ՏԿԵ նախարարը հանդիպել է Իրանի փոխնախագահին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետությունում։
«Այցի շրջանակում նախարարն այսօր հանդիպել է ԻԻՀ փոխնախագահ, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի հետ:
Նախարարը բարձր է գնահատել ԻԻՀ–ի հետ բազմաոլորտ համագործակցությունը:
Խուդաթյանն ընդգծել է՝ Հայաստանի համար ռազմավարական կարևորություն ունի Իրանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման և փոխգործակցության խորացմանն առնչվող հարցեր։
Նախարար Խուդաթյանը կարևորել է Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարության ընթացքը, ինչպես նաև Քաջարանի թունելի շինարարության մեկնարկը, որը տրվել է ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիի՝ հունիսին Հայաստան կատարած այցի շրջանակում։
ԻԻՀ փոխնախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադին, իր հերթին, կարևորել է նաև ՀՀ–ԻԻՀ միջկառավարական հանձնաժողովի դերը երկու երկրների միջև տնտեսական համագործակցության հետագա զարգացման գործում։
Հանդիպմանը հայաստանյան պատվիրակությունից մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Նարեկ Ապիտոնյանը, Քրիստինե Ղալեչյանը, ԻԻՀ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը»,-ասված է հաղորդագրության մեջ։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել