքսիների վարորդներ:
Լեւոն Զուրաբյանը կանխատեսեց, որ մի քանի շաբաթ անց «բռնապետության տնտեսությունը ցույց կտա իր սնանկությունը»:
Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ վտանգավոր է համարում այն, որ եվրոպացիներն Ադրբեջանին արդեն խորհուրդ են տալիս համեմատվել ոչ թե Հայաստանի, այլ ժողովրդավարության ուղին բռնած արեւելաեվրոպական երկրների` Խորվաթիայի, Թուրքիայի, Սլովակիայի հետ: Անդրադառնալով մարտի 1-ի տարելիցին` առաջին նախագահն ասել է, թե իշխանությունները ոչինչ չեն արել ոճրագործության բուն պատասխանատուների բացահայտման ուղղությամբ:
Լևոն Տեր-Պետրոսյանը նաև նշել է, որ ժամանակն է, որպեսզի իշխանությունները դադարեցնեն ժողովրդին ճզմելու կամ անխոս զանգված դարձնելու ջանքերը, որը ոչ միայն ապարդյուն է, այլև կործանանրար պետության համար: Առաջին նախագահն ասել է, որ մահակի լեզվով խոսելու փոխարեն պետք է ընտրել քաղաքակիրթ աշխարհում ընդունված մեթոդները:
«Ժամանակն է, որ իշխանությունները փոխեն իրենց մոտեցումները, քանի որ ներքաղաքական լարվածությանն արդեն սպառնում է գումարվել նաեւ սոցիալական լարվածությունը՝ կապված ֆինանսա-տնտեսական ճգնաժամի հետ»,- նշել է առաջին նախագահը:
Այնուհետև նա անցել է տնտեսական վերլուծության եւ նշել, որ անցյալ տարի արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը կազմել է երեք մլրդ դոլար, որի 2/3–ը ծածկվել է տրանսֆերտների միջոցով: Նա կանխատեսում է, որ այս տարի տրանսֆերտների նվազման պատճառով կառավարությունը կանգնի առնվազն 2 մլրդ դոլար գումար հայթայթելու խնդրի առաջ, ընդ որում` այս թիվը տարեցտարի ավելանալու է:
Դրա համար, ըստ Տեր-Պետրոսյանի, կառավարությունը դիմելու է ներմուծման ծավալների կտրուկ նվազեցման, ինչը հանգեցնելու է ժողովրդի կենսամակարդակի անկման, ու երկիրը 10-15 տարով հետընթաց է ապրելու: Առաջին նախագահի համոզմամբ` Հայաստանը գլորվում է վիհը:
Ի դեպ, հանրահավաքին միացել է նաեւ «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Լրագրողները փորձել են ճշտել, թե արդյոք նրա ներկայությունը նշանակում է միանալ ՀԱԿ-ին: Ա. Կարապետյանը պատասխանել է, որ իր ներկայությունը պարզապես նշանակում է, որ իրենք միշտ այնտեղ են, որտեղ ժողովուրդն է:
Մեկնաբանել