Դավիթ Ղազինյանի կալանքը վերացվեց
Հակակոռուպցիոն դատարանն (դատավոր՝ Լևոն Պետրոսյան) այսօր՝ հուլիսի 24-ին, վերացրեց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքով պատգամավոր ընտրված Դավիթ Ղազինյանի «կալանք» խափանման միջոցը։ Նրա փաստաբանները դատարանում պնդում էին, որ օրեր առաջ՝ հուլիսի 21-ին, Ղազինյանին տրվել է պատգամավորի մանդատ, հետևաբար ունի պատգամավորի կարգավիճակ և անձեռնմխելի է։ Նրան անձեռնամխելիությունից կարող է զրկել միայն Ազգային ժողովը։
Դատախազն առարկում էր և միջնորդում ոչ թե վերացնել խափանման միջոցը, այլ փոխարինել 1 մլրդ դրամ գրավով։
Դավիթ Ղազինյանը դատարանի դահլիճից ազատ է արձակվել։
Հիշեցնենք, որ 2026թ. հունիսի 17-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փակ նիստում քննել և բավարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը: Դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել նաև ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ, որը նույնպես բավարարվել է: Դատարանը Դավիթ Ղազինյանին 2 ամսով կալանավորելու որոշում է կայացրել:
Առաջադրված մեղադրանքն առնչվում է Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությանը, որտեղ խոսվում է Դավիթ Ղազինյանի կողմից 1,4 մլն դրամ ենթադրյալ ընտրակաշառք տալու մասին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել