Երևանում կկազմակերպվի հայ և թուրքմեն գործարարների բիզնես ֆորում
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Թուրքմենստանի փոխվարչապետ Սապարդուրի Տոյլիևի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում մասնակցում է հայ-թուրքմենական միջկառավարական հանձնաժողովի նիստին:
«Մենք կարևոր նշանակություն ենք տալիս երկկողմ փոխհարաբերությունների զարգացմանը: Պետք է համատեղ ջանքեր գործադրենք, որ ամրապնդվեն հայ-թուրքմենական սոցիալ-տնտեսական, հումանիտար և մշակութային կապերը: Դրանք զարգացնելու չօգտագործված մեծ ներուժ է առկա, որը պետք է իրացնել ամբողջությամբ»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Նա նշել է, որ հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների ներկա մակարդակը չի համապատասխանում երկկողմ քաղաքական բարձր մակարդակի հարաբերություններին:
Այդ առումով, զրուցակիցները կարևորել են հայ-թուրքմենական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքները: Բացի դրանից՝ նախատեսվում է առաջիկայում Երևանում կազմակերպել հայ և թուրքմեն գործարարների բիզնես ֆորում, որը կնպաստի երկկողմ նոր կապերի հաստատմանն ու փոխահամագործակցության զարգացմանը:
Սապարդուրի Տոյլիևն իր հերթին վարչապետին է փոխանցել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի ջերմ ողջույնները և ընդգծել, որ իր երկիրը կարևորում է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացումը:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթերի կազմակերպմանը, գյուղատնտեսության, առողջապահության և զբոսաշրջության բնագավառներում հնարավոր ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել