HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ

«Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրված ԱԺ 9-րդ գումարման պատգամավոր Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ։ Թեև պաշտպան Արամ Վարդևանյանը միջնորդել էր պատգամավորի տնային կալանքը վերացնել, դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց այդ միջնորդությունը։

«Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը չի կարող ազատությունից այլ կերպ զրկվել, քան ԱԺ համաձայնությամբ»,- նշել էր Արամ Վարդևանյանը։

Հիշեցնենք՝ Արթուր Սարգսյանը «Սրբազան պայքար»-ի գործով անցնող 18 մեղադրյալներից մեկն է։ Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև՝ դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանն էլ ասել էր, թե Արթուր Սարգսյանի լիազորություններն առկա են մինչ այս պահը, նա շարունակում է լինել 8-րդ գումարման ԱԺ պատգամավոր, օգոստոսի 2-ից շարունակելու է ունենալ պատգամավորի լիազորություններ, ուստի միջնորդությունն առարկայազուրկ է և պետք է մերժվի։

Դատարանը հիմնավոր չհամարեց այն պատճառաբանությունը, որ պատգամավոր դառնալու հիմքով Արթուր Սարգսյանը ենթակա է տնային կալանքից ազատման և մերժեց պաշտպանի միջնորդությունը։

Այսօր դատարանը քննարկեց նաև Իգոր Սարգսյանի խափանման միջոցի փոփոխության հարցը։ 

Իգոր Սարգսյանի պաշտպանը հայտնել էր, որ առկա է նոր հանգամանք, իր պաշտպանյալը հետազոտվել է, և ունի բուժման կարիք։ Եվ այս պահի դրությամբ առկա չէ նրա նկատմամբ որևէ խափանման միջոց կիրառելու հիմք։

Պաշտպանը տեղեկացրել էր, որ Իգոր Սարգսյանը վերջերս ուշագնաց է եղել, նրան շտապօգնությամբ տեղափոխել են հիվանդանոց։ Ունի շաքարային դիաբետ, որը նորման 4 անգամ գերազանցում է։

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանն էլ ասել էր, որ Իգոր Սարգսյանի խափանման միջոցի իրավաչափության պայմանները էականորեն չեն փոփոխվել, այնպիսի նոր հանգամանք ի հայտ չի եկել, որը հնարավորություն կտար գտնելու, որ նրա նկատմամբ անհրաժեշություն չկա կիրառել խափանման միջոց։ Սակայն, հաշվի առնելով ներկայացված բժշկական փաստաթուղթը՝ կարծում է, որ եթե դատարանը հարկ համարի, կարող է քննարկել անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց կիրառելու հնարավորությունը։

Դատարանի որոշմամբ՝ Իգոր Սարգսյանի՝ տնային կալանքի ժամկետը լրանալուց՝ հուլիսի 25-ից հետո նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը կփոխարինվի վարչական հսկողությամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter