Դատարանը Ռոման Բաղդասարյանին պարտավորեցրել է հերքել Կարեն Ջալավյանի մասին զրպարտչական տեղեկությունները
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը (դատավոր՝ Անի Կարաքեհյան) մասնակի բավարարել է Արցախի հերոս, «Եղնիկներ» զորամասի նախկին հրամանատար Կարեն Ջալավյանի հայցն ընդդեմ բլոգեր Ռոման Բաղդասարյանի։ Դատարանը պարտավորեցրել է Բաղդասարյանին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկ շաբաթվա ընթացքում իր ֆեյսբուքյան էջերում հրապարակել հերքում՝ հայտարարելով, որ 2026 թ. փետրվարի 5-ին Ջալավյանի վերաբերյալ հրապարակած տեղեկությունները, թե նա զինվորներից սնունդ է գողացել, նրանց առանց ջրի է պահել, ծաղրել, նվաստացրել, սովի է մատնել և ատել է Հայաստանից եկած զինվորներին, չեն համապատասխանում իրականությանը։
Դատարանը Բաղդասարյանից հօգուտ Ջալավյանի բռնագանձել է 100 հազ. դրամ՝ որպես զրպարտության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 26 հազ. դրամ՝ նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցման համար։
Կարեն Ջալավյանը («Քյոխ») 2026 թ. փետրվարի 26-ին հայց է ներկայացրել Ռոման Բաղդասարյանի դեմ՝ պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները հրապարակային հերքելու և 500 հազ. դրամ փոխհատուցում վճարելու պահանջների մասին։
Հայցի համաձայն՝ Ռոման Բաղդասարյանը 2026 թ. փետրվարի 5-ին իր ֆեյսբուքյան էջերում հրապարակել է գրառում և տեսանյութ, որտեղ պնդել է, թե Ջալավյանը գողացել է զինվորների սնունդը և նրանց առանց ջրի պահել, «Եղնիկներում» ծաղրել և նվաստացրել է զինվորներին, սովի է մատնել նրանց, ինչպես նաև միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին։
Ջալավյանի ներկայացուցիչ, փաստաբան Տաթևիկ Շալջյանը դատարանում նշել է, որ այս հայտարարությունները ոչ թե գնահատողական կարծիքներ են, այլ կոնկրետ փաստական պնդումներ, որոնցով Կարեն Ջալավյանին վերագրվում են անօրինական արարքներ՝ գողություն, զինվորներին սովի և ծարավի մատնել, նրանց նկատմամբ նվաստացուցիչ վերաբերմունք։ Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Կ. Ջալավյանի պատիվն ու արժանապատվությունը։
Վիճարկվող հրապարակումները լայն տարածում են ստացել: Փաստաբանը ներկայացրել է տվյալներ, ըստ որի՝ Ռոման Բաղդասարյանի էջն ունեցել է շուրջ 61 հազար հետևորդ, իսկ հրապարակումն ու տեսանյութը հավաքել են հազարավոր հավանումներ և ավելի քան 1200 տարածում, ինչը մեծացրել է Կ. Ջալավյանի հեղինակությանը հասցված վնասը։
Կ. Ջալավյանը դատարանից պահանջել է պարտավորեցնել Ռոման Բաղդասարյանին իր ֆեյսբուքյան էջերում հրապարակայնորեն հերքել այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ դրանք սուտ են և չեն համապատասխանում իրականությանը, ինչպես նաև վճարել 500 հազար դրամ՝ որպես զրպարտության համար փոխհատուցում։
Դատարանը Ռոման Բաղդասարյանին ծանուցել է գործի քննության մասին՝ ինչպես փոստային ծանուցմամբ, այնպես էլ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքի միջոցով։ Սակայն նա օրենքով սահմանված ժամկետում դատարան չի ներկայացրել հայցադիմումի պատասխան, ինչպես նաև որևէ միջնորդություն կամ ապացույց։
Դատարանը եզրակացրել է, որ Ռոման Բաղդասարյանը Կարեն Ջալավյանի վերաբերյալ տարածել է իրականությանը չհամապատասխանող փաստացի տեղեկություններ՝ առանց դրանց ճշմարտացիությունը ստուգելու և առանց որևէ փաստական հիմքի։ Ըստ դատարանի՝ պատասխանողը չի գործել բարեխղճորեն և չի ունեցել հանրությանը ճշգրիտ ու վստահելի տեղեկություն փոխանցելու նպատակ։
Դատարանը նշել է, որ հրապարակված արտահայտությունները գնահատողական կարծիք չեն, այլ ներկայացվել են որպես հաստատված փաստեր՝ առանց որևէ աղբյուրի կամ ապացույցի հղման։ Դրանցով Ջալավյանին վերագրվել են հանցավոր և բարոյապես դատապարտելի արարքներ՝ զինվորներից սնունդ գողանալը, նրանց սովի ու ծարավի մատնելը, նվաստացնելը և Հայաստանից եկած զինվորներին ատելը։
Ըստ դատարանի՝ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, արատավորում են Կարեն Ջալավյանի պատիվն ու արժանապատվությունը և նպատակ են ունեցել նրան հանրության առաջ ներկայացնել որպես նման արարքներ կատարած անձ։ Հետևաբար դատարանը դրանք ճանաչել է զրպարտչական։
Վճիռը կարող է բողոքարկվել Վերաքննիչ քաղաքացիական դատարան՝ հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում։
Լուսանկարում՝ ձախից՝ Ռոման Բաղդասարյան, Կարեն Ջալավյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել