HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

2009 թ. միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակը կլինի 360-380 դրամ 1 դոլարի դիմաց

Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդի այսօր կայացրած որոշման` դրամավարկային քաղաքականության փոփոխության կապակցությամբ«Հետքի» հարցերին պատասխանում է ԿԲ-ի մամուլի քարտուղար Զարուհի Բարսեղյանը:

ԿԲ խորհուրդն այսօր որոշել է սահմանափակել արտարժութային շուկայում ԿԲ-ի միջամտությունները եւ անցնել լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ինչի արդյունքում, ինչպես Ձեր տարածած հաղորդագրությունում է նշված` «էապես կբարելավի երկրի արտաքին մրցունակությունը եւ կխթանվի նոր աշխատատեղերի ստեղծման գործընթացը»: Իսկ ինչո՞ւ նույն բանն ավելի վաղ չէր արվում:

Քանի որ համակարգում կային շատ մեծ դրամային խնայողություններ` ավելի քան 65 տոկոս, դրված էր ֆինանսական կայունության խնդիր: Վերջին 3-4 ամսվա ընթացքում այդ խնայողությունները փոխարինվեցին դոլարով: Բացի դրանից բանկերն ունեն անհրաժեշտ դոլարային միջոցներ` մոտ 700 մլն դոլար, ինչը թույլ կտա, որ այս իրավիճակը հնարավորինս հեշտ հաղթահարվի: Սա կոչվում է շուկայում տեխնիկական կանոնավրում: Քանի որ տնտեսական աճի տեմպերը խիստ նվազել են, եւ մենք հունվարին ունեինք -0,7 տոկոս ՀՆԱ-ի աճ, այսինքն` նվազում:

Բայց այդ տեմպերը վաղուց էին նվազում:

Այո, բայց կար խնայողությունների խնդիր, եթե դա հայտարարվեր միանգամից, շուկայում շատ ավելի աղետալի իրավիճակներ տեղի կունենային: Իսկ հիմա, ինչպես արդեն ասացի` վերջին 3-4 ամսում շուկան դրան պատրաստվել է:

Իսկ ինչով է պայմանավորված դոլարի առքի եւ վաճառքի միջեւ եղած մեծ տարբերությունը:

Մի քանի օրից, երբ շուկան կսկսի աշխատել ինքնուրույն` առանց ԿԲ-ի միջամտության (իսկ դա տեղի է ունենալու, որովհետեւ բանկերն անհրաժեշտ քանակությամբ միջոցներ ունեն), կձեւավորվի միջին շուկայական փոխարժեք:

Այսինքն` դրամի արժեզրկում այլեւս չի՞ սպասվում: Իրականում մարդիկ ունեն հակառակ սպասումներ, ինչի վկայությունն է նաեւ այն, որ 1 դոլարը նույնիսկ 380-390 դրամով գնելու համար այսօր գոյանում են հերթեր:

Ուղղակի մարդկանց մոտ խուճապ կա, եւ պարզապես անհրաժեշտ է նրանց խորհուրդ տալ, որ այս 60 տոկոսանոց տատանողականության պարագայում գործարքներ չանեն եւ մի քանի օր համբերեն: Մեր կողմից կիրառվող մոդելներն ու մեթոդները ցույց են տալիս, որ 2009 թ. միջին փոխարժեքի հավասարակշիռ մակարդակը կլինի 360-380 դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց:

Շատ վերլուծաբաններ նշում էին, որ ԿԲ-ն պետք է դոլարի կուրսը բաց թողնի աստիճանաբար: Հակառակ դեպքում, ըստ նրանց` սոցիալապես անապահով խավը լուրջ հարվածի տակ կընկնի:

Սոցիալապես անապահով խավի համար նման ռիսկեր մենք չենք տեսնում, որովհետեւ կառավարությունն էլ իր հերթին կիրառում է համապատասխան գործողություններ:

Ինչ վերաբերում է դոլարի կուրսն աստիճանաբար բաց թողնելուն, այդպիսի փորձ կիրառել է Ռուսաստանը, եւ մեր վերլուծաբանները եկել են այն եզրակացության, որ դա ընդունելի տարբերակ չէ, որովհետեւ սպեկուլացիաներն այդ պարագայում հասնում են մեծ մաշտաբների, իսկ կորուստները, որ պետությունը կրում է, ավելի մեծ են լինում: Քանի որ պետությունը, բանկային համակարգը ձեւավորել էր, այսպես ասած` յուղի շերտ, հնարավորություն է ստեղծվում այդ շերտը մաշել, մինչեւ որ այդ իրավիճակը կշտկվի: Այսինքն` մենք ունենք որոշակի պահուստային հնարավորություններ, որոնք օգտագործվում են:

ԿԲ խորհուրդն այսօր որոշեց, որ հիմա այդ պահն է եւ պետք է անմիջապես թողել կուրսը եւ անցնել լողացող կուրսի քաղաքականության: Իհարկե, մենք ակնարկում ենք, որ կտրուկ տատանումների պարագայում ԿԲ-ն միջամտելու է, բայց դա այսօրվա տատանմանը, անշուշտ, չի վերաբերում: Մենք արդեն պետք է սովորենք, որ շուկայական հարաբերությունները ձեւավորում է շուկան: Իհարկե, ընդունում ենք, որ որոշակի ժամանակահատված` վերջին 3-4 ամսում, վարել ենք ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն, որի նպատակները ժամանակին մատնանշել ենք:

Իսկ ի՞նչ է, ԿԲ-ն մինչ այդ նույն քաղաքականությունը չէր վարում:

Ոչ, դրանից առաջ վարվում էր լողացող կուրսի քաղաքականություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter