HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատում կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք. կլուծվի 48 ընտանիքի բնակարանային ապահովման հարցը

Այսօր տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը, որը վարել է  փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Գործադիրը հավանություն է տվել «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ ներկայացրած՝ Արարատի մարզի Արարատ համայնքի Արարատ քաղաքի Ս․ Շահումյան փողոց 20 և 37/1 հասցեներում կառուցապատման ներդրումային ծրագրին։ Ըստ այդմ՝ նախատեսվում է ավելի քան 3 միլիարդ դրամի ներդրում, որի հաշվին մինչև 2030 թվականը կկառուցվի 2 բազմաբնակարան բնակելի շենք՝ 198 բնակարաններով։ Այդ բնակարաններից մոտ 68 քմ մակերեսով 48 բնակարաններ անհատույց սեփականության իրավունքով կհանձնվեն Արարատ համայնքին ի կատարումը Քաղսովետի գործկոմի, համայնքի և բնակիչների միջև նախկինում կնքված պայմանագրային պարտավորությունների։ Հիմնավորման համաձայն՝ դեռևս խորհրդային տարիներին այդ հասցեներում եղել են բազմաբնակարան բնակելի շենքեր։ Նշված շենքերի քանդման ժամանակ բնակիչների և Քաղսովետի գործկոմի քարտուղարի, ապա նաև` համայնքի միջև կնքվել են պայմանագրեր, որոնց համաձայն բնակիչները բնակարաններն ազատել են` հետագայում նույն հասցեներում նոր շենք կառուցվելու պարագայում բնակարան ստանալու պայմանով։ Մնացած 150 բնակարանը ընկերությունը կվաճառի շահույթ ապահովելու համար, ինչպես նաև համայնքին անհատույց սեփականության իրավունքով կհատկացվի 686 քմ մակերեսով տարածք նոր գրադարանի համար։ Ծրագրի շրջանակում նախատեսում է ապահովել շուրջ 50 աշխատատեղ, պետական բյուջե կհավաքագրվեն մոտ 1 միլիարդ դրամ հարկային եկամուտներ:

Որոշմամբ Արարատ համայնքի ղեկավարին առաջարկվում է գույքը ծրագրի իրականացման նպատակով ընկերությանը տրամադրել նվիրաբերության կարգով և վերջինիս հետ կնքել նվիրաբերության պայմանագիր, նվիրաբերության պայմանագրում նախատեսել դրույթ, համաձայն որի՝ պայմանները չկատարելու դեպքում որոշմամբ նվիրաբերությամբ տրամադրված գույքը սեփականության իրավունքով և համայնքի կողմից առանց փոխհատուցման անցնում է համայնքին։

Արձագանքելով՝ Տիգրան Խաչատրյանը նշել է, որ շուտով ավելի ու ավելի շատ քաղաքաշինական ակտիվություն կնկատվի մարզկենտրոններում, որովհետև եկամտային հարկի հիփոթեքային վարկի նկատմամբ գործող Կառավարության աջակցությունը կշարունակի գործել այդ տեղերում: «Սա այն դեպքերից է, երբ տեսնում ենք, որ համայնքը և կառուցապատող կազմակերպությունը համագործակցելով՝ կարող են, մի կողմից, իրականացնել նշանակալի քաղաքաշինական ծրագիր, մյուս կողմից՝ նաև համայնքը կարող է այդ հնարավորությունն օգտագործել սոցիալական որոշակի պարտավորություններ կատարելու համար»,- ասել է փոխվարչապետը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter