HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում բացվեց Ալեքսանդրապոլի առաջին նահանգապետ Կարո Սասունիի արձանը

Գյումրու Պռոշյան և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում՝ Շիրակի մարզպետարանի ու Շիրակի մարզային ոստիկանության հարևանությամբ, անցած տարի աշնանը տեղադրվել էր հասարակական-քաղաքական գործիչ, պատմաբան, իրավաբան, ՀՅԴ անդամ, Հայաստանի առաջին Հանրապետության խորhրդարանի անդամ, Ալեքսանդրապոլի առաջին նահանգապետ Կարո Սասունիի արձանը:

Հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2026 թ․-ի հուլիսի 16-ին՝ արձանին հարող տարածքի բարեկարգումից հետո: 2 մետր 40 սմ բարձրությամբ բրոնզաձույլ արձանի հեղինակը քանդակագործ Միսակ Մելքոնյանն է: Արձանի գաղափարը կյանքի է կոչվել երկու բարեգործների՝ «Զորավար Սեպուհ» ՀԿ նախագահ Աշոտ Ներսիսյանի և Իվան Ալթհաճյանի ջանքերով:

Կարո Սասունին (իրական անունը՝ Հովհաննես Տեր-Մինասյան) ծնվել է 1889 թվականի հուլիսի 15-ին՝ Մշո Սուլթան Ս. Կարապետի ուխտագնացության օրը, Սասնո Խուլբ գավառակի Ահարոնք գյուղում՝ Մամիկոնյանների ազնվական տոհմից սերված Ղազարի և Աննայի ընտանիքում: Իր կեղծանվան ակունքները գալիս են ծննդավայրի տեղանունից (Սասուն) և ծնված օրվա խորհրդից (Ս. Կարապետ): Հովհաննեսը (Կարոն) 8 զավակներից 6-րդն էր: «Հայրը՝ Իշխան Խազար ու յատկապէս մայրը՝ Աննան, կը կերտեն իր ազգային նկարագիրը: Իր ազգական Հրայր Դժոխքէն եւ Գէորգ Չաուշէն կը ներշնչուի եւ կորակուի «Ծուռ» իր անսպառ երանդին եւ Սասունցի Դաւիթի ծռութեամբ յատկանշուած ըլլալուն համար»: (աղբյուրը՝ «Բագին» ամսագիր)

Նախնական ուսումը Կարո Սասունին ստացել է նախ գյուղի վարժարանում, ապա՝ Մուշի Մուրադ-Մխիթարյան վեցամյա վարժարանում: Մեկ տարի հաճախել է Պոլսի Կենտրոնական վարժարան, այնուհետև՝ Պոլսի իրավաբանական համալսարան, որն ավարտել է 1914-ին: Կարո Սասունին 1914-1915 թթ․-ին Թալինում մասնակցում է Դաշտադեմի ամրոցի կռվին: Համաշխարհային պատերազմի սկզբին մեկնում է Կովկաս, որտեղ մասնակցում է հայ կամավորական շարժմանն ու ռուսական զորքերի հետ 1916 թ․-ին մտնում Տարոնի գավառ, որտեղ նշանակվում է կառավարիչ: Տարոնում լինելու ժամանակահատվածում Կարո Սասունին հաջողվում է փրկել բազմաթիվ գաղթականների և կազմակերպել նրանց տեղափոխումը Արևելյան Հայաստան: 

1917 թ․-ին Կարոն ամուսնանում է Միսաք Մեծարենցի զարմուհի Հռիփսիմե Մեծատուրյանի (Լոլա Սասունի) հետ և ունենում 4 զավակ: 1918-1920 թթ․-ին՝ Հայաստանի առաջին Հանրապետության գոյության ընթացքում, Կարո Սասունին վարում է մի շարք պատասխանատու պաշտոններ՝ ներառյալ պետական անվտանգության և ներքին գործերի ոլորտներում: 

1920 թ․-ին նշանակվում է Ալեքսանդրապոլի նահանգապետ և 1921 թ․-ի Փետրվարյան հեղափոխության կոմիտեի ներքին գործոց նախարար, որի կազմում էին Սիմոն Վրացյանը, Արշակ Հովհաննիսյանը, Հակոբ Տեր-Հակոբյանը, Սմբատ Եղիազարյանը, Ավետիս Օհանջանյանը, Հայկ Սարգսյանը, Գարեգին Սարիբեկյանը և սպարապետ Կուռոն: 1920 թ․-ի վերջերին՝ իշխանությունը բոլշևիկներին հանձնելուց ընդամենը 2,5 ամիս անց, Բյուրոյի որոշմամբ, ՀՅԴ-ն ստանձնում է ապստամբության ղեկը, որը նախաձեռնել էին գյուղացիներն ու զինվորականները: Ընդամենը 42 օր է կարողանում Հայաստանի փրկության կոմիտեն պահել իշխանությունը: Այդ օրերի իրադարձությունները Կարո Սասունին ներկայացրել է իր «Փետրուարեան ապստամբութիւնը, 1921» գրքում, որը լույս է տեսել 1970 թ․-ին, Բեյրութում:

Բոլշևիկների իշխանության վերջնական հաստատումից հետո Կարո Սասունին ընտանիքի հետ հեռանում է Հայաստանից՝ հաջորդաբար հաստատվելով Պոլսում, Բուլղարիայում, Ժնևում, Սիրիայում, Ֆրանսիայում՝ վերջնական հանգրվան գտնելով Լիբանանում: Հետհեղափոխական շրջանում Կարո Սասունին զբաղվում է մանկավարժական, գրական, իրավաբանական գործունեությամբ: Ուսումնասիրելով հայ ազգային-ազատագրական շարժման, Մեծ Եղեռնի, Հայաստանի առաջին Հանրապետության պատմության հիմնախնդիրները՝ գրել է մի շարք արժեքավոր պատմագիտական ուսումնասիրություններ և գեղարվեստական երկեր՝ «Սարերու ասլանը», «Սասուն-Մուշի կռիւները», «Ապրիլեան եղեռնը քննական ակնոցով», «Գէորգ Չաուշ», «Լեռներու խորհուրդ», «Թրքահայաստանը Ա. աշխարհամարտի ընթացքին»:

Ալեքսանդրապոլի նահանգապետ եղած ժամանակահատվածում Կարո Սասունին, ըստ Կումայրի արգելոց թանգարանի արխիվներում առկա նյութերի, կարճ ժամանակում վերջ է դրել կոռուպցիային՝ հավասարաչափ պատժելով թե՛ կաշառք տվողին, թե՛ վերցնողին: Ասում են, որ նա մեծ պատիվ ու հարգանք է վայելել նաև քրդերի մոտ: Կարո Սասունին մահացել է 1977 թ․-ին, Բեյրութում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter