ԵՄ-ն երկու խոշոր տուգանք է նշանակել Google-ին
Եվրոպական հանձնաժողովը վճռել է, որ Google-ը խախտել է ԵՄ «Թվային շուկաների մասին» օրենքը (DMA) երկու առանձին դեպքերով:
Google Search-ի (որոնման) արդյունքներում ամերիկյան ընկերությունը նախապատվություն է տալիս սեփական ծառայություններին և բարդացնում է Google Play-ից դուրս ավելի էժան այլընտրանքների ցուցադրումը։
Երկու խախտումների համար նշանակվել է 890 միլիոն եվրո տուգանք։
Մի քանի շաբաթ առաջ ավելի քան 40 եվրոպական ընկերություններ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված բաց նամակով կոչ էին արել վերջապես տուգանել Google-ին DMA-ի կանոնները խախտելու համար։
«Լավագույն ապրանքները պետք է հաջողության հասնեն, որովհետև դրանք ավելի լավն են, և ոչ թե այն պատճառով, որ պատկանում են որոնողական համակարգը ղեկավարող ընկերությանը…Սա է «Թվային շուկաների մասին» օրենքի խոստումը. թվային շուկաներում պաշտպանել արդարությունը, ընտրությունը և նորարարությունը»,- ասել է Մաքուր, արդար և մրցունակ անցման հարցերով գործադիր փոխնախագահ Թերեսա Ռիբերան։
Եվրոպական հանձնաժողովի այս որոշումը ունի նաև աշխարհաքաղաքական համատեքստ. Թրամփի վարչակազմը շարունակում է ճնշում գործադրել Եվրամիության վրա ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ չկիրառելու համար։
«Թվային շուկաների մասին» (DMA) օրենքը ԵՄ-ն ընդունել է 2022 թվականին։ Այն հատուկ կանոններ է սահմանում մի շարք «դարպասապահ» (gatekeeper) ընկերությունների համար։ Դրանք այն տեխնոլոգիական հսկաներն են, որոնց հարթակներն այնքան առանցքային են, որ ավելի փոքր բիզնեսները գրեթե ամբողջովին կախված են դրանցից։
Google-ը ճանաչվել էր «դարպասապահ» Google Search-ի համար 2023 թվականի սեպտեմբերին։ Ըստ օրենքի՝ այն պետք է ենթարկվի մրցակիցների նկատմամբ վերաբերմունքի ավելի խիստ կանոններին, քան սովորական ընկերությունները։
Google-ը նախապատվություն է տալիս սեփական ապրանքներին որոնման արդյունքներում
DMA-ի համաձայն՝ Google-ին արգելվում է իր սեփական ծառայությունները (ինչպիսիք են Google Shopping-ը, Google Hotels-ը կամ Google Flights-ը) դասակարգել ավելի բարձր դիրքերում, քան մրցակից ծառայությունները։ Դասակարգումը պետք է լինի արդար և թափանցիկ բոլորի համար։
Հանձնաժողովը պարզել է, որ Google-ը խախտել է այս կանոնը։ Google-ը իր սեփական ծառայությունների արդյունքներին տալիս է ավելի լավ տեսանելիություն, քան մրցակիցներին՝ դրանք տեղադրելով էջի վերևում կամ ձևավորելով լրացուցիչ տեսողական տարրերով ու զտիչներով, որոնք մրցակից ծառայությունները չեն ստանում։
Ընկերությունը բարդացնում է Google Play-ում այլընտրանքներ փնտրելը
Google Play Store-ի միջոցով հավելվածներ վաճառող ընկերությունները օրենքով իրավունք ունեն հաճախորդներին տեղեկացնել այլ վայրերում առկա ավելի էժան առաջարկների մասին (իրենց սեփական կայքում կամ հավելվածների այլ խանութներում)։
Հանձնաժողովը պարզել է, որ Google-ը խոչընդոտներ է ստեղծել նաև այս հարցում։ Այն արձանագրել է, որ Google-ն արգելել է հավելվածների մշակողներին գովազդել այլընտրանքային առաջարկները և գործարքներ կատարել հաճախորդների հետ այլ ուղիներով։
Հանձնաժողովը եզրակացրել է նաև, որ Google-ի գանձած միջնորդավճարները և դրանց գանձման տևողությունը գերազանցել են օրենքով թույլատրելի սահմանները։
Հանձնաժողովը կարգադրել է Google-ին վերացնել խախտումները։
Google Search-ում ընկերությունը պարտավոր է դադարեցնել խտրական վերաբերմունքը այլ ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները դասակարգելիս և ցուցադրելիս։
Google Play-ում ընկերությունը պարտավոր է թույլ տալ հավելվածներին տեղեկացնել հաճախորդներին արտաքին առաջարկների մասին և չխոչընդոտել Play Store-ից դուրս գնումներին։
Այժմ Google-ն ունի 60 օր՝ պահանջները կատարելու համար, հակառակ դեպքում կարող են կիրառվել հավելյալ տույժեր՝ յուրաքանչյուր օրվա համար ընկերության համաշխարհային ընդհանուր հասույթի մինչև 5%-ի չափով։
Հանձնաժողովը նշել է, որ Google-ն արդեն սկսել է որոշակի փոփոխությունների փորձարկումները՝ որակելով դրանք որպես «էական առաջընթաց», միաժամանակ հայտնելով, որ կշարունակեն հետևել, թե արդյոք այդ փոփոխություններն իրոք լուծում են առկա խնդիրները։
Երկու կողմերը դեռ քննարկում են նաև, թե ինչպես պետք է այս կանոնները կիրառվեն Google-ի նոր՝ արհեստական բանականությամբ աշխատող որոնողական համակարգերի նկատմամբ, ինչպիսիք են AI Overviews-ը և AI Mode-ը։
Կարևոր է նշել, որ սա DMA-ի շրջանակներում ամենախոշոր որոշումներից է։ Այն կարող է ունենալ քաղաքական հետևանքներ, հաշվի առնելով ԱՄՆ կառավարության՝ ամերիկյան տեխնոլոգիական հսկաների շահերը առաջ մղելու քաղաքականությունը։
Google-ը այս որոշումը բողոքարկելու իրավունք ունի։
Հուլիսի 23, Բրյուսել
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել