Իսպանիայի հավաքականը աշխարհի չեմպիոն է
Ֆուտբոլի Իսպանիայի ազգային հավաքականը Աշխարհի առաջնության եզրափակչի լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով առավելության հասավ Արգենտինայի ընտրանու նկատմամբ: Ֆերան Տորեսի խփած միակ գոլի շնորհիվ իսպանացիները պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեցին Աշխարհի չեմպիոնի տիտղոսը:
Իսպանիայի հավաքականն ակտիվ սկսեց հանդիպումը, և մեկնարկային րոպեներին Լամին Յամալի հարվածից հետո գնդակը անդրադարձով հայտնվեց Արգենտինայի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի մոտ: Խաղի առաջին կես ժամվա ընթացքում այլ գոլային պահեր չգրանցվեցին:
Առաջին խաղակեսի վերջնամասում Մարտինեսը կրկին փրկեց արգենտինացիներին՝ կասեցնելով Միկել Օյարսաբալի հեռահար հարվածը, իսկ ընդմիջումից անմիջապես առաջ Մարկ Կուկուրելյայի հարվածից հետո գնդակն անցավ դարպասաձողի կողքով:
Երկրորդ խաղակեսում Իսպանիայի հավաքականը մեծացրեց ճնշումը: Մարտինեսը հեռացրեց Դանի Օլմոյի հարվածը, ապա հետ մղեց նաև Ֆերան Տորեսի գլխով մոտ տարածությունից կատարած հարվածը, իսկ քիչ անց կասեցրեց պաշտպան Պաու Կուբարսիի հզոր հեռահար հարվածը:
Հանդիպման վերջնամասում՝ ավելացված ժամանակում, Արգենտինայի հավաքականը մնաց 10 ֆուտբոլիստով. Էնցո Ֆերնանդեսը Կուբարսիի նկատմամբ կոպիտ խախտման համար ստացավ իր երկրորդ դեղին քարտը և հեռացվեց դաշտից: Վերջին վայրկյաններին Մարտինեսը հետ մղեց Յամալի հարվածը, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Արգենտինայի հավաքականը եզրափակչի հիմնական 90 րոպեների ընթացքում դարպասին ոչ մի հարված կատարել չկարողացավ:
Լրացուցիչ ժամանակի մեկնարկից հինգ րոպե անց Նիկո Ուիլյամսը գնդակն ուղարկեց Արգենտինայի դատարկ դարպասը, սակայն գլխավոր մրցավար Սլավկո Վինչիչը չեղարկեց գոլը՝ գրոհի կառուցման փուլում խախտում նկատելով: Այնուամենայնիվ, հանդիպման 106-րդ րոպեին Իսպանիան հասավ իր նպատակին. Ուիլյամսի փոխանցումից հետո Ֆերան Տորեսը տուգանային հրապարակում տիրեց գնդակին և հզոր հարվածով այն ուղարկեց դարպասի վերին անկյունը՝ խփելով խաղի միակ ու հաղթական գոլը:
Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականը 16 տարի անց կրկին նվաճեց Աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Այս առաջնությունում «Ֆուրիա Ռոխան» ընդամենը մեկ գնդակ է ընդունել սեփական դարպասը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել