HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոմպրոմիսային պատժամիջոցներ. ԵՄ-ն դժվարությամբ ընդունեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը

Ավելի քան 10 օր տևած լարված բանակցություններից հետո ԵՄ անդամ պետությունների դեսպաններն ընդունեցին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր՝ 21-րդ փաթեթը։

Անհամաձայնության գլխավոր առարկան ռուսական հեղուկացված բնական գազի տեղափոխման արգելքն էր։

Դեռ հունիս ամսին Հունաստանն արգելափակել էր պատժամիջոցների նոր փաթեթի ընդունումը։ Այժմ բանակցությունների արդյունքում Հունաստանին հաջողվեց զիջումներ կորզել ԵՄ անդամ երկրներից։ 

Հունաստանին մեկ տարով թույլատրվեց ռուսական հեղուկացված բնական գազի տեղափոխումը Եվրամիությունից դուրս գտնվող երկրներ։ Սա Եվրամիությունում որակել են որպես «համերաշխության քայլ» Հունաստանի հանդեպ։

Նման դիրքորոշման գլխավոր պատճառը ծովային բեռնափոխադրումներ իրականացնող հունական Dynagas ընկերությունն է, որը պատկանում է հույն միլիարդատեր Ջորջ Պրոկոպիուին: Այս ընկերությունը մասնագիտացած է Ռուսաստանի Յամալ հանքավայրերից հեղուկացված բնական գազի փոխադրման մեջ և 2025 թվականի սկզբից ի վեր փոխադրել է ավելի քան 10 միլիոն տոննա գազ։

Պատժամիջոցների փաթեթը նաև ներառում է ռուսական 32 բանկերի հետ գործարքների արգելք, մի շարք կրիպտոարժույթային ընկերությունների և նավթային բորսաների դեմ տարբեր միջոցներ։ Reuters-ի տվյալներով՝ 94 ֆինանսական հաստատություններ, այդ թվում՝ Մոսկվայի բորսան, կենթարկվեն պատժամիջոցների։

Փաթեթում ներառված են նաև ավելի քան 50 ռազմական արդյունաբերության ձեռնարկություններ, այդ թվում՝ հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրողներ։

Նոր պատժամիջոցներ են կիրառվելու նաև էներգետիկ ոլորտում։ Մասնավորապես, Ռուսաստանի և Բելառուսի նավթավերամշակման գործարանների դեմ։ 

ԵՄ-ն նաև համաձայնել է մեկ տարով սառեցնել ռուսական նավթի գնի սահմանաչափը՝ մեկ բարելի համար սահմանելով 44.1 ԱՄՆ դոլար, ինչը շուկայական գնից 15%-ով ցածր է։ Սա, ըստ Եվրամիության, թույլ չի տալու Ռուսաստանին մեծացնել բյուջետային եկամուտները։

ԵՄ-ն պատժամիջոցների փաթեթում ներառել է նաև ռուսական «ստվերային նավատորմին» պատկանող ավելի քան 40 նավ, ներառյալ այն նավերը, որոնք, ըստ պաշտոնական Բրյուսելի, որևէ կերպ օգնում են ստվերային նավատորմին։

Գերմանիան և Պորտուգալիան, իրենց հերթին, ունեցել են որոշ անհամաձայնություններ ու ձգտել են որոշ չափով մեղմացնել ռուսական ձկան գնման սահմանափակումները։ 

Անցած ամիս Գերմանիայի Դաշնային վիճակագրական գրասենյակը զգուշացրել էր, որ պատժամիջոցները կարող են հանգեցնել գների բարձրացմանը և աշխատատեղերի կորստին: Պորտուգալիան նույնպես չի աջակցել նախաձեռնությանը: Նոր փաթեթում, ըստ երևույթին, այս թեման շրջանցվել է։

Իսկ Ֆրանսիան և Իտալիան, ի հակառակ Եվրահանձաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի ավելի խիստ դիրքորոշմանը, ցանկանում են ավելի մեղմ վիզային քաղաքականություն ռուսաստանցիների հանդեպ։

Ռուսաստանի իշխանություններն արևմտյան պատժամիջոցները համարում են ապօրինի և անարդյունավետ։ Կրեմլից բազմիցս նշել են, որ Ռուսաստանի տնտեսությունը տարիների ընթացքում ձևավորել է իմունիտետ արևմտյան պատժամիջոցների դեմ։

Հուլիսի 23, Բրյուսել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter