Համայնքներում կայուն փոփոխության հասնելու համար անհրաժեշտ է հետևողականություն
«Ձուկ տալ, թե՞ ձուկ բռնել սովորեցնել». շեքսպիրյան ոճով արվող հարցադրումն այլևս կորցրել է իր արդիականությունը, և համայնքներում զարգացման ծրագրեր իրականացնողները հիմնականում հակված են գործողության մեջ դնել հարցադրման երկրորդ հատվածը:
«Շիրակի մարզում մենք ծրագրեր ենք իրականացնում 1996 թ․-ից: Այս տարիներին՝ փորձ կուտակելուն զուգահեռ, սովորել ենք գործընթացները ճիշտ կազմակերպել արդյունավետություն ապահովելու համար: Եվ վերջին տարիների մեր փորձից ելնելով՝ կարող եմ ասել, որ միայն սովորեցնելն էլ այլևս բավարար չէ,-ասում է «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի նախագահ Գոհար Մարկոսյանը,-համայնքների զարգացումը չափվում է ոչ միայն իրականացված գործողություններով ու ստեղծված ենթակառուցվածքներով կամ անցկացված դասընթացներով: Իրական հաջողությունը սկսվում է այն ժամանակ, երբ համայնքն առանց արտաքին աջակցության կարողանում է սեփական ուժերով շարունակել սկսված գործընթացները, պահպանել ձեռքբերումները և ստեղծել նոր հնարավորություններ: Մեկ բառով ասած՝ հետևողականություն»։
Ըստ Գոհար Մարկոսյանի՝ բազմաթիվ ծրագրերի հիմքում ընկած է մեկ տարածված սխալ պատկերացում: Դա մարդկանց բաժանումն է երկու կոնկրետ խմբի՝ մարդիկ, ովքեր խնդիրներ ունեն, և մարդիկ, ովքեր պետք է լուծեն այդ խնդիրները: Նման մոտեցումը ձևավորում է կախվածություն և թուլացնում է մարդկային հավատը սեփական ուժերի նկատմամբ: Մինչդեռ համայնքային զարգացման իրական նպատակը խնդիրները լուծելը չէ մարդկանց փոխարեն, այլ նրանց օգնելը՝ բացահայտելու սեփական ներուժը, կազմակերպվելու և ինքնուրույն ձևավորելու ցանկալի փոփոխությունները:
Օրերս «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն կազմակերպել էր ֆորում՝ «Տեղական դերակատարների հզորացում գյուղական համայնքներում հանուն կայուն սոցիալական փոփոխությունների» ծրագրի արդյունքները քննարկելու և ամփոփելու նպատակով: «Երբ մենք գնում ենք համայնքներ, մեզ շատ ժամանակ հարցնում են՝ ի՞նչ ծրագիր կարող եք մեզ համար անել, կամ ինչ ուզում եք առաջարկեք, մենք կանենք, կամ՝ դուք արեք, մենք կողքից կօգնենք: Սա թերևս ամենասխալ մոտեցումն ու անհեռանկար մտածելակերպն է, որ պիտի հաղթահարես ծրագրի սկզբում,- նկատում է Գոհար Մարկոսյանը,- նման արձագանքները սովորաբար վկայում են այն մասին, որ մարդիկ երկար ժամանակ սովոր են եղել արտաքին դերակատարների կողմից նախաձեռնվող ծրագրերին և դեռևս չեն ընկալում իրենց որպես փոփոխությունների հիմնական հեղինակներ»:
Համայնքային զարգացման գործընթացի կարևորագույն նպատակներից մեկն էլ հենց նման մտածելակերպի փոփոխությունն է՝ համայնքի անդամներին դարձնելով ոչ թե պարզապես ծրագրի շահառուներ, այլ սեփական համայնքի զարգացման լիարժեք մասնակիցներ և առաջնորդներ: Ֆորումի ընթացքում բանախոսները բերեցին մի քանի օրինակ, երբ հետևողականությունն ու շարունակականությունն ապահովել են ծրագրի կենսունակությունը:
«Որպես ցայտուն օրինակ կարող եմ նշել Արթիկի տարածաշրջանի Անուշավան գյուղը, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում 2017 թ․-ից: Մեր առաջին աջակցությունը միտված էր պարի և նկարչական սիրողական խմբակների ստեղծմանը, արդեն 2019 թ․-ին, եղած հիմքով, ձևավորվեց համայնքապատկան Արվեստի դպրոցը, որտեղ ներկայում գործում է 5 խմբակ 120 սանով: Իսկ սկսել էինք 2 խմբակից՝ 20 աշակերտով,- ասում է «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի հանրային կապերի պատասխանատու Մարինա Ջուհարյանը,- սա հենց կայուն փոփոխությունն է, որին հասել է համայնքը մեր կազմակերպության աջակցությամբ, որտեղ բնակիչները ոչ թե լոկ մասնակիցներ են, այլև առաջնորդներ: Քիչ չեն նաև անհատների հետ իրականացրած ծրագրերի հաջողված պատմությունները»:
Ֆորումի ընթացքում ներկայացվեցին գյուղերում մանկական և երիտասարդական զարգացման ծրագրերի օրինակներ, որոնց ավարտից հետո դրանք պահպանվել են շահառուների շահագրգռվածության շնորհիվ: Նման օրինակ է Աշոցք խոշորացված համայնքի Սարապատ բնակավայրում գործող «Լուսե» մանկական զարգացման կենտրոնը, որն ունի ներուժ դառնալու համայնքային մանկապարտեզ:
2014-2026 թթ.-ին «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Արթիկի գյուղական համայնքներում իրականացրել է 129 սոցիալական ծրագիր: 2017-2025 թթ.-ին Շիրակի մարզի շահառու համայնքներում ձևավորվել է 8 երիտասարդական ակտիվ խումբ, 7 ռեսուրսային կենտրոն, ֆինանսավորվել է 38 փոքր բիզնես ծրագիր, որոնցից 23-ը՝ կանանց կառավարած, գործում է 8 դպրոցական և մեկ մոբիլ ֆորում թատրոն-խմբակ:
«Մեզ համար մշտապես կարեւոր ցուցիչ է եղել, որ սոցիալական ծրագրերի իրականացման ժամանակ համայնքն ընդհանուր գումարի 30 տոկոսի չափով ունեցել է ֆինանսական ներդրում։ Դեպքեր ենք ունեցել, որ համաֆինանսավորումը եղել է 50 տոկոս։ Ունեցել ենք ծրագրեր, որտեղ տվյալ համայնքի բնակիչների ներդրումն աշխատուժի ձեւով է արտահայտվել։ Պետք է հասնել նրան, որ համայնքը կազմակերպությանը չդիտարկի որպես մատակարար կառույց,- ասում է Գոհար Մարկոսյանը,- և ահա, անցնելով աշխատանքային գործունեության բոլոր շրջափուլերը՝ որոշեցինք մեր գործընկերներին և հանրությանը ներկայացնել «Ինչպես հասնել երկարաժամկետ և կայուն սոցիալական փոփոխության գյուղական համայնքներում» ձեռնարկ-ուղեցույցը, որտեղ ամեն ինչ ներկայացված է սեփական փորձի հիման վրա»:
Ձեռնարկում հեղինակները փորձել են պատասխանել՝ ինչպե՞ս ապահովել զարգացման ծրագրերի ընթացքում ձեռք բերված դրական փոփոխությունների կայունությունն ու շարունակականությունը, ինչպե՞ս սեփական ուժերով շարունակել սկսած գործընթացները, պահպանել ձեռքբերումները և ստեղծել նոր հնարավորություններ, ինչպե՞ս համայնքային զարգացման գործընթացներում ներգրավել տարբեր դերակատարների՝ տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի և այլն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել